Օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Բերդի տարածաշրջանից այցելեց Նոյեմբերյան քաղաք, եղավ նաեւ Իջեւան քաղաքում: Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ նրան հարց տրվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի վատթար վիճակի եւ այդ ճանապարհի նորոգման մասին: Այդ ճանապարհին այնքան շատ են խորը փոսերը, որ վարորդները, խուսափելով դրանցից, դուրս են գալիս երթեւեկության հանդիպակած գոտի` վթարային իրավիճակ ստեղծելով: «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը հայտնեց, որ վերջերս իրենց ավտոմեքենան Ջուջեւան գյուղից Նոյեմբերյան հասնելիս փոսերի պատճառով վթարի է ենթարկվել, ավտոմեքենայի մեջ գտնվող ամերիկացի կամավորը վթարից խիստ վախեցել է:
Նոյեմբերյանի քաղաքապետարանում իրեն ուղղված հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ այդ գումարները տրվեն այս տարի: 2018թ. մայիսի 7-ից սկսվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սարիգյուղ-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի կառուցապատումն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Սարիգյուղ -Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Այդ աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 2 միլիարդ 200 միլիոն դրամ:
Ճանապարհի 2 հատվածներում կատարվել են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին հաջորդել է ճանապարհի ասֆալտապատումը: Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: «Վառմաշ» ՍՊԸ-ն ճանապարհի մնացած երկու հատվածները նորոգել է, ասֆալտապատել: Փռվել է ճանապարհի ասֆալտի ծածկի առաջին շերտը, որի վրա ասֆալտի երկրորդ շերտ պետք է փռվի: Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհի նորոգումը դեռ չի սկսվել: Ավելի 20 օր է, ինչ միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են:
Ոսկան Սարգսյան
Տավուշ