Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչով հանդես եկել: Նա նախ նշել է, թե վերջին շաբաթների ընթացքում շատ են տեղեկությունները, որ դպրոցներ վերադառնում են եւ ուսումնառությունը շարունակելու փաստաթղթեր են ներկայացնում արտասահմանից ներգաղթածների երեխաները: Այդ առիթով նա կոչ հնչեցրեց ուղղված դպրոցների տնօրեններին, աշակերտներին եւ նրանց ծնողներին. առավելագույն աջակցել ներգաղթյալ ընտանիքների երեխաներին՝ դպրոցներում ինտեգրվելու համար:
«Իմ խնդրանքն է, որ առաջին հերթին դպրոցների տնօրեններն աջակցեն այս երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի ներառումը շատ հեշտ լինի, խնդիրներ չառաջանան: Ի վերջո՝ վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր էր փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդներն են այլ: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այստեղ առանցքային դերակատարություն պետք է ունենան տնօրենները, աշակերտները, ինչպես նաեւ նրանց ծնողները: «Ես հատուկ դիմում եմ աշակերտներին. էն երեխաները, որոնք արտասահմանից կգան ձեր դասարաններ, առավելագույնս աջակցեք նրանց: Օգնեք նրանց հայերեն սովորել, եթե նրանք ունեն հայերենի խնդիրներ, օգնեք նրանց տարբեր առարկաների դեպքում, եթե ունեն խնդիրներ: Եվ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում նրանք այլեւս որեւէ խնդիր չեն ունենա, սթրեսի մեջ չեն լինի եւ շուտ կներառվեն ու կդառնան ձեր ընկերներն ու ընկերուհիները ձեր քաղաքում, ձեր գյուղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,- հավելեց Արայիկ Հարությունյանը: