Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: Այժմ էլ չնայած պասիվ շրջան է, սակայն ԵԿՄ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն լինում։ Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեեւերի է բաժանել:
Մասնավորապես, ԵԿՄ ակտիվն արդեն ունի իր որոշումը եւ հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարին առաջարկելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Իրականում, սակայն, այս պատմությունը խորը արմատներ ունի:
ԵԿՄ-ից նեղացածները
«Երկրապահ կամավորական միությունում» խնդիրները սկսվեցին հենց Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո: Այս փաստից ոգեւորված ազատամարտիկները, ովքեր հենց Մանվել Գրիգորյանի հետ անձնական խնդիրների պատճառով սառեցրել էին համագործակցությունն այս կառույցի հետ, որոշեցին ակտիվանալ, վերադառնալ ու «գրավել» ԵԿՄ-ն: Խոսքը մասնավորապես «Ազատամարտիկների դաշինք»-ի եւ «Սեւ Հովազ» ջոկատների մասին է` Գագիկ Մելքոնյանի եւ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ: Նրանք մտել էին ԵԿՄ վարչության շենք, հանել Մանվել Գրիգորյանի նկարը եւ այնտեղ իրենց տեր զգացել: Վերջիններս ցանկանում էին իրենք դառնալ ԵԿՄ-ի ղեկավար եւ գործող վարչության կազմին առաջարկել էին փոխել կառույցի կառուցվածքը, նախագահ չառաջադրել եւ կառավարել միայն վարչությամբ, որտեղ բնականաբար պետք է իրենք մեծ ներգրավվածություն ունենային: Սակայն ինչպես ասում են, նրանց ուրախությունը երկար չտեւեց:
Եվ չնայած ԵԿՄ գործող վարչության անդամներն ու փոխնախագահներն ակտիվ հանդիպումներ էին ունենում նշված կառույցների անդամների հետ, սակայն ինչպես հետագայում պարզվեց, վերջիններս այլ ծրագրեր ունեին: Եվ հերթական հավաքի ժամանակ նրանք հայտարարեցին, որ ԵԿՄ նախագահի թեկնածուն ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն է` Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արամ Սարգսյանն էլ իր պատրաստակամություն էր հայտնել ստանձնել այդ պաշտոնը` ասելով, որ ինքն իրավունք չունի չհամաձայնելու: Հենց այստեղից էլ սկսվեցին խնդիրները, քանի որ մի խումբ ազատամարտիկներ ու ԵԿՄ-ից հեռացած հրամատարներ միանշանակ չեն ընդունել Արամ Սարգսյանի թեկնածությունը: Եվ դա հանգեցրեց մի իրավիճակի, որ ԵԿՄ վերադարձածները նորից որոշեցին հեռանալ կառույցից:
Բայց հիմա ԵԿՄ-ից հեռացածները փորձում են վերարտադրվել Արա Խուդավերդյանի դեմքով: Մասնավորապես նրա թիմակիցները, ում «տակից» սատարում եւ ուղղորդում է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը, այս օրերին շարունակում են ակտիվ հանդիպումներ ունենալ ԵԿՄ գործող անդամների հետ, ովքեր դեռ ունեն այդ կառույցի մանդատը եւ, ըստ այդմ էլ, արտահերթ ընտրությունների ժամանակ կարող են իրենք անհրաժեշտ լինել: Եվ այդ հանդիպումների ժամանակ նրանք փորձում են ամեն կերպ համոզել, որ պետք է ընտրել Խուդավերդյանին եւ, որ Արամ Սարգսյանի պարագայում պատկերը նույնն է լինելու: Մասնավորապես նրանք իրենց ընկերներին ասում են, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցն օգտագործվելու է քաղաքական նպատակներով ինչպես նախկինում, պարզապես եթե ժամանակին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի օգտին էր գործում, հիմա էլ նոր իշխանությունների օգտին կգործի:
Միայն թե, նկատենք, որ Արայիկ Խուդավերդյանը եւ իր թիմակիցների մեծ մասը չեն հանդիսանում ԵԿՄ անդամներ եւ չունեն քվեարկության մանդատ, չեն կարող առաջադրել Խուդավերդյանի թեկնածությունը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԵԿՄ գործող անդամներին հանդիպելու հեռահար նպատակը հենց դա է: Բանն այն է, որ մինչ համագումարը պետք է ընտրվեն պատվիրակներ, որոնց աշխատանքները կմեկնարկեն մոտ տասը օրից: Եվ հենց այդ պատվիրակներն էլ կկարողանան համագումարի օրը թեկնածու առաջադրելու իրավունք ունենալ: Եվ հիմա Խուդավերդյանի թիմի անդամները ԵԿՄ-ի ներսում փորձում են իրենց համար մարդիկ գտնել, ովքեր կկարողանան պատվիրակ դառնալ, իսկ հենց իրենց միջից նոր պատվիրակ ընտրելու տարբերակն այնքան էլ հեռանկարային չէ: Եվ այս նպատակով հանդիպումներն օր օրի թեժանում են: Այնպես որ մինչ համագումարը հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ԵԿՄ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ղուկաս Ուլիխանյանին, ով նշեց, թե իրենք այժմ նախապատրաստվում են արտահերթ համագումարին եւ չեն միջամտում մյուս թեւի գործողություններին: Նա հայտնեց, թե արտահերթ համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, իսկ նախապատրաստական աշխատանքները մոտ տասն օրից ավելի կակտիվանան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տարոն Մարգարյանի` քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո Երեւանի քաղաքապետարանում կյանքը կարծես թե կանգ է առել: Եւ աշխատանքային այս անորոշությունը ոչ միայն քաղաքապետարանում է, այլեւ վարչական շրջաններում: Բանն այն է, որ քաղաքապետի հրաժարականից հետո որոշ վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը անհայտ են մնացել. չի բացառվում, որ առաջիկայում նրանք եւս հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Առիթից օգտվելով` նրանք այս ընթացքում պարապուրդի են մատնված եւ գրեթե չեն զբաղվում քաղաքի խնդիրներով: Հենց միայն աղբահանության խնդիրը, որի մասին երեւանցիները մեկ ամսից ավելի է, ինչ բարձրաձայնում են: Սակայն քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, արձագանքեց. «Նման բան չկա: Ամեն ինչ կարգին է: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատողները իրենց բնականոն հունով աշխատում են»:
ՆԱԶԻԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Տեսակետ կա, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործում հիմնական մեղավորը նրա կինն է՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը, ում ցուցումով էլ յուրացվել էր զինվորի համար հատկացված սննդամթերքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չարաշահումների հետեւում կանգնա՞ծ է Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, փաստաբանը նշեց. «Ես տղամարդ եմ եւ բացակայող կանանց մասին կարծիք չեմ հայտնում` անկախ նրանից` դա քրեական գործի հետ կապ ունի, թե ոչ: Երկրորդը` ասեմ, որ դրանք հերյուրանքներ են: Ինչպես Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր մեղքը, նույն ձեւով էլ Նազիկ Ամիրյանը չի ընդունում իր մեղքը»: Իսկ արդյոք զինվորին հատկացված սնունդը յուրացնելու մեջ մեղադրվող Գրիգորյանն ազատ արձակվելու դեպքում անվտանգության հետ կապված խնդիրներ չի՞ ունենա՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, Արսեն Մկրտչյանը նշեց. «Չեմ կարծում: Մենք այսօր մի երկրում ենք ապրում, որտեղ, փառքդ շատ, օրենքը վերականգնվել է, կարգուկանոնը կա, կան իրավապահ մարմիններ, որոնք վերահսկում են իրադրությունը, եւ ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլեւ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իրեն ազատ զգալ ՀՀ տարածքում»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ
Դատական հայց է ներկայացվել ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ին «Մառնիկ» ՍՊ ընկերությունը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պատգամավորին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է կես միլիոն դրամ: Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ պարզ չէ: Նշենք, որ գործը նախագահելու է դատավոր Ռուբեն Ափինյանը:
ԲԱՔՈՒՆ ՄԵՐԺՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երեւանի առաջարկը: «Դա ընդհանրապես անընդունելի է, եւ նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից»,-պնդել է Ադրբեջանի նախագահը: Նա նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, եւ որ Ադրբեջանում եւս խաղաղություն են ուզում: «Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչեւ մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, եւ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել. «Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը` օգտագործելով բոլոր միջոցները էլ ավելի ցնցելու Հայաստանը»:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՋՂԱՁԳՎԱԾ ԵՆ
Մոսկվային ջղաձգում են ՀՀ-ի նոր իշխանությունների գործողությունները` երկրի նախկին ղեկավարների հետապնդման հետ կապված: Հատկապես մեծ ջղաձգվածություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումը. Կրեմլում դա համարում են լուրջ հարված ռազմական դաշինքի իմիջին: Պուտինի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ հայկական իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում կազմակերպության իմիջին: Լարվածության ֆոնին կարող են խափանվել նաեւ ՀՀ-ին ռուսական զենքերի մատակարարման հարցերը: ՌԴ-ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թոփ-մենեջերներն հայտնել են, որ Երեւանին 100 միլիոն վարկի շրջանակներում զենքերի մատակարարումները մեծ հարցականի տակ են:
ԱՐԳԵԼՔ ՉԷ
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից բացակայելու համար: 2008թ. Երեւանի կայազորի պետի, ապա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից: