ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԾԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին: Խոսելով Քոչարյանի` վկայի կարգավիճակով հարցաքննության կանչվելու, ապա որպես մեղադրյալ հարցաքննվելու հարցի շուրջ` ՀՔԾ պետն ասել է. «Ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան, եւ անձի կարգավիճակը գնահատվում է ապացույցների համակցության հիման վրա: Խախտում չկա: Անմիջապես, երբ պետք է քննչական գործողություններ կատարվեին, ասվել է, որ նա արդեն ունի մեղադրյալի կարգավիճակ: Եթե նա հարցաքննվեր որպես վկա, ապա կլիներ խախտում»:

Անդրադառնալով խնդրին, թե որքանով է կալանքը հիմնավոր` Սասուն Խաչատրյանը նշել է. «Խափանման միջոցն ընտրվում է` ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովի պատշաճ վարքագիծը: Թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագիծն ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է: Բայց մոռացվում է, որ դրա բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակից անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարեւոր նախապայմանից ելնելով` ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է այս պահին, որպեսզի մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, եւ բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի մասնակիցների վրա»:
ՀՔԾ պետի` Քոչարյանին կալանքի տակ թողնելու անհրաժեշտության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի հետ: Հարցին` ի՞նչ կարծիք ունի ՀՔԾ պետի հայտարարության մասին, որտեղ նա նշել է, որ այս պահին անհրաժեշտ է համարում Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելը, Սահակյանը նշեց. «Ես կասեմ հակառակը. բացարձակ անհրաժեշտություն չի, հիմքերը բավարար չեն, հիմնավոր կասկածը բավարար չի: Հիմքեր ընդհանրապես չկան»: Դիտարկմանը, թե դա բացատրվում է վարույթին մասնակից անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելու համար, փաստաբանն ասաց. «Գիտե՞ք ինչ, բոլոր գործերով այդ հիմքը կա` հենց այդ նույն ձեւակերպումներով: Չկա այդպիսի գործ, որ նույն ձեւակերպումներով չօգտագործվի այդ հիմքը: Դա նշանակում է, որ ոչ մի գործով անձի նկատմամբ չի կարող ընտրվել խափանման միջոց, որը կապված չէ ազատազրկման հետ»: Պետք է արձանագրել, սակայն, որ այս գործն, անշուշտ, տարբերվում է մնացած բոլոր գործերից թեկուզ այն հանգամանքով, որ մեղադրանք է առաջադրված պաշտոնաթող նախագահին: Այս համատեքստում փաստաբանը չի կարծում, որ Քոչարյանի` այլ անձանց վրա հնարավոր ներգործությունից խուսափելու խնդիր կա: Հարցին` այժմ հնարավորություն տեսնում է, որպեսզի պատգամավորների ներկայացրած երաշխավորության հիմքով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա ազատ արձակվի, փաստաբանը նշեց. «Ես չգիտեմ` ով է որոշումը կայացնելու. դատավորը, թե … Դատավորն է որոշում կայացնելու, թե քաղաքական որոշում է լինելու»: Եթե Քոչարյանին ազատ չարձակեն, փաստաբանի համոզմամբ` դա կարող է դիտվել որպես քաղաքական հետապնդում, ուրիշ ոչինչ: Նշենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի հինգ պաշտպաններից ոմանք տեսակցել են նրան: Ռուբեն Սահակյանը նրանց թվում չի եղել: Բայց Քոչարյանի տրամադրությունների մասին նա նշեց. «Չեմ հավատում, որ նա ինչ-որ բանում իրեն մեղավոր համարի: Ոչ թե նրա համար, որ մեղավոր է եւ պրակտիկայում բոլորն ասում են` մենք մեղավոր չենք, այլ ինքն իրեն համարում է անմեղ, եւ ես իրեն հետ համաձայնում եմ: Էլ չեմ խոսում անձեռնմխելիության եւ մյուս հարցերի մասին»: Փաստաբանը վստահ է, որ պաշտոնաթող նախագահ Քոչարյանի կալանավորումն անօրինական է. «Այո, եւ ինձ չի հետաքրքրում պաշտոնաթող նախագահ, ինձ հետաքրքրում է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: Ինձ համար տարբերություն չկա` պաշտոնաթող նախագահ է, սովորական քաղաքացի է, վարորդ է, ինժեներ է, թե ինչ»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ն ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկային վճարումները: Պատճառը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակն է, երբ նոր կառավարությունը ստվերի կրճատման ուղղությամբ լուրջ քայլեր է սկսել անել:

«Ժողովուրդ» օրաթերթը պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 830 մլն 104 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության պետական բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 664 մլն 58 հազար 200 դրամ: Ստացվում է, որ 166 մլն 46 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը պետական բյուջե վճարել է 253 մլն 720 հազար 500 դրամ հարկ ու տուրք:
Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանի հետ է առնչվում «Քեթրին» հասարակական կազմակերպությունը: Իսկ Պողոսյանը պատգամավոր դառնալուց մոտ մեկ տարի առաջ հեռացել էր ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից «Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային հայտնի սկանդալից հետո. ԴԱՀԿ նախկին պետը, օգտագործելով իր պաշտոնը, օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել ու թաքցրել եկամուտները, չնայած Պողոսյանն ինքը հերքել է այս լուրերը: Նախկին իշխանությունների օրոք այս կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց: Սակայն նոր իշխանությունները հայտարարեցին այդ գործը վերաբացելու մտադրությունների մասին:
Մինչ այդ, նկատենք նաեւ՝ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է հենց «Քեթրին գրուպ» ընկերությանը: Ըստ որոշ տեղեկությունների` բանանի ներկրմամբ սկսել է զբաղվել նաեւ «Մելատրոպիկ» ընկերությունը, որը փոխկապակցված է «Քեթրին գրուպ»-ի հետ: Սակայն «Մելատրոպիկ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի զբաղեցրել: Ի դեպ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպ»-ի ու փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Նշենք, որ այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ: Ըստ ՊԵԿ-ի` դեռեւս 2018 թվականի մայիս ամսին արեւադարձային մրգերի ներկրմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաեւ «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Արդյունքում ՊԵԿ-ը նշված ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ է սկսելու: Հավանաբար հենց ստուգումներ իրականացնելու վերաբերյալ տեղեկություններն են ստիպել ընկերությանը, որպեսզի հարկերը ավելացնի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՅՑԵՐ ՇՊՀ-ՈՒՄ
Շիրակի պետական համալսարանում ամիսներ շարունակ հնչեցված փոխադարձ մեղադրանքները հասել են դատարան: Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատված երկու դասախոսները դեռ երեք ամիս առաջ դատարան դիմեցին վերականգնելու իրենց աշխատանքային իրավունքը: Երկու դասախոսներն էլ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, աշխատանքից ազատվեցին, երբ սկսեցին սոցցանցերում խոսել ՇՊՀ-ում չարաշահումների մասին: Այժմ քննվում է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի նախկին պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Հայցվոր կողմը վիճարկում էր համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու պահանջում չեղյալ հայտարարել անօրինական որոշումն ու վերականգնել իր իրավունքներն ու հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները: Դատական նիստը կայացել է հայցվոր կողմի բացակայությամբ: Խորիկյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց բոլոր փաստաթղթերն ու համացանցում տեղ գտած հրապարակումները:
Հովհաննես Խորիկյանի ազատման որոշումը կայացրել է գիտխորհուրդը: Խորիկյանը, սակայն, պնդում է` դրա իրավունքը գիտխորհուրդը չուներ: «Այդպիսի օրենք չկա, որ գիտական խորհուրդը պետք է քննության վերցնի դասախոսին աշխատանքի ընդունման կամ ազատման խնդիրը: Դասախոսի անմիջական գործատուն ռեկտորն է: Ես ռեկտորի հետ եմ պայմանագիր կնքել, իմ եւ գործատուի իրավահարաբերությունները կարգավորվում են ներքին կարգապահական կանոնակարգով»,- ասել էր նա: Ի դեպ, դատարանն արդեն բավարարել է աշխատանքից ազատված դասախոսներից Գագիկ Համբարյանի հայցը` նրան վերականգնելով նախկին աշխատանքին:
ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմայանն էլ բողոքարկել էր իրեն աշխատանքից ազատման որոշումը: Որոշումը կայարել էր ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը: Ռեկտորի եւ պրոռեկտորի միջեւ լարված հարաբերությունները պայամանավորված էին այն բանով, որ պրոռեկտորը պաշտպանում էր ազատված դասախոսներին: Գործը այժմ քննվում է:
Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն էլ անգործ նստած չէ. վերջինս էլ հուլիսի 25-ին դատարան է դիմել մեղադրանքով, որ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառումներով վարկաբեկել է իրեն: Սահակ Մինասյանը պահանջում է վիրավորելու համար ներողություն խնդրել եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 միլիոն դրամ: Գագիկ Համբարյանն էլ դատարան կներկայանա հակընդդեմ հայցով:
Շիրակի պետական համալսարանում այժմ մի քանի քրեական գործ է հարուցված: Հիմքը բացահայտված չարաշահումներն են, որոնք կապված են թե՛՛ Սահակ Մինասյանի անձի, թե՛ ազատված աշխատակիցների հետ:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս