Քաղաքացիներից շատերը դրական են արտահայտվում ճանապարհային ոստիկանության մասին. Վալերիյ Օսիպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիներից շատերը դրական են արտահայտվում Ճանապարհային ոստիկանության ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին ՃՈ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում ասել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:

Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային: Կրկին ընդգծվեց կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր:




Լրահոս