ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաեւ նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` բայց բողոքարկելով նախորդ կառավարության որոշումը:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ն հուլիսի 16-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 22.03.2018թ. Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով: Կարելի է ենթադրել՝ «Քաղաք» պանդոկը (կամ առնվազն դրա աստիճանավանդակը) պատկանում է ՀՅԴ-ին, ուստի որոշել են այն փրկել հանրային գերակա շահի անվան տակ քանդվելուց: Միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն դատարան չէր դիմել ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այդ որոշման դեմ չէր դժգոհել, ընդվզել` նախկին կառավարության կազմում լինելով: Եթե իրենք էլ են համոզված եղել, որ կոալիցիայի մաս կազմելով հանդերձ իրենց բողոքը չէր բավարարվի, դատարան դիմելու դեպքում էլ վճիռը կլիներ Բաղրամյան 26-ի թելադրանքով, ապա կարող են այդ մասին խոստովանել: Իսկ մինչ այդ, նշենք, որ հուլիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել կառավարության դեմ ՀՅԴ հայցը վերադարձնել՝ դիմումում թույլ տված սխալները վերացնելու եւ կրկին ներկայացնելու համար: Այնպես որ, սպասենք այս գործով զարգացումներին:
Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով: Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում ՔՊ գրասենյակ բացել, պատրաստվում են ղեկավարել այն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՔՊ-ին անդամագրվելը նրանք եղել են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» (այժմ ՕԵԿ) կուսակցության անդամներ, ավելին՝ Առուշանյանը ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու ՀՎԿ-ից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընտրատարածքում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Առուշանյանը նշեց, թե 9 տարի աշխատել է Խաչատուրովի հետ, եւ չհերքեց, որ միացել է ՔՊ-ին. «Ես աշխատել եմ իր մոտ` 0-ից սկսած, աշխատակազմի ղեկավար եմ մինչեւ հասել: Վրաստանից են իրենք, իմ ծնողներն էլ են Վրաստանից»:
ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեւերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Միայն թե Խուդավերդյանին կարող են առաջադրել համագումարի պատվիրակները: Եւ այս օրերին, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Խուդավերդյանի հանդիպումները ԵԿՄ-ականների հետ հենց այդ նպատակն է հետապնդում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս ՈՒլիխանյանին, որն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են արտահերթ համագումարին եւ մյուս թեւի աշխատանքներին էլ չեն խոչընդոտում:
Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները: Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: Գ.Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաեւ մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որեւէ մեկնաբանություն չի լինելու»: Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեեւ ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տեւական ժամանակ «պատերազմ էր»:
ԿԻՍՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ որոշել է հիշեցնել իր մասին` այս անգամ հանդես գալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարությամբ: Հայ-ռուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին պարզագույն ճշմարտություններ շարադրելուց հետո Բաղդասարյանն ասել է, թե անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին օրերի «հակառուսական» հայտարարություններն առավել քան անհասկանալի են Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո:
Մենք չէինք անդրադառնա Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին, եթե չլիներ մի փոքր հանգամանք: ՕԵԿ նախագահին հավանաբար թվում է, թե հասարակությունը մոռացել է անցյալում իր քայլերն ու հայտարարությունները: Եւ հիմա Բաղդասարյանը փորձում է ներկայանալ «նորովի», կարծես որեւէ առնչություն չի ունեցել 1998թ. ի վեր ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներին, կարծես իրենք չէին հանդես գալիս ընդդիմության դիրքերից, բայց կարեւոր պահերին նետվում իշխանությունների գիրկը (եւ այդպես մի քանի անգամ), ու վերջապես, կարծես իրենք չէին իրենց գործողություններով մարտի 1-ի սպանդը լեգիտիմացնողներից մեկը: Այնպես որ, Արթուր Բաղդասարյանին չէր խանգարի հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու մասին գործող իշխանություններին խորհուրդներ տալուց առաջ հիշել իր առաջին հրաժարականի պատճառները:
2005թ., երբ ինքը դեռ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, հայտարարել էր, թե ՀՀ ապագան ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում է: Նրա խոսքերին սուր արձագանքեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բաղդասարյանն իշխանությունների հետ արտաքին քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառաբանությամբ հրաժարական ներկայացրեց: Քոչարյանը Բաղդասարյանի քայլերը «դավաճան դրսեւորում» էր որակել այն բանից հետո, երբ 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ բրիտանացի դիվանագետներին ՕԵԿ ղեկավարը հորդորել էր ճնշումներ բանեցնել իշխանությունների նկատմամբ:
Հավանաբար, Բաղդասարյանն այս ծանր դեպքերից դասեր է քաղել ու որոշել է իր սեփական փորձով կիսվել նոր իշխանությունների հետ: Միայն թե, համաձայնեք, առանց նրա խորհուրդների էլ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները գիտեն հավասարակշռված դիրքորոշումների անհրաժեշտության մասին պարզագույն ճշմարտությունները: Իսկ Արթուր Բաղդասարյանը ճիշտ կաներ նման հայտարարությունների, ֆեյսբուքյան ուղիղ եթերների փոխարեն նախապատրաստվեր մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հարցաքննվելուն: