Ես մեղքը չէի բարդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վրա. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունների եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:

-Պարո՛ն Դուբնով, ՀՀ կառավարության վերաբերյալ ռուսական շրջանակներում տարբեր կարծիքներ կային: Լրացավ կառավարության աշխատանքի 100 օրը: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս շրջանում:

-100 օրվա համար մենք չենք կարող հստակ ասել` կառավարությունը լա՞վ է աշխատում, թե՞ վատ: Բայց կառուցողական մաս մենք դեռեւս չենք տեսնում: Չի հայտնվել տնտեսական որոշակի ծրագիր, ռազմավարություն: Բայց ես մեղքը չէի բարդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի վրա: Դա այն պատճառով, որ օբյեկտիվ պատճառներ կան: Առաջին հերթին կարող ենք ասել, որ հավաքվել են մարդիկ, որոնք իրականում կառավարական խումբ չեն հանդիսանում եւ այս ընթացքում, իհարկե, դժվար կլիներ հավաքել ճիշտ մարդկանց: Ես կարծում եմ, որ մենք իդեալիստներ չենք եւ հասկանում ենք, որ դժվար է եղել այդ անելը: Երկրորդը` հենց ինքը` հեղափոխությունը չի ենթադրում որեւէ կոնցեպտ:

Եվ կարծում եմ, որ մենք դեռեւս ստիպված կլինենք սպասել արտահերթ ընտրություններին, գուցե նաեւ` ավելի երկար, որպեսզի ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեն:

Եվ երրորդը` ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթների իրադարձությունները, ինչպես Լենինն էր ասում` հեղափոխությունը պետք է ինքն իրեն պաշտպանի: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը պաշտպանելու խնդիրն առաջին օրերից դրված է եղել եւ հիմա նոր մակարդակի է բարձրացել: Ակնհայտ է դարձել, որ կառավարական ապարատի բյուրոկրատական մասի մի հատվածը Փաշինյանի համար ռեսուրս չի հանդիսանում: Ավելի շուտ դա ռեսուրս է, որն ավելի հեշտությամբ կարող են օգտագործել իր ընդդիմադիրները: Եվ այդ հարցը լուծել առանց հեղափոխական մեթոդների, դատական համակարգում անցումային օղակների բավական դժվար է: Ցանկացած հեղափոխության խնդիրն այն է, թե որքանով է այն ի վիճակի մնալ անցումային անօրինության շրջանակներում:

Իրենց հաջողվեց հեղափոխություն անել եւ դա իսկապես թավշյա էր, անցավ: Ես, ցավոք, չեմ տեսել հաջող անցումային անօրինության վիճակ, որովհետեւ նույնիսկ ռեալ բարեփոխիչ Միխայիլ Սահակաշվիլին մի պահ չմնաց այդ շրջանակներում, եւ համակարգը գնաց անդունդ եւ թաղեց իր ստեղծողին այդ փլատակների տակ:

-Նույն Սահակաշվիլին հույս էր հայտնել, որ Փաշինյանը չի կրկնի իր սխալները:

-Ես կարծում եմ, որ Սահակաշվիլին բոլորովին այլ սխալներ նկատի ուներ: Եվ նա Փաշինյանին հորդորում է ամուր լինել այն լուրջ մոլորությունների հարցում, որ ինքն է ունեցել: Բայց կարծում եմ, որ դրանք տարբերվում էին: Սահակաշվիլիի հաղթանակի պահին արդեն կար քիչ թե շատ մտածված կոնցեպտ, կար հասկանալի ռազմավարություն եւ կար պատկերացում, թե ինչպիսի տեսք պետք է ունենա թիմը: Այս դրական կողմերը Փաշինյանի մոտ դեռեւս չեն նկատվում, բայց հույս ունեմ, որ նրան կհաջողվի բացասական միտումներից հեռու մնալ:

-Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց, ռուսաստանյան կողմից հայտարարություններ եղան, լավ չընդունվեց այդ փաստը: Չե՞ք կարծում, որ դա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին:

-Այո՛, անշուշտ միջամտում է: Բայց Ռուսաստանը զարմանալիորեն կառուցողական, գրագետ է սկսել խոսել այս հարցում: Ես կարծում եմ, որ Լավրովի հետագա բոլոր հայտարարությունները հայ ընկերների կողմից լավ կազմակերպված փիար ընկերության արդյունք էին: Ես չեմ կարծում, որ մենք այդ հարցի վերաբերյալ կարող ենք խոսել ռուսաստանյան քաղաքական գծի կոնտեքստում: Թեեւ Մոսկվայում սահմանափակ թվով մարդիկ կան, որոնք լրջորեն հավատում են արեւելք-արեւմուտք խաղաղությանը: Այդպիսի մարդիկ էլ կան, որոնք ազդեցություն են ունենում: Բայց կարծում եմ, որ մենք այն, ինչ դեռեւս տեսնում ենք ռուս-հայկական շփման գծում` պրագմատիկ գործողություններ են` մի կողմից թելադրված ռուսական ընկալումներով այն ամենի շուրջ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եւ մյուս կողմից` առանձին հայ ընկերների առանձին պատվերներով:

-Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում իր անհանգստությունն էր հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանրահավաքին հրապարակում հակառակն էր պնդել` շեշտելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը միայն զարգացնելու են հարաբերությունները: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններում:

-Ես չեմ կարծում, որ այս հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, եւ որեւէ ռիսկային բան կա այդտեղ: Հայաստանը շատ մեծ ռեսուրս ունի բարեփոխումներ իրականացնելու` առանց ռուս-հայկական հարցը շոշափելու:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս