Նախկին իշխանությունները վստահ էին՝ հասարակության մեջ ոգեւորությունը հետհեղափոխական օրերին արդեն կարող է արագ ավարտվել, բայց արի ու տես, որ ընդհակառակը՝ այն շարունակվում է, անգամ՝ ավելի մեծ թափով: Դրա վկայությունն է այն, որ հասարակության մի զգալի հատված շարունակում է անվերապահորեն վստահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս հանգամանքը փաստացի երեւաց օգոստոսի 17-ին նոր իշխանության հրավիրած հանրահավաքին. նախ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցված էր մարդկանցով, բացի այդ` քաղաքացիները Փաշինյանի ելույթը պարբերաբար ընդհատում էին բուռն ծափերով` համաձայնելով նրա արտահայտած յուրաքանչյուր մտքի հետ: Հետեւաբար Փաշինյանի կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված որեւէ անձ, որ քաղաքում էլ լինի, հասարակության հավանությանն է արժանանալու: Այս իմաստով բացառություն չեն Երեւանի ավագանու ընտրությունները: Ինչպես հայտնի է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքապետի իր թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Այս մասին հանրահավաքին եւս մեկ անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, ինչը բարձր ծափերով ողջունվեց հրապարակի կողմից:
Բայց Փաշինյանի բարձր ժողովրդականությունն ու վարկանիշն ինչ-որ առումով իր ճանապարհին «խնդիր է»: Մի շարք կուսակցություններ, որոնք տարիներ շարունակ մասնակցել են տարբեր ընտրությունների, սակայն ամենատարբեր պատճառներով կա՛մ պարտվել են, կա՛մ հավաքել նվազագույն շեմը հաղթահարելու համար ձայներ, ներկայում ամեն ինչ անում են, որպեսզի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» հետ նույն հարթակում մասնակցեն միասնական ցուցակով կամ դաշինք կազմած:
Եվ քաջ տիրապետելով իրավիճակին` վարչապետ Փաշինյանն արդեն հասցրել է բոլոր կուսակցություններին մերժել` մի մասին հրապարակավ, մյուսին` ներքին կարգով, ոմանց էլ պարզապես չպատասխանելով: Մասնավորապես, «Ելք» դաշինքի երեք կուսակցություններում քննարկումներ էին գնում, որից հետո պետք է նաեւ միասնական թեկնածուի հարց քննարկվեր: Սակայն այս անգամ էլ, ինչպես Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ձեւաչափը քննարկելիս, կոնսենսուս չեղավ, եւ «Քաղաքացիական պայմանագիրն» ինչպես որ որոշել էր, այնպես էլ վարվեց. Փաշինյանի թիմն ընտրություններին մասնակցում է, ինչպես արդեն նշեցինք, Հայկ Մարությանի գլխավորած ցուցակով:
Այս պայմաններում զարմանալի չէր «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների վարքագիծը, որոնք որոշում կայացրին միասին հանդես գալ` հասկանալով, որ առանձին-առանձին էլ ավելի բարդ կլինի շոշափելի արդյունքի հասնել: Եվ հիմա «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները որոշում կայացրին ավագանու ընտրություններին գնալ` որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Փաշինյանի թիմի հետ էր ցանկանում ընտրություններին մասնակցել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Երեկ ասուլիսում այդ մասին բաց տեքստով խոսեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ պատասխան չի ստացվել ՔՊ-ից: Ընդ որում, նա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո առաջինն էր Փաշինյանին իրենց հետ համագործակցության կոչ արել: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը դժվար չէ կռահել. իր ճամփան փորձում է ՔՊ-ի միջոցով հարթել: Հիմա «Ժառանգությունում» հույս ունեն, որ գոնե խորհրդարանական ընտրություններին կհաջողվի Փաշինյանի թիմի հետ միասնական ցուցակով հանդես գալ: Տեսնելով ՔՊ-ի լռությունը` «Ժառանգությունը» որոշում է կայացրել միայնակ մասնակցել ավագանու ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու ՔՊ-ի միջեւ սկզբում համագործակցության թեմայով քննարկումներ եղել են: Սակայն հետո թեման փակվել է, քանի որ ՔՊ-ն դաշինք կազմելու դեպքում ստիպված էր ներառելու ուրիշների, բայց չկա երաշխիք, որ այդ դաշինքը կարճ ժամանակ անց չէր քանդվի, կամ իրենց բաղձալի մանդատը ստանալուց հետո մարդ կուսակցությունները չէին հեռանա, ուստի որոշվել է նաեւ ՀԱԿ-ի հետ դաշինք չկազմել:
«Օրինաց երկիր» կուսակցության դեպքում ընդհանրապես որեւէ բանակցություն, քննարկում չի եղել, եւ ի սկզբանե նրանք մերժվել են: Կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի հետ եւս որեւէ քննարկում չի կայացել, եւ կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրություններին: Կառավարության մաս կազմող մյուս ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հասկանալով ստեղծված իրավիճակը եւ անհեթեթ դրության մեջ չհայտնվելու, նաեւ` քաղաքական դաշտում երկրորդ ուժը լինելու կարգավիճակը պահպանելու նպատակով ի սկզբանե հայտարարեց, որ սեփական քաղաքապետի թեկնածու ունի:
Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Մնացյալ մասնակից ուժերն են «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ՀՀՇ-ն` Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, նորաստեղծ «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը, որի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, թեկնածուն Մանուել Գասպարյանն է, Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի թեկնածուն հանրությանն անհայտ Արտակ Ավետյանն է: Սրանք մեկ անձի կուսակցություններ են, որոնցից հանրությունը միայն կուսակցության ղեկավարին է ճանաչում, եւ հասկանալի է, որ նման ուժերն առանձնապես մեծ շանսեր չունեն ընտրություններին հաջողություն գրանցելու:
Պետք է արձանագրել, սակայն, որ այս ավագանու ընտրություններն իրավամբ աննախադեպ են լինելու, քանի որ արդեն իսկ պարզ է, որ բավական մեծ թվով մանր ու միջին կուսակցություններ են մասնակցության հայտ ներկայացրել: Սակայն ակնհայտ է, որ ավագանու ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է երկու ուժերի` «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Իսկ երրորդ ֆավորիտ ուժը կարող են «Ելքի» երկու ուժերը` ԼՀԿ-ն եւ «Հանրապետությունը» միասին լինել կամ էլ Դաշնակցությունը, որի թեկնածուն դեռեւս անհայտ է: Ընդհանուր առմամբ, արձանագրենք, որ, ի վերջո, դաշտում որպես ֆավորիտ ուժեր հներն են մնում: Բացառություն է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին հաջողվեց ստեղծումից 3 տարի անց իշխող ուժ դառնալ: Եվ այսպիսով` պարզ է, որ կուսակցության վրա մեծ պատասխանատվություն է դրված, եւ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով տարբեր կուսակցությունների փորձը, անցյալի սխալները, չի ցանկանում իր կողքին տեսնել ուժերի, որոնք կարող են հետագայում հենց իր համար գլխացավանք դառնալ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ