ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային պատկերասրահում հայտնաբերված չարաշահումների եւ մշակույթի ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»օրաթերթը զրուցել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

-Ձեր պաշտոնավարման սկզբում Դուք նշել էիք, որ պարտքով եք աշխատում, քանի որ բավական մեծ գումար նախարարության բյուջեից արդեն իսկ ծախսված է: Հիմա ինչպե՞ս եք աշխատում, եւ որքա՞ն պարտք է կուտակվել:
-Գերածախս էր տեղի ունեցել, եւ այս կտրվածքով փորձել ենք որոշ չափով կարգավորել խնայողությունների եւ գերակայությունների առումով: Այն ծրագրերը, որ նախատեսված են եղել, բոլորն իրականացրել ենք, իսկ որոնք նախատեսված չեն եղել, փորձել ենք տվյալ անձանց հետ վերանայել նախահաշիվները եւ ըստ այդմ փորձել բալանսի բերել:
-Իսկ այս եւ այլ խնդիրների համար ո՞վ է պատասխանատվություն կրելու:
-Նման դեպքերի հետ կապված խնդիրը միայն սխալ պլանավորումն է: Դա որեւէ քրեական հետապնդման արժանի գործընթաց չէ: Այստեղ խմբավորել, դասակարգել է պետք:
-Դուք հանձնարարե՞լ եք նախարարության ներսում ստուգումներ կատարել:
-Նախարարության աուդիտի բաժնում կա 2 աշխատող: Բաժինը պատասխանատու է թե՛ նախարարության ստուգման, թե՛ արտաքին կառույցների, մասնավորապես 70 ՊՈԱԿ-ների համար: Ֆիզիկապես բաժինը չի հասցնում նման հանձնարարականների հետ կապված գործընթաց ծավալել: Եվ երկրորդը. այն վարչությունը, որ պետք է նախարարության ներսում իրականացնի ստուգումը, գործել է նաեւ նախորդ կառավարությունների պարագայում: Եվ այս դեպքում իմ մոտեցումն այն է, որ հնարավոր է ոչ օբյեկտիվ քննություն անցկացնել: Այդ է պատճառը, որ համապատասխան մարմիններին դիմել ենք, որպեսզի մենք նույնպես հերթագրվենք եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մեզ մոտ` որոշ ոլորտներում, կատարվի պրոֆեսիոնալ քննություն:
-Եթե Արմեն Ամիրյանին եւ նրանից առաջ պաշտոնավարած Հասմիկ Պողոսյանին առնչվող չարաշահումներ բացահայտվեն, Դուք ինչպե՞ս եք վարվելու:
-Բնականաբար, եթե իրավապահ մարմինները հայտնաբերեն չարաշահումներ, եւ պատասխանատուներ լինեն, այդ թվում` Ձեր նշած անձինք, նրանք պատասխանատու են օրենքի առջեւ: Այդտեղ որեւէ մեկը խոչընդոտ հանդիսանալ չի կարող, եւ չպետք է խոչընդոտի: Արդարության եւ օրինականության վերականգնման համար բոլորս հավասարաչափ պատասխանատու ենք:
-Իսկ եթե փորձեն Ձեզ դիմել, խնդրել:
-Նման բան տեղի ունենալ չի կարող: Ես որեւէ գերատեսչության, որեւէ լիազոր մարմնի աշխատանքներին խոչընդոտելու եւ միջամտելու իրավունք չունեմ եւ որեւէ մեկս չենք կարող մեկս մյուսի լիազորությունների վրա վերահսկողություն սահմանել:
-Նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներում բացահայտումների մասին բարձրաձայնվեց, մասնավորապես Ազգային պատկերասրահում 60 մլն դրամի յուրացման: Այս գործի ընթացքի հետ կապված Ձեզ ի՞նչ է հայտնի:
-Այն չարաշահումները, որ բացահայտվել են իրավապահների կողմից, այժմ գտնվում են նրանց վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է այն չարաշահումներին, որոնց մասին բարձրաձայնվում է մամուլում, մենք խնդրել ենք, որ համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեն դրան եւ ընթացք տան: Իսկ աուդիտի բաժնի հետ կապված ես արդեն նշեցի, որ դժվար է իրականացնել մանավանդ պատկերասրահի պարագայում, երբ խոսքը գնում է տարիների եւ շատ մեծ թվով նմուշների մասին: Տարիների հետաքննության աշխատանք ունենք, եւ լուրջ աուդիտորական ռեսուրսի պակաս կա:
-Պատկերասրահի կտավների վաճառքի մասին էր նաեւ խոսվում:
-Մենք որպեսզի հասկանայինք` ինչ կտավների մասին է խոսքը, որոնք են վաճառվել, այդ ընթացքում մի հետաքրքիր հանգամանքի հետ առնչվեցինք. պարզվում է` Մշակույթի նախարարությունում գոյություն չունի կտավների ցանկ` հեղինակների անուններով եւ անվանումներով: Կա միայն թիվը, որ այսքան թվով նմուշներ գոյություն ունեն: Մենք հիմա պատկերասրահից խնդրել ենք, որպեսզի մեզ տրամադրեն այդ ամբողջ ցանկը:
-Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի առնչությամբ ասվեց, որ Մարտիրոս Սարյանի կտավներն են իր մոտ հայտնաբերվել: Այս առնչությամբ ուսումնասիրություն արվե՞լ է, եւ ի՞նչ ձեւով կարող էին անհատի մոտ հայտնվել այդ թանկարժեք կտավները:
-Մեզ, իհարկե, մտահոգեց այդ հանգամանքը: Հարցում ենք ուղղել Ազգային պատկերասրահ, որպեսզի ճշտենք` արդյոք այդ կտավները որեւէ կերպ առնչություն ունեն պատկերասրահի հետ, եւ ինչ-որ փուլում ինչ-որ գործարք կատարվել է, հանձնվել են իրեն այդ կտավները, թե ոչ: Եվ պաշտոնապես պարոն Ծատուրյանից արձագանք ենք ստացել, որ այդ նմուշները որեւէ կապ չունեն Ազգային պատկերասրահի հետ: Թե ինչպես են հայտնվել կտավները Ձեր կողմից նշված անձի մոտ, ես չեմ կարող ասել: Հուսամ` քննությունը կպարզի դրանք, նաեւ հետամուտ ենք լինելու, որպեսզի նկարներն ի վերջո հայտնվեն Ազգային պատկերասրահում եւ լինեն պետական վերահսկողության տակ:
-Այսինքն` այն հանգամանքը, որ պաշտոնաթող նախագահի եղբորն է առնչվում, խնդիր չի՞ հանդիսանա Ձեզ համար:
-Եթե մենք գործ ունենք օրենքի խախտման հետ, ինչ-որ բան այնպես չի տեղի ունեցել, ինչպես կարգն է, որեւէ մեկը ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանավորներից չի կարող խոչընդոտ հանդիսանալ օրենքի գերակայությունը պահպանելու եւ ամեն ինչ իրավական դաշտ տեղափոխելու համար:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ

Սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հետաքրքիր մրցակցություն է սպասվում, ընդ որում` մասնակից ուժերը բավական շատ են լինելու: Դա է վկայում վերջին օրերի իրադարձություններն ու քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարությունները: Եվ հետաքրքիրն այն է, որ եթե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքներն էին, ապա ավագանու ընտրություններին ընդառաջ դրանք փլուզվում են:

Մասնավորապես, խոսքը «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների մասին է: Եվ չնայած վերջիններիս մաս կազմող ուժերը դեռ վերջնականապես չեն հայտարարել` ինչ ֆորմատով են մասնակցելու առաջիկա ընտրություններին, սակայն հստակ է, որ գոնե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին ամեն դեպքում կմասնակցի առանձին` իր սեփական թեկնածուով, որն ինչպես հայտնի է, դերասան Հայկ Մարությանն է: Իսկ ահա դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ ընտրություններին կմասնակցեն միասին` ունենալով որպես թեկնածու «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանին: Այս հարցի շուրջ քննարկումները վերջնական կդառնան, երբ Արամ Սարգսյանն արտերկրից կվերադառնա Հայաստան:
«Ծառուկյան» դաշինքում եւս նման իրավիճակ ստեղծվեց: Նախ նշենք, որ ի սկզբանե ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել այդ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, սակայն երեկ` մինչ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի մեկնարկը, հայտարարեց, որ չի ցանկանում մտնել պայքարի մեջ: ԲՀԿ-ն որպես քաղաքապետի թեկնածու առաջադրեց Նաիրա Զոհրաբյանին: Իսկ ահա ՀՀՇ կուսակցությունը, որի ներկայացուցիչները «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում էին, ընտրություններին կգնա առանձին` կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ: Ստացվում է` ավագանու ընտրությունները պատճառ դարձան նաեւ այս դաշինքի փլուզման: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչեւ հաջորդ տարվա մայիս սպասվում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ, ժամանակին արհեստականորեն ստեղծված այդ դաշինքների փլուզումը կարելի է եւ տրամաբանական համարել:
Առայժմ առկա է ընտրություններին մասնակցելու պատրաստ 4 ուժ. այդ մասին խոսել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ ՀՅԴ-ն: Այդ ընտրություններին մասնակցելու մասին խոսում են մի քանի մանր-մունր կուսակցություններ, որոնց անունները շատ քչերին է հայտնի՝ «Ռեֆորմիստական», «Արդարություն» եւ այլն: Սա էլ դեռ ամբողջական ցանկը չէ, եւ չի բացառվում, որ առաջիկա օրերին նոր անուններ եւս լսենք. քաղաքական դաշտում դերակատարում ունեցող մյուս կուսակցությունների մասին է խոսքը:
Իսկ մինչ այդ հիշեցնենք ընտրական շեմը. կուսակցությունների դեպքում դա 6 տոկոսն է, դաշինքների դեպքում` 8:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակիցներին խոստացել է սեպտեմբերից բարձրացնել աշխատավարձերը: Ըստ շրջանառվող լուրերի` նա այդ խոստումը տվել է այն բանից հետո, երբ մի խումբ անձինք սկսեցին նրա հրաժարականը պահանջել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից ճշտել` Վեհափառի կողմից տրված այդ խոստումը կատարվելու է, թե ոչ: Տեր Վահրամը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե այդ հարցը բացարձակ կապ չունի վերջին իրադարձությունների հետ: «Այդ հարցի հետ առնչված գործընթաց ձեռնարկվել է դեռ ամիսներ առաջ։ Հարցը քննարկման մեջ է եւ բացարձակ կապ չունի ձեր նշած տխրահռչակ գործողությունների հետ։ Դա մի քայլ է, որ պարբերաբար իրականացվում է, ինչպես ցանկացած այլ կազմակերպության մեջ։ Մայր Աթոռի պատկան կառույցները պետք է ներկայացնեն համապատասխան առաջարկներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վավերացմանը»:

 

 

ԲՌՆԵԼ ԵՆ
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»: Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ:

 

 

ՀԱՑ ՈՒՏՈՂՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա վեց ամիսների ընթացքում արտադրվել է 133 հազար 700 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`137 հազար տոննա: Պաշտոնապես, Հայաստանում հացի արտադրության ծավալները այս տարվա առաջին կիսամյակում 2.4 տոկոսով նվազել են: Ըստ որոշ մասնագետների` հացի արտադրամաս բացելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչի արդյունքում գրեթե ամեն շենքի բակում հաց թխող եւ վաճառող կա: Իսկ հացի արտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսվարողները համոզված են, որ մանրերը ստվերում են գործը: Տեսակետ է շրջանառվում, որ այս պատճառով է պաշտոնական վիճակագրությունը ծավալների անկում արձանագրում: Կա նաեւ տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ:




Լրահոս