Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել իր նախորդի՝ ամեն քայլափոխին մեդալներ բաժանելու քաղաքականությունը: Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը օգոստոսի 9-ին պայմանագիր է կնքել Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերության հետ եւ մեդալներ գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 130 հատ մեդալի համար նախագահի աշխատակազմը ծախսել է 3 մլն 156 հազար դրամ: Նկատենք, որ գնվել է 50 հատ մարտական ծառայության մեդալ, որոնց համար ընդհանուր ծախսվել է 1 մլն 245 հազար դրամ, 50 հատ «Մովսես Խորենացի» մեդալի համար`595 հազար դրամ, 30 հատ ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանի համար` 564 հազար դրամ: Բացի այս, պարզվում է` նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է բրոնզափառ պղնձից կրծքանշաններով պարգեւատրել նաեւ լրագրողներին: ՀՀ վաստակավոր լրագրող կրծքանշան նախագահի աշխատակազմը գնել է 20 հատ` յուրաքանաչյուրը 18 հազար 800 դրամով, ընդհանուր ծախսվել է 376 հազար դրամ: Իսկ 20 հատ երախտագիտության մեդալի համար ծախսվել է 376 հազար դրամ:
Ավելի ուշ նախագահականի մամուլի ծառայությունից պարզաբանեցին.
«Հայաստանի Հանրապետության պետական տոների կապակցությամբ Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներ են շնորհվում տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող, ինչպես նաեւ ակնառու այլ ծառայություններ մատուցած անձանց:
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության նախագահը՝ ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա:
Հաշվի առնելով, որ այս տարի Անկախության տոնին նման միջոցառում նախատեսվում է, ՀՀ նախագահի աշխատակազմն արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան մեդալների այն նվազագույն քանակը, որոնք անհրաժեշտ են տոնի կապակցությամբ կատարվող պարգեւատրումների համար»: