Ջրի խնդիրը խոչընդոտ` Դիլիջանում զբոսաշրջության զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին Դիլիջանի քաղաքային այգում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Այն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան եւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:
Դիլիջանում զբոսաշրջությունը զարգանում է, սակայն դրան խոչընդոտ է առողջարանային եւ զբոսաշրջային քաղաքի խմելու ջրի մատակարարումը: Հիշում եք` «Միմինո» հանրահայտ ֆիլմում դրվագ կա, «ԿՐԱԶ»-ի վարորդ Ռուբիկը (դերասան` Ֆրունզիկ Մկրտչյան) բեռնատարը վարելով` վրացի ընկերոջ` Միմինոյի մոտ պարծենում է. «Մեր մոտ` Դիլիջանում, խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուրը հոսում է, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»: Այդ դրվագը մեծ դեր է խաղացել խորհրդային տարածքում Դիլիջանի համբավը տարածելու գործում: Իրականում Դիլիջանում խմելու ջրի մատակարարման վիճակը շատ վատ է: Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական ոլորտի աշխատող Արարատ Ալիխանյանը ահազանգում է. «Մի շամանի տեղ ասեք, դիմենք իրեն, որ անձրեւ չգալու ծես անի, անձրեւի պատճառով Դիլիջանում խմելու ջուրը չկտրեն»: Անցած շաբաթ-կիրակի` օգոստոսի 18-ին եւ 19-ին, Դիլիջանում կրկին անջատել են խմելու ջրի մատակարարումը: Ա. Ալիխանյանի խոսքերով` ամեն անգամ հորդ անձրեւներից հետո առանց սպառողներին նախազգուշացնելու անջատում են քաղաքի ջրամատակարարումը:
Նա կարծում է, որ տեղատարափ անձրեւներից հետո կեղտը կուտակվում է ջրամբարներում, որի պատճառով դադարում է ջրի մատակարարումը: Խնդիր կա նաեւ ջրի որակի առումով: Ա. Ալիխանյանը հայտնեց, որ Դիլիջանի բնակիչներն իրենց բնակարաններ մատակարարվող խմելու գունավոր ջրի լուսանկարները հաճախ տեղադրում են համացանցում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության Դիլիջանի տեղամասի ներքին ցանցի շահագործման բաժնի պետ Վարդան Մնացականյանին, ով նախկինում տարիներ շարունակ եղել է «Հայջրմուղկոյուղու» Դիլիջանի տեղամասի պետը: Սակայն պարոն Մնացականյանը հայտնեց, որ իրավասու չէ տեղեկություններ տրամադրել:
                                                                                                                                                                                              Ոսկան Սարգսյան




Լրահոս