«Ովքեր պետությունից գումարներ են գողացել` պետք է կանգնեն օրենքի առջև»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՆ մատակարարումների ոլորտում խոշոր չափերի յուրացման փաստերով: Գործը հարուցվել էր վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների եւ տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա: Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն` ՀՀ-ում գործող շուրջ 10 առեւտրային ընկերություններ 2009-2017 թթ. ընթացքում Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 մլրդ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ եւ սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների` մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ: Երկրում կոռուպցիոն բացահայտումների ընթացքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, այս պահի դրությամբ ի՞նչ չափի գումար եք կարողացել վեր հանել Ձեր աշխատանքի արդյունքում:

-10 մլրդ դրամն է ՊՆ-ին առնչվող չարաշահումների գործով, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Խոսքը պայմանագրային ժամկետները խախտելու հիմքով չմատակարարելու, իրական գներից ավելի բարձր գներով սպառազինություն մատակարարելու մասին է:

-Հիմա ի՞նչ աշխատանքներով եք զբաղված:

-Հիմա տասից ավելի գործեր կան, որոնց հետ կապված տեղեկատվության, փաստաթղթերի հավաքագրման գործընթաց է ընթանում: Ընկերությունները չեմ նշի, քանի որ դա գործի ընթացքին կարող է խանգարել: Հիմա ուսումնասիրություն ենք կատարում եւ նախապես անուն եթե հրապարակենք, կարող են քողարկել որոշ տվյալներ, որոնք մեզ պետք էին գալու: Հետեւաբար անուն չեմ նշի, բայց աշխատանքը շարունակվում է:

-Իսկ այդ ընկերությունների սեփականատերերի մեջ նախկին կամ ներկայիս պաշտոնյաներ, հայտնի անձինք կա՞ն:

-Այդ հարցին պատասխանել չեմ կարող:

-Իսկ այս ընթացքում չե՞ն փորձել Ձեզ վրա ճնշում գործադրել, փորձել ազդել, որպեսզի այս կամ այն ընկերության առնչությամբ ուսումնասիրություն չկատարեք:

-Ո՛չ, իհարկե ո՛չ: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ում կարելի է վախեցնել: Դրանք ոչ թե խոսքեր են, այլ նախկինում ծավալած գործունեությունը դա է վկայում: Ու հիմա առավել եւս, երբ ծառայում ենք պետությանը, որեւէ արտառոց բան չի գրանցվել: Իսկ եթե արտառոց որեւէ բան գրանցվի, իրավապահներն այդ մասին կիմանան եւ կզբաղվեն այդ հարցով:

-Վարչապետն ի՞նչ խնդիր է դրել Ձեր առջեւ:

-Խնդիրը պարզ է. երկրում համատարած կոռուպցիա է տիրում, եւ կոռուպցիան արմատախիլ անելն է խնդիրը: Անընդհատ աշխատանքներ են տարվում, եւ ես պարբերաբար համագործակցում եմ ԱԱԾ-ի, քննչական վարչության, Քննչական կոմիտեի, ՊԵԿ քննչական բաժնի աշխատակիցների հետ: Նյութեր եմ ուղարկում, այնուհետեւ տեղեկանում եմ, թե ինչ ընթացքում են գտնվում դրանք: Առաջիկայում միգուցե եթե այդ կառույցների հետ կապված հիմքեր լինեն քրեական գործեր հարուցելու, կլսեք:

-Կա՞ն անձինք, որոնց չեք անդրադառնալու նախկին կամ ներկա պաշտոնյաներից:

-Ո՛չ:

-Այսպես ասած` փակ հաստատություններ կամ փակ անձինք չկա՞ն:

-Ո՛չ: Բոլոր նրանք, ովքեր պետությունից ինչ-որ գումարներ են գողացել, նրանք պետք է կանգնեն օրենքի առջեւ պատասխանատվության: Ես ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալները տրամադրում եմ իրավապահներին:

Իրենք ուսումնասիրում են դրանք եւ եթե հիմքեր են տեսնում քրեական գործ հարուցելու, հարուցվում է քրեական գործ: Այդպես եղավ Ազգային անվտանգության ծառայության պարագայում. իմ տված տվյալների եւ փաստաթղթերի հիման վրա գործեր հարուցվեցին: Այսինքն` Քննչական կոմիտեն ուսումնասիրեց, գտավ, որ հիմքեր կան, եւ գործը հարուցվեց: Եթե հիմքեր չլինեին, գործ չէր հարուցվի:

-Եղե՞լ է, որ ուսումնասիրության ընթացքում որեւէ ընկերություն տեղեկանա այդ մասին եւ փորձի տվյալներ կոծկել:

-Ինֆորմացիայի արտահոսք դեռեւս չի եղել:




Լրահոս