Արտագաղթը կա, բայց ՀՀԿ իշխանության տարիների համեմատ` զգալի պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ժամանել է 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով: Այս տարի եկածների թիվը ավել է 29.986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34.000-ով ավելի օտարերկրացի»:

Ավելի վաղ` Տավուշի մարզ այցի ժամանակ, նա ասել էր, թե ՀՀ-ից վերջին երեք ամիսներին արտագաղթը դադարել է: Սակայն վարչապետի այս հայտարարությանը շտապեց արձագանքել քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը: Նրա պնդմամբ, այս տարվա առաջին կիսամյակում 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից եւ չեն վերադարձել:

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի»,- ասել է նա: Որ Հայաստանում արտագաղթի տեմպերը շարունակվում են, փաստ է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից պարզեց, որ թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը սկսել են դանդաղել: Արտագաղթը կա, բայց ՀՀԿ իշխանության տարիների համեմատ` զգալի պակաս: Բավական է միայն նշել, որ 2017թ. առաջին կիսամյակում արտագաղթածների թիվը, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմել է 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, այս տարի ընդամենը` 50 հազար 796 քաղաքացի:




Լրահոս