«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Իրինա Դանիելյանը: Նա անդրադարձել է անձնական եւ մասնագիտական թեմաների, պատասխանել է հարցին, թե ինչ կաներ, եթե պարզեր, որ հավիտենական կյանք կա: Դերասանուհին անկեղծացել է՝ խոսելով իր ժառանգած եւ ձեռքբերովի հատկությունների մասին, որոնցով հպարտանում է: Մեր զրուցակիցը նշել է, որ նախընտրում է ապրել նախօրոք գծագրված գրաֆիկով, բայց միայն իր հարազատ քաղաքում:
-Շաբաթվա սիրելի օրը:
-Բոլոր օրերն էլ սիրում եմ:
-Ձեզ սովորաբար ոգեշնչում են…
-Հումորով, խելացի եւ ուժեղ մարդիկ:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում՝ առանց…
-Երաժշտության:
-Ապրել՝ նախօրոք գծագրված գրաֆիկո՞վ, թե՞ չպլանավորված կյանքով:
-Ես պլանավորված եմ ապրում, իհարկե, ամեն ժամը չէ, բայց ինչ-որ չափով դասավորում եմ օրս:
-Անտարբեր եք այն մարդկանց հանդեպ, որոնք…
-Իմ պատկերացմամբ անհետաքրքիր են:
-Սոցցանցերում ընկերների ցանկից միանգամից հեռացնում եք այն անձանց, որոնք…
-Ես ոչ ոքի չեմ հեռացնում: Ով ինձ դուր չի գալիս, հեռու եմ պահում ինձնից եւ համապատասխան եզրակացություններ անում:
-Շարունակեք միտքը. «Կյանքում ամեն բան հարաբերական է, բայց…»
-Երեւի, ամեն դեպքում, կան հարյուր տոկոսանոց հասկացություններ:
-Սիրով կապրեիք…
-Միայն իմ երկրում եւ ընդմիշտ:
-Հարուստ թոռնե՞ր, թե՞ բարձր թոշակ:
-Հարուստ թոռներ, որ ե՛ւ իրենց համար լավ լինի, ե՛ւ իմ (ծիծաղում է):
-Մարդուն առաջնային դատում եք այն բանով, թե…
-Ինչպես է նա արտահայտվում ուրիշների մասին, ոչ թե իր:
-Ձեր կյանքի դժվարին պահերին Ձեր կողքին միշտ եղել են…
-Աշխատում եմ միայնակ հաղթահարել այդ պահերը, բայց մտերիմներս, ընկերներս միշտ էլ եղել են եւ լինում են կողքիս:
-Կնոջ ամենագլխավոր հատկությունը:
-Իմաստությունը:
-Ձեզ հիացմունք է պատճառել քաղաքական ո՞ր գործիչը:
-Չեմ կարողանա անուն տալ, որովհետեւ երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ: Վերջին շրջանում նոր սկսել եմ հետաքրքրություն ցուցաբերել: Իսկ, առհասարակ, չեմ կարծում, թե որեւէ մեկով առանձնակի կհիանամ, քանի որ այդ ոլորտը շատ մաքուր լինել չի կարող:
-Գրողներից ո՞ւմ հետ կցանկանայիք սրճել:
-Նրա հետ, ում այդ պահին ընթերցում եմ:
-Եթե պարզվի, որ կա հավիտենական կյանք…
-Կհրաժարվեմ մահից հետո իմ օրգանները որպես դոնոր որեւէ մեկին հանձնելու մտքից:
-Հպարտության առարկա, որը տրվել է ի վերուստ, եւ որը ձեռք եք բերել:
-Չգիտեմ` ի վերուստ, թե գենետիկորեն, օժտված եմ բարի կամքով, դրա արդյունքում էլ ձեռք եմ բերել իմ հանդեպ սեր:
-Ռեժիսոր, որի ֆիլմերը տպավորել են:
-Դժվար է ասել: Դրանք հիմնականում արտերկրացի ռեժիսորներ են, բայց, սովորաբար, անուններ չեմ հիշում:
-Երեւանի ամենասիրուն անկյունը:
-Իմ տունն ու պատշգամբը: Ապրում եմ Կենտրոն համայնքում, եւ մեր բակը տարիներ շարունակ ճանաչվել է լավագույնը մեր համայնքում: Այն կանաչապատ է ու սիրուն: Իսկ, առհասարակ, սիրում եմ քաղաքիս ամեն անկյունը:
-Եթե ընտրության առաջ կանգնած լինեիք՝ կնախընտրեք լինել Ձեր տղամարդու սրտի տա՞նը, թե՞ տան սրտում:
-Երեւի սրտի տանը լինելը ավելի կարեւոր է, ես կնախընտրեի լինել նրա սրտի տանը եւ իմ տան սրտում:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՍ ՈՉ ՄԻ ՎՐԵԺ ԿԱՄ ՎԵՆԴԵՏԱ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
«Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարությունից: Վարչապետը կարծես թե ուզում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում. նախկինում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:
Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գալիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնալից ուղով է գնում: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականացվում, դերասանը պատասխանեց. «Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդետա չեմ տեսնում: Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բացահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:
Դերասանն անդրադարձավ նաեւ մշակույթի ոլորտին: Այս պարագայում, սակայն, պարոն Սարգսյանն այնքան էլ գոհ չէ տիրող իրավիճակից. «Կուզեի, որ մշակույթի նախարարը հասկանար ոչ միայն քաղաքականությունից, այլեւ արվեստից: Նախարար լինելը պարտականություն է, ծառայություն: Բայց առայժմ այս բնագավառում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում: Մշակույթի նախարարը կարծես թե այնքան էլ լավ չի պատկերացնում իր անելիքները: Նախարար փաստաթղթերով չեն դառնում, այլ արած գործերով: Այս ոլորտում եւս արածների եւ հատկապես չարածների համար պետք է մարդիկ պատասխանատվություն կրեն»,-եզրափակեց դերասանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովը: Օրակարգի կետերից մեկը եղել է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Գործող նախագահ Արթուր Գեւորգյանն ընտրվել է 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով: Հիշեցնենք, որ Գեւորգյանը ՀԲՖ-ն ղեկավարում է 2013 թվականից:
1 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Արցախը» 1 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի հետ. այս մասին տեղեկացրել է երեւանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Ֆուտբոլիստը, որի իրավունքները պատկանում են «Փյունիկ»-ին, Բարձրագույն խմբի նորեկի կազմում հանդես կգա վարձակալության հիմունքներով:
Հիշեցնենք, որ «Արցախ»-ը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության իր նորամուտի հանդիպումը կանցկացնի օգոստոսի 11-ին` նախկին «Միկա» մարզադաշտում հյուրընկալելով «Բանանց»-ին:
ՎՐՍԱԼԿՈՆ` «ԻՆՏԵՐ»-ՈՒՄ
«Ինտեր»-ը պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Աթլետիկո»-ի պաշտպան Շիմե Վրսալկոյին տեղափոխության մասին: 2018-19թթ. մրցաշրջանում Վրսալկոն վարձակալությամբ հանդես կգա «Ինտեր»-ում, որից հետո իտալական ակումբը կունենա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Վրսալկոյի վարձակալության համար «Ինտեր»-ը վճարել է 6,5 միլիոն եվրո, իսկ տրանսֆերը կարող է գնել 17,5 միլիոն եվրոյով:
Հավելենք, որ Խորվաթիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձած Վրսալկոն Իսպանիայի նախորդ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, կատարել է 4 գոլային փոխանցում:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թուրինի «Յուվենտուս»-ն ամերիկյան Ատլանտայում ընկերական հանդիպում է անցկացրել MLS-ի աստղերի թիմի հետ եւ հաղթել հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: MLS-ի աստղերի թիմի կազմից բացակայել են «Լոս Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եւ «Դի Սի Յունայթեդ»-ի նորեկ Ուեյն Ռունին: