Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ականատես եղանք, որ բեմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին միայն իր թիմի ներկայացուցիչներն էին. կառավարության անդամ մյուս ուժերի՝ ԲՀԿ եւ ՀՅԴ, նաեւ՝ ԼՀԿ եւ «Հանրապետություն» կուսակցության նախարարները չկային: Եւ սա այն դեպքում, երբ հանրահավաքը հրավիրվել էր վարչապետի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից պարզել՝ որն է պատճառը. Նա նշեց, թե սա վարչապետի գործունեության 100 օրվա ամփոփումն է եղել, այլ ոչ թե կառավարության: «Դա իր հրավիրած հանրահավաքն է եւ վարչապետի գործունեության ամփոփումն ու հետագա քայլերի ներկայացումը: Պետք չէ տարանջատել վարչապետին կառավարությունից: Չէին կարող բեմում կանգնել բոլորը, եւ չէր կարող նա միայնակ կանգնել, եւ ըտրվել է այդպիսի թիմ», – նշեց նա: