«Մենք կարողացանք ազատվել կոռուպացված եւ ճահճացած համակարգից: Անօրեններն այնպես էին արմատավորվել, որ նույնիսկ մտածում էինք, թե դա անհնար է: Ամեն դեպքում, ռեալ տեղաշարժեր գրանցելու համար դեռ վաղ է, ժամանակ է պետք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երաժիշտ, գործիքավորող Վահագ Ռաշը` անդրադառնալով հայաստանյան ներքին քաղաքական կյանքին:
Միաժամանակ մեր զրուցակիցը տեսնում է նաեւ նոր կառավարության բացերը. «Կադրային նշանակումներից ոչ բոլորի հետ եմ համաձայն. շատերը պարզապես իրենց տեղում չեն: Ինձ թվում է` Փաշինյանն էլ այդ մասին գիտի, բայց այդ հարցը կլուծի գալիք ընտրություններից հետո»,-մեկնաբանեց նա:
Երաժիշտն անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը` խոստովանելով, որ նրա անձի հետ կապված նման շրջադարձ սպասում էր, բայց ոչ այս փուլում. «Կարծում եմ` Քոչարյանի գործած հանցագործություններից Մարտի 1-ը ամենամեծը չէ: Տարիների ընթացքում նա թալանել է երկիրն ու ահռելի հարստություն կուտակել: Իհարկե, Մարտի 1-ը պետք է լինի բացահայտումների սկիզբը: Բայց այդ գործում միայն Քոչարյանը չի ընդգրկված, շատ այլ լուրջ մարդիկ էլ պետք է պատասխանատվություն կրեն: Ամեն դեպքում, ինձ համար ամենանշանակալին կլինի հոկտեմբերի 27-ի բացահայտումը»,-ասաց նա:
Վահագի համոզմամբ` օրենքի երկիր ունենալը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում մեր երկիրը գլորվում էր դեպի անդունդ, որից դուրս գալու համար անհրաժեշտ էր յուրաքանչյուրիս աջակցությունը, պետականամետ մտածելակերպը:
Հարցին, թե հանրության շրջանում ինչ տրամադրություններ է նկատում, Վահագը պատասխանեց. «Հեղափոխությունից առաջ կային իսկական պայքարողներ, որոնք ստացան իրենց պայքարի պտուղները եւ գոհացան, բայց կային նաեւ այնպիսիք, որոնք մասնակցում էին հեղափոխությունից հետո ինչ-որ բան, օրինակ` պաշտոն, ստանալու ակնկալիքով, եւ երբ դա չեղավ, սկսեցին դեմ խոսել: Ակնհայտ են նաեւ մարդիկ, որոնք օգտվում էին նախկին իշխանության տաշտակից եւ այսօր ձեռնունայն են մնացել, ամեն քայլափոխի բացթողումներ են փնտրում, ամեն ինչի մեջ վատն են տեսնում: Բայց ես վստահ եմ, որ ամեն բան դեպի լավն է գնալու»:
Աննա Բաբաջանյան