Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում անմիջական հարեւան երկրների հետ առեւտուրը` ընդհանուր առեւտրաշրջանառության հազիվ 11-12 տոկոսը: Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը միայն Թուրքիայի եւ Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը:
Նախորդ տարվա ընթացքում հարեւան Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 4.1 տոկոսը, Վրաստանի հետ` 4 տոկոսը, Թուրքիայի հետ` 3.6 տոկոսը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Իրանի Իսլամական Հանրապետության հետ այս տարվա առաջին կիսամյակում առեւտուրը ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշռում 4.4 տոկոս է կազմել, Թուրքիայի հետ` 3.1 տոկոս: Իսկ ահա Վրաստանի դեպքում այն նվազել է` կազմելով 1.8 տոկոս: Մասնագետների պնդմամբ` այս ցուցանիշներն այնքան էլ լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետեւ ընդունված է համարել, որ անմիջական հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը սովորաբար պետք է կազմի ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մեզ մոտ այն զիջում է մի քանի անգամ: Անմիջական հարեւանների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի է: Պատճառները քաղաքական են. հարեւաններից երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չունենք հարաբերություններ: Եթե Թուրքիայից դեռ հնարավոր է ներկրել, այդ երկիր ապրանք արտահանել, ապա Ադրբեջանի մասին ավելորդ է խոսել. ԼՂ հակամարտության պատճառով այդ երկրի հետ բացարձակ որեւէ շփում չկա: Վրաստանն ու ՀՀ-ն տարբեր տնտեսական միավորումների մեջ են. ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը շարունակում է քաղաքական խնդիրներ ունենալ ԵԱՏՄ-ի, մասնավորապես` ՌԴ-ի հետ` բռնելով եվրոինտեգրացիայի ուղին: Իրանի հետ հարաբերություններն էլ յուրօրինակ են, քանի որ այդ երկիրը յուրօրինակ տնտեսական կառուցվածք ունի:
Իհարկե, Հայաստանի արտաքին առեւտուրը Իրանի հետ առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի ավելացել է. եթե անցած տարվա հունվար-հունիսին արտաքին առեւտուրը կազմել է 109 մլն 771 հազար 600 դոլար, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակում`154 մլն 578 հազար 700 դոլար:
Բայց Վրաստանի մասով պատկերը հակառակն է. այս դեպքում արտաքին առեւտրի ծավալները զգալի նվազել են`46 մլն 537 հազար 900 դոլարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի հետ արտաքին առեւտուրը կազմել է 61 մլն 59 հազար 700 դոլար` անցած տարվա 107 մլն 597 հազար 900 դոլարի դիմաց: Ըստ ամենայնի, այստեղ որոշակի դեր ունի ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելն ու Վրաստանի եվրոինտեգրացիոն գործընթացները, երբ մաքսային տարբեր չափանիշներով են գործում:
Թուրքիայի հետ եւս ունենք առեւտրաշրջանառություն, թեեւ քաղաքական հարաբերությունները բացակայում են, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ: Ըստ վիճակագրական կոմիտեի` Թուրքիայի հետ արտաքին առեւտուրն ավելացել է 10 մլն 577 հազար դոլարի չափով. եթե անցած տարի Թուրքիայի հետ արտաքին առեւտուրը կազմել է 97 մլն 816 հազար 500 դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` 108 մլն 393 հազար 600 դոլար: Բայց մյուս կողմից ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ տեսակար կշիռը նվազել է. այս տարվա հունվար-հունիսին այն կազմել է 3.1 տոկոս` նախորդ տարվա 3.6-ի փոխարեն: Դե իսկ Ադրբեջանի հետ իսպառ բացակայում են հարաբերությունները՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական:
Ինչեւէ, Հայաստանն այս տարիներին նախկին իշխանությունների ապիկարության պատճառով չի կարողացել լիարժեք օգտագործել եղած հնարավորություններն ու մրցունակ ապրանքներ ներկայացնել նրանց: Հուսանք, նոր իշխանությունների օրոք այս հարցում արմատական փոփոխություններ կարվեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՍՏԱՏԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Երեկ Կառավարությունը հաստատել է Սերժ Սարգսյանի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը: Մասնավորապես, կարգով սահմանվում են պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների տրամադրման ուղղությունները, գրասենյակի գործունեության ֆինանսավորման աղբյուրը, գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, գրասենյակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը:
Ըստ հիմնավորման` Հանրապետության պաշտոնաթող նախագահներին, ըստ իրենց ցանկության, տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաեւ գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչեւ երեք հաստիքային միավոր: Ներկայումս Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինանսավորման միասնական կարգ: Այսինքն` այդ գրասենյակների ֆինանսավորման գործունեությունը կանոնակարգված չէ: Նշենք, որ այս հարցը ներառված էր օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ:
370.8 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Կառավարության նիստի ընթացքում որոշում է ընդունվել, որ ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաեւ «Հելլո» ՍՊԸ-ն: ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն դրամի ներդրում: «Մինչեւ 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ 106 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ»,-ասել է Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինելու դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ: «Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարեւոր խնդիրը, որ պետք է լուծենք, նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք»,-ասել է Ն. Փաշինյանը:
4 ՄԼՐԴ 230 ՄԼՆ ԴՐԱՄ
Գյուղացիական վարկերի գծով տույժ-տուգանքների չեղյալ հայտարարելու հաշվարկները բանկերը կատարել են, ընդհանուր հաշվով դրանք կազմել են շուրջ 4 մլրդ 230 մլն, որոնցից մեծամասնությունը մի բանկի կողմից տրված վարկով են հաշվարկվել. կառավարության նիստից հետո ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Բանկերը հաշվարկ են արել, սկսվել է գործընթացը, ուղղակի պետք է եւս մեկ անգամ հստակեցնել, որ խոսքը միայն տույժ-տուգանքների մասին է, մայր գումարների եւ տոկոսների սպասարկումը պետք է մնա այնպես, ինչպես նախնական պայմանագրով նախատեսված է եղել»,-շեշտել է նախարարը:
Ա. Խաչատրյանը խոսել է նաեւ ծիրանի արտահանումից: «Անցյալ ամբողջ տարին մենք արտահանել ենք 28 հազար 884 տոննա ծիրան, երեկվա դրությամբ մենք արդեն արտահանել ենք ավելի քան 50 հազար տոննա, այսինքն` միայն ծիրան արտահանվել է 78 տոկոսով ավելի: Սեզոնն արդեն վերջանալու վրա է, հիմնականում արտահանվում է սառնարաններում պահված ծիրանը: Մոտ 70 տոկոսով արտահանվել է արդեն, բայց մենք դեռ ունենք խաղող ու աշնանային մրգեր: Եթե ջուր լինի, գյուղատնտեսության տեսանկյունից լավ տարի է »,-ասել է նա:
Ըստ նախարարի` կարկուտն էլ, համեմատած նախորդ տարվա, շատ վնաս չի հասցրել: «Անցյալ տարի 10 միլիարդից ավելի է կազմել կարկտահարության վնասները, այս տարի 5.5 տոննայի կարգի է»,- նշել է նա: