Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ ֆարմանյանի դեմ, ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որ մինչ այդ պնդում էր՝ Ֆարմանյանն արձակուրդն անցկացնելու համար մեկնել է արտերկրից, հրաժարվել է մեկնաբանել՝ վերադարձել է արդյոք ՇՊՀ նախկին պրոռեկտորը, թե ոչ: «Առաջիկա օրերին հանդես կգանք մամուլի ասուլիսով, այժմ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա: Այն հարցին` արդյոք պատրաստվում են բողոքարկել կայացված որոշումը, Խուդոյանը պատասխանեց. «Բողոքարկելու ենք որոշումը պարտադիր»:
Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ հիմնավորված է որակել ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը: Հիշեցնենք, որ Անահիտ ֆարմանյանը առաջիններից էր, ով պաշտպանում էր ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրահանգով ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին. «Ես հասկանում եմ պարոն Մինասյանի ջղաձգումները: 2017 թվականի սեպտեմբերի 25-ից այդ անձը զբաղված է բանսարկությամբ: Իմ եւ Խորիկյանի դատավարության ընթացքում ՇՊՀ իբրեւ թե «փաստաբանուհին» բացահայտ կեղծիքներով է զբաղված եւ հայտարարեց, որ մենք իբրեւ թե տիկին Ֆարմանյանի հովանավորյալներն ենք: Այդ լուրերի հեղինակը Սահակ Մինասյանն է, այդ լուրերը ոչ միայն չեն համապաստախանում իրականությանը, այլեւ զրպարտանք են:
Ինչ վերաբերում է տիկին Ֆարմանյանի մեղադրանքներին, ապա բուհական կյանքին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ տիկին Ֆարմանյանը երբեւէ ֆինանսական հարցերի հետ առնչություն չի ունեցել, եւ ինձ համար հետաքրքիր է, թե այս ամենը ինչպես «ծլեց»: Հայտարարության մեջ մոտ 3000 ուսանողի թիվ նշվեց, որոնք գումարներ են տվել, ինձ հետաքրքիր է` այդ ուսանողներից ցուցմունք վերցրե՞լ են: Չեմ ուզում տիկին Ֆարմանյանի օմբուդսմենի դերը կատարեմ, ինքն իրեն ի վիճակի է պաշտպանել, ինձ այլ հանգամանք է հետաքրքիր՝ մեր իրավապահները ինչու քրեական գործեր չեն հարուցում Սահակ Մինասյանի բազմակի չարաշահումների դեմ»,-ասաց Գագիկ Համբարյանը` ավելացնելով որ շատ լավ գիտե` ովքեր են Սահակ Մինասյանի թիկունքին կանգնած, եւ ինչու է ինքը հանգիստ ման գալիս Գյումրիում. «Կոչ եմ անում Սահակ Մինասյանի թիկունքին կանգնածներին չփորձել Հռոմի պապից առավել կաթոլիկ լինել Նոր Հայաստանում»,-հավելեց Համբարյանը:
Սահակ Մինասյանն էլ իրադարձությունների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել` ավելացնելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա. «Ես առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգամ եւ ամեն ինչ կասեմ: Ես իմ առաջ պայման եմ դրել չխոսել եւ չեմ ուզում խախտել այդ պայմանը»,- ասաց Սահակ Մինասյանը:
ՇՊՀ նախկին ռեկտոր, այժմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ չհաջողվեց խոսել. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Ֆարմանյանի հետ: Ավելին` բացահայտված չարաշահումները վերաբերում են հենց Գրիգորյանի աշխատած տարիներին: Նշենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Անահիտ Ֆարմանյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները եւ դրանց միջուկները պատվիրելու եւ հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեեւ այդ նպատակով գումար է դուրս գրված եղել: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է 19 միլիոն 409500 դրամ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը որեւէ տեղեկություն չհայտնեց, միայն հավելեց, որ գործը նախաքննության փուլում է, կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառոմները գործի պատշաճ քննություն կազմակերպելու ուղղությամբ:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի