Նոր իշխանությունը` ՀՀԿ աջակցության հույսին. ինչպես կարող են անցկացնել սահմանադրական փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 100 օրն ամփոփելու ժամանակ խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Ընդ որում, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները, այդ փոփոխությունները Փաշինյանը նախաձեռնում է իր իշխանությունը պահելու համար: Իսկ իրականում նա այդպես փորձում է կանխել ներպալատական հեղաշրջման հնարավորությունն ու հակահեղափոխությունը: Բանն այն է, որ ըստ Սահմանադրության` խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը սերտ կապված է վարչապետի եւ կառավարության հետ:

Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ապա պետք է հրաժարական տա, որից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ: Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Այս տարբերակի թերությունների մասին խոսվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից: Բանն այն է, որ սա իրագործելու դեպքում պետք է հստակ քաղաքական պայմանավորվածություն լինի, որ մյուս խմբակցություններն իսկապես թեկնածու չեն առաջադրի, այլապես տեսականորեն ՀՀԿ-ն կարող է առաջադրել եւ անցկացնել իր թեկնածուին: Եվ ահա, այս իրողություններն էլ հաշվի առնելով` վարչապետը դիմում է սահմանադրական փոփոխությունների օգնությանը, որպեսզի համապատասխան հոդվածներ փոփոխելով` կարողանա հեշտությամբ հասնել խորհրդարանի լուծարմանը:

Եւ ահա, օգոստոսի 17-ի իր ելույթում վարչապետը նշել էր. «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

Սակայն ընդգծենք, որ այդ նույն փոփոխությունները եւս պետք է ընդունվեն խորհրդարանի կողմից եւ այս առումով Փաշինյանն ուղերձ հղեց հրապարակում հավաքված ժողովրդին: «Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» եւ էլի նույն խորհուրդն եմ տալիս», – հավելեց նա: Այսինքն` Փաշինյանը զգուշացրեց ՀՀԿ-ին, որ փոփոխությունները չընդունելու տարբերակ չունեն:

Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են այդ դրույթները փոխվել: Նախ նշենք, որ ՀՀ վարչապետի ընտրության եւ նշանակման մասին Սահմանադրության 149-րդ հոդվածում փոփոխութուններ կարող են իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Իսկ ահա Սահմանադրության 92-րդ հոդվածը, որ վերաբերում Է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, նաեւ Սահմանադրության 151-րդ հոդվածը, որում ամրագրված է, թե կառավարության ծրագրի ընդունումից հետո ինչ գործողություններ են հետեւում, կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի: Ըստ այդմ, Սահմանադրության 202-րդ հոդվածի երկրորդ մասում նշված է, որ ԱԺ-ն Սահմանադրությունում փոփոխություններ կարող է անել «պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:
Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի»:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների համար նախ անհրաժեշտ է, որ 27 պատգամավոր հանդես գա նման նախաձեռնությամբ, իսկ արդեն նախագիծն ընդունելիս անհրաժեշտ է 70 պատգամավորի՝ երկու երրորդի համաձայնությունը: Ահա եւ օրենքում առկա տարբերակները, որոնցով կարող են հոդվածներ փոփոխվել եւ այս պարագայում եւս ոչինչ չի կարող լինել առանց ՀՀԿ խմբակցության անդամների մի մասի համաձայնության:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս