Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, մեքենան ընկել է ձորը:
«Օգոստոսի 18-ին, ժամը 08:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել հարակից ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան»,- նշված է հաղորդագրությունում:
Նախարարությունը հայտնում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Իջևանի բժշկական կենտրոն:
«Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասված է հաղորդագրությունում: