Քաղաքական դաշտի կարեւորագույն հարցերից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Թեեւ տեսակետ կա, որ լավ է արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա աշնանը, սակայն զուտ ֆորմալ տեսանկյունից թեկուզ կազմակերպչական առումով, կարծես թե, քննարկվող տարբերակը ռեալ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Դանիել Իոաննիսյանն այս առնչությամբ նշեց. «Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին հրապարակել ԸՕ հայեցակարգը, եւ արդեն սեպտեմբերին ԱԺ֊ն կսկսի քննարկումները։ Բայց դրանք չգիտեմ՝ որքան կտեւեն։ Կարծում եմ, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի սկզբին։ Դրանից հետո երբ կլինեն ընտրությունները, ես չեմ որոշում»։