Տուրիստական ընկերություններում ստուգումներ է սկսվել, բայց վարչապետի հրահանգով կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տուրիստական գործունեությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Հայաստանի տուրիստական կազմակերպություններում:

Հայաստանի զբոսաշրջային եւ ավիագործակալների ասոցացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ`նշելով, որ զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: «Ասոցացիայի մյուս անդամների հետ մենք պատրաստվում ենք առաջիկայում քննարկումներ անցկացնել, առաջարկների փաթեթ մշակել եւ այն ներկայացնել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Կան կետեր, որոնք խոչընդոտում են եւ արտագնա եւ ներգնա տուրիզմի զարգացմանը, դրանք աբսուրդի հասնող են: Հույս ունենք, որ հարկային նոր օրենսգրքում շտկումներ կարվեն: Կոնկրետ հարկման տեսանկյունից իրարամերժ հակասող հոդվածներ կան»,- ներկայացրեց մասնագետը:

Ըստ Վանցյանի` այս խնդրի շուրջ տուրօպերատորները նախկին իշխանություններին էլ են անհանգստացրել, բայց արձագանք չկա: «Եթե իրականում ուզում ենք տուրիզմը մեր երկրում խթանել, պետք է այս հարցերը մեկ օր առաջ լուծենք: Գործակալությունները, որոնք գործարք են կատարում, պետք է հարկվեն իրենց ստացած եկամուտից, բայց, չգիտես` ինչու, հարկային օրենսգրքով հարկվում են ամբողջ փաթեթից: Այսինքն ամբողջ փաթեթից հարկում են 20 տոկոս ԱԱՀ: Ենթադրենք տուր-փաթեթը ընդհանուր արժեցել է 3000 դոլար, որից իրականում գործակալը ստանում է կոպեկներ` 50 կամ մաքսիմում 100 դոլար: Բայց հարկում են ոչ թե 50 կամ 100 դոլարից, այլ ընդհանուր փաթեթից` 3000 դոլարից, ինչը անարդար մոտեցում է»,- նկատեց Ա. Վանցյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում որոշ տուրիստական ընկերություններ ստիպված են որոշ փաստեր թաքցնել. նրանք տուր-փաթեթի մասնակիցների ոչ ամբողջական թիվն են ներկայացնում: Այսինքն` եթե 10 հոգուց է խումբը բաղկացած, ապա հայտարարագրում են, օրինակ, հինգին, կամ եթե 12 զբոսաշրջիկ են տեղափոխում Վրաստան, ապա ներկայացնում են 7-ը:

Մասնագետը եւս տեղյակ է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում տուրիստական ընկերություններում: «Բայց նաեւ տեղյակ եմ, որ այս հարցը զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ ինքն էլ արգելել է, որպեսզի նման ձեւով տուրօպերատորներին տեռորի ենթարկեն: Հիմա մեր տեղեկություններով` ստուգումները կասեցրել են: Բայց մյուս կողմից կան տուրիստական կազմակերպություններ, որոնք հարակից այլ գործունեությամբ են զբաղվել` բեռնափոխադրումներ, մաքսազերծում եւ այլն: ՊԵԿ-ը նման կազմակերպություններ է մտել, որտեղ կոռուպցիոն գործարքներ են եղել: Այս մասով ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Բայց, ամեն դեպքում, այս պահին իրավիճակը հանգիստ է, հարկային տեռոր չկա: Իսկ ստուգումներն էլ կասեցված են»,- հայտարարեց Վանցյանը:

Խոսքը «Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերության մասին է: Այն հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն եւ սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի եւ Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ եւ մաքսազերծմամբ: Ընկերությունն իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն:

«Ժողովուրդ» օրաթերթը պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց զբոսաշրջային ընկերություններում ստուգումներ իրականացնելու պատճառների մասին, սակայն ՊԵԿ-ից փոխանցեցին, որ ներկայումս տուրիստական կազմակերպություններում հարկային մարմնի կողմից թիրախավորված հարկային վարչարարություն չի իրականացվում. «Ինչպես տուրիստական, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներն իրականացվում են ռիսկային չափորոշիչների հիման վրա ռիսկային որակված լինելու, ինչպես նաեւ ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում»:

Ասել է թե` նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունները հարկերը պակաս են հաշվարկել ու վճարել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս