ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում լուրջ դժգոհությունները հնարավոր է վերածվեն բունտի: Բանն այն է, որ արդեն մեկ ամսից ավել է, ինչ դատապարտյալները հացադուլ են հայտարարել իրենց դեմ հարուցված քրեական գործերի եւ անարդարացիորեն անազատության մեջ պահելու համար: Մասնավորապես արդեն մոտ 34 օր է, ինչ «Նուբարաշեն» քկհ-ում հացադուլի մեջ է գտնվում դատապարտյալ Ռոբերտ Վելիցյանը, 25 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում Վաչագան Ավդալյանը եւ եւս մի շարք այլ դատապարտյալներ: Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում խնդիրները լուծելու առումով որեւէ քայլ չի իրականացվում, անձերն են փոխվել, սակայն դատապարտյալների կյանքում որեւէ բան չի փոխվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է «Նուբարաշեն» ՔԿՀ նորաշանակ պետ Էդուարդ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, տեղյա՞կ եք` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում:
-Ինչի՞ համար:
-Մեկ ամսից ավել է` մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, պահանջում են իրենց առողջական խնդրին ուշադրություն դարձնել, համապատասխան քայլեր իրականացնել, մի մասը պահանջում է համաներում իրականացնել եւ նման այլ խնդիրներ: Նորանշանակ պետ եք, ի՞նչ եք պատրաստվում կոնկերտ անել:
-Նման բան չկա, չգիտեմ` ինչ բունտի մասին է խոսքը, ոչ մի բունտ չի հասունանում, ու Ձեր ասածները բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ մասին է խոսքը:
-Տարիներ շարունակ բոլորը բարձրաձայնում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վիճակի մասին, Դուք տեղյակ չե՞ք, թե ՔԿՀ-ում ինչ իրավիճակ է տիրում:
-Հիմա ես շատ զբաղված եմ:
-Ի՞նչ եք անելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանդաների գործունեությունը կասեցնելու համար, դատապարտյալները բանդա են ստեղծել ու, անազատության մեջ գտնվելով, ապոհովված են համապատասխան տեխնիկայով, արդյունքում քաղաքացիներից հափշտակություններ են իրականացնում: Դուք կոնկրետ ի՞նչ եք անում այս ուղղությամբ:
-Չգիտեմ` տարիներ շարունակ ինչ է եղել, մենք աշխատում ենք:
-Կոնկրետ ո՞նց եք աշխատում, կմանրամասնե՞ք:
-Մենք պարբերաբար մեր աշխատանքն ենք անում, խցերն ենք խուզարկում, մեր աշխատանքն ենք անում, որը մեր առօրյա աշխատանքն է:
-Բոլոր ՔԿՀ պետերն էլ Ձեր պես են ասել, բայց դա իրավիճակը չի փրկում. բանդան շարունակում է գործել:
-Դուք լուծումը կտեսնեք, որ… լուծումը կտեսնեք:
-Ինչպե՞ս եք պայքարելու «զոն նայողների» դեմ, ի՞նչ եք արել նրանց դեմ, կասե՞ք:
-Ամեն ինչ անում ենք, տենց բան չկա:
-Կարո՞ղ է վախենում եք նրանցից, դրա համար եք ասում, որ նման բան չկա:
-Ոչ մի ՔԿՀ պետ էլ չի վախենում, ու նման բան չկա:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ քաղբանտարկյալ էր, կալանավայրերում տիրող կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներով էր հանդես գալիս:
-Տենց բան չի արվում, եթե եղել է, ապա հիմա դրանց դեմ էլ պայքարում ենք :
-Ինչպե՞ս եք պայքարում, ասեք, մենք էլ իմանանք:
-Դուք կտեսնեք արդյունքը:
-Ըստ մեզ հասած խոսակցությունների` ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ Դուք այնքան աչքի չընկնող անձնավորություն եք եղել, որ որեւէ մեկը Ձեզ ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, եւ Ձեզ հետ չեն էլ շփվել. ինչպե՞ս պետք է կարողանաք ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը, որը հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ի դեպ, Քրեակատարողական ծառայությունում տարածված մեկ այլ խոսակցությունների համաձայն` միգուցե Ձեզ նշանակել են մեկ բանի համար, որ որեւէ կլանի չեք պատկանում: Հիմա կասե՞ք` Ձեր ո՞ր արժանիքի համար Ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակեցին:
-Նշանակվեց իր անկեղծ ու մաքուր աշխատանքի շնորհիվ: Ուրեմն ոչ մի կլանի չեմ պատկանում, ով ինձ ճանաչում է, ճանաչում է որպես ազնիվ, մաքուր մարդ, դրա համար էլ նշանակեցին:
-Այսինքն` մյուսները այդքան էլ ազնիվ, մաքուր չէին, դրա համար հանեցին:
-Լավ էլի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՓԱԿԱՆ
ՀՀ դատական համակարգը սահմանափակեց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի աղմկահարույց քրեական գործը լուսաբանելու հետագա ընթացքը: Ինչպես հայտնի է, օրերս դատարան էր ուղարկվել Տիգրան Առաքելյանի ու իր գործընկեր Հայկ Սարգսյանի դեմ խարդախության հատկանիշներով գործը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության` Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ: Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել: Ի սկզբանե այս գործը երբ ուղարկվել էր դատարան, ինֆորմացիան սահմանփակված չէր, թե երբ տեղի կունենա դատական նիստը կամ առհասարակ, որ փուլում է գտնվում քրեական գործը, սակայն երեկ դատական տեղեկատվական համակարգից պարզ դարձավ, որ սույն քրեական գործի դիմաց փական է դրված, եւ ինֆորմացիան սահմանափակել են: Միգուցե այս քայլին գնացել են` հաշվի առնելով, որ քրեական գործում առկա է նախկին պատգամավորի անձի մասին արատավորող տեղեկություններ:

 

ՆՈՐ ՀԱՅՑԵՐ
Ժամկետային զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գրառում կատարելու շուրջ դատական վեճերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին նոր հայցեր են ներկայացվում դատարան զինգրքույկներում գրառում կատարելու մասով: Ինչպես հայտնի է, 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել` հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել:
Արդյունքում, բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` օգոստոսի 8-ին Հայկ Գեւորգյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի Կոտայքի զինվորական կոմիսարիատին 2016թ ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների մասնակցի վերաբերյալ զինգրքույկում գրառում կատարի:

 

 

ՍԵՐՏ ԿԱՊ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ի պատասխան լրագրողի խնդրանքի, մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը իր եւ «Սորոսի հիմնադրամ»-ի միջեւ սերտ կապի մասին, ասել է. «Այո՛, Դավիթ Խաչատրյանն իմ եղբայրն է»: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում շրջանառվում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ «Սորոսի հիմնադրամ»-ի կապի մասին լուրեր, քանի որ ՀՔԾ պետը հանդիսանում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը: «Հիմարություններ չեմ մեկնաբանում»,-ասել է Սասուն Խաչատրյանը` անդրադառնալով պնդումներին, թե իր գործունեության վրա դա ազդում է:

 

 

ՄՈՏ 2400 ԵՎՐՈ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները կատարելու նպատակով երեկ Կառավարությունը իր պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացրել է 2 410 եվրոյին համարժեք դրամ: Այն ներառված էր օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ: ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018թ. մարտի 29-ի վճռի համաձայն` ՀՀ դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 29-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 29-ն է:

 

 

15 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու դեպքերի առթիվ: 2018թ. հուլիսի 27-ին եւ 28-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչեւ 2018թ.` տարբեր ժամանակահատվածներում, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու եւ տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել եւ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն` որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

 

 

ԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել: «Կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Ստեփանավանի բկ է տեղափոխվել 1988թ. ծնված Լուսինե Գ.-ն եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետեւանքով: Նույն օրը կամավոր բաժին է ներկայացել 1974թ. ծնված Խաչիկ Խ.-ն եւ հայտնել, որ նախկին կնոջ` Լուսինե Գ.-ի տանը խանդի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ:

 

 

ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Անապայում 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քաղաքացուն սպանելու համար: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով` 36-ամյա տղամարդը Անապա էր մեկնել հանգստանալու: Հարբած վիճակում նա մոտեցել է 43-ամյա անծանոթ տղամարդուն, որը սրճարանի աշխատակիցներից է եղել: Նրա հետ խոսակցության ժամանակ նրանց միջեւ կոնֆլիկտ է ծագել: Հանգստացողը վերցրել է դանակը եւ բազում հարվածներ հասցրել աշխատողին: Ստացած վնասվածքներից տուժողը տեղում մահացել է:




Լրահոս