Ենթակային ծեծած պաշտոնյան ու հայտարարագրած միլիոնները. որքան ունեցվածք ունի Կամո Ադամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը, ով ժամանակին հայտնվել է սկանդալային պատմության մեջ, պարզվում է` բավականին ապահովված է:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմում են 63 մլն դրամ, 135 հազար դոլար, 5500 եվրո, 480 հազար ռուսական ռուբլի: Սեփական աշխատավարձը հայտարարագրել է որպես եկամուտ, որը ամսական կազմում է 482 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է ունեցած 3 հատ հողամասը, մեկ բնակարանը, անհատական բնակելի մեկ տունը, 3 հատ «Toyota Land Cruiser Prado 2.7 I», «Toyota KLand Cruiser Prado 2.7 Volkswagen Jetta 2.0» մակնիշի ավտոմեքենաները: Բացի այս, նա մեկ ընկերությունում ունի 50 հազար դրամի բաժնեմաս: Ի դեպ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ադամյանը նախորդ տարվա ընթացքում 5.5 մլն դրամով մեկ ավտոմեքենա է վաճառել:

Նրա կին Ալինա Դանիելյանի դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ: Նրա եկամուտը կազմում է ամսական աշխատավարձը`142 հազար դրամ: Իսկ ահա նրա դուստրը` Դիաննա Ադամյանը, անցած տարվա ընթացքում 5.5 մլն դրամ «նվեր» է ստացել:

Նկատենք, որ Կամո Ադամյանը նախկինում աշխատել է արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար, ապա իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության պետի պաշտոնակատար: Հենց այս ընթացքում Ադամյանը ենթակային հարվածելու մեջ է կասկածվել: Նա վիճել է պետական ռեգիստրի գործակալության բաժնի «հնաբնակ» պետերից մեկի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` վիճաբանությունը աշխատանքային թեմայով է եղել, որի ընթացքում պաշտոնյաները քաշքշել են իրար, ապա Կամո Ադամյանը ծառայողական քննության արդյունքում ենթարկվել է կարգապահական տույժի եւ նկատողություն ստացել: Իսկ ծեծի ենթարկվածը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Փաստորեն մարդ ծեծող պաշտոնյան դեռ շարունակում է համակարգում մնալ: Այսքանից հետո կասկածելի է` արդյոք ցանկացած անօիրինական երեւույթի նա կարող է արդար մոտենալ, թե ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս