«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը: Ռոզին խոսել է անձնական եւ գործնական թեմաներից, պատասխանել է այն հարցերին, թե ովքեր են իրեն մշտապես հիացրել, ինչն է կնոջը դարձնում գրավիչ, եւ ինչի մասին է այժմ դերասանուհին երազում: Մեր զրուցակիցը տվել է հակիրճ, բայց բավական անկեղծ պատասխաններ:
-Երբ ասում են մանկություն, պատկերացնում եք…
-Քաղցր բամբակ. շատ եմ սիրել (ծիծաղում է):
-Երբ դպրոցական էիք, ապագայի հետ կապված մի կարեւոր պլան ունեիք…
-Դառնալ դերասանուհի:
-Կյանքը հարկավոր է ապրել այնպես, որ…
-Ամեն վայրկյանին հաճույք զգաս:
-Կնոջը առաջնահերթ զարդարում է…
-Երեւի հենց կանացիությունը:
-Շարունակեք միտքը. «Ո՞ւմ է պետք այն ճշմարտությունը, որը…»
-Մարդուն չի երջանկացնում:
-Կնախընտրեք ունենալ աշխատանքային մեծ փորձ, թե գիտելիքների հսկայական պաշար:
-Աշխատանքային մեծ փորձ: Մեր մասնագիտության պարագայում փորձն է պրոֆեսիոնալիզմի բերում, միայն տեսական գիտելիքները ոչինչ են:
-Սիրելի սպորտաձեւը:
-Որեւէ սպորտաձեւով չեմ զբաղվում, բայց ֆուտբոլ եմ սիրում, աշխարհի խաղերին էլ հետեւել եմ:
-Քամի, անձրեւ, թե՞ ձյուն, ո՞րն է Ձերը:
-Անձրեւ, որովհետեւ սիրում եմ ջուրը` իր բոլոր դրսեւորումներով:
-Մեծերից լսած մի անգին խորհուրդ:
-Երեւի այս հայտնի ասացվածքը` «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:
-Թավշյա հեղափոխությունից հետո հասկացաք, որ…
-Ժողովրդի համար անհնարին ոչինչ չկա: Հայի տեսակն անվերջ պայքարող տեսակ է: Մենք կարողացել ենք մեր տեսակը պահպանել անգամ ամենածայրահեղ պայմաններում, երբ թվում էր` դա անհնար է, երբ շատ ժողովուրդներ պարզապես ջնջվեցին աշխարհի երեսից:
-Որքան մեծանում եք, այնքան գիտակցում եք, որ…
-Ես շատ երիտասարդ եմ (ծիծաղում է):
-Երբեք գումար չեք տա այն մուրացկանին, որը…
-Բոլորին էլ տալիս եմ. գումար տալուց առաջ չեմ մտածում ուրիշ բաների մասին, դա տեղի է ունենում ըստ իրավիճակի:
-Շարունակեք միտքը. «Եթե ուզում ես ապրել օրենքի երկրում…»
-Պետք է առաջինն ինքդ օրենքը չխախտես: Բայց մենք` հայերս, շատ ենք սիրում օրենք խախտել, էքստրեմալ հաճույք ենք ստանում դրանից:
-Ամեն ձեռքբերում ենթադրում է…
-Նոր նպատակներ, նոր ցանկություններ, երազանքներ եւ էլի ձեռքբերումներ:
-Միշտ հիացել եք այն մարդկանցով, որոնք…
-Կյանքի ցանկացած իրավիճակում ժպտում են: Ես այդպիսին չեմ, բայց իմ դեպքում մասնագիտությունս գալիս է օգնության, արդյունքում կարողանում եմ կառավարել էմոցիաներս եւ խաղում եմ այնպես, որ ոչ ոք նույնիսկ չի էլ կռահում իմ վատ տրամադրության մասին:
-Տնային գործերից ամենաշատը Ձեզ դուր է գալիս…
-Ժամանակին սիրում էի պատուհանները մաքրել, բայց հիմա ոչ մի գործ էլ չեմ սիրում (ծիծաղում է): Սիրում եմ համեղ ուտել, բայց խոհանոցում հազվադեպ եմ լինում, իսկ երբ լինում եմ, անպայման մի իմպրովիզացիա անում եմ:
-Բոլոր ժամանակների լավագույն գրողը:
-Ինձ համար մի քանիսն են` Մարկես, Դոստոեւսկի, Մուրակամի:
-Շարունակեք միտքը. «Անփոխարինելի մարդիկ չկան, բայց…»
-Յուրաքանչյուրի հետ մենք ապրում ենք առանձնահատուկ զգացողություններ, աշխարհում ոչինչ չի կրկնվում, ուրեմն ցանկացած մարդ անփոխարինելի է:
-Հիմա երազում եք…
-Տասը օր ծովում հայտնվելու մասին: Ցավոք, այս պահին աշխատում եմ, եւ դա անիրագործելի է:
Աննա Բաբաջանյան