Հեղափոխության ոչ այնքան «թավշյա» երգերը. արվեստագետների մի մասը դժգոհ է, մյուս մասը՝ ներողամիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած հանրահավաքից հետո կրկին բարձրացվեց հետեւյալ հարցը՝ Հայաստանում մշակութային հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Արվեստի որոշ գործիչներ նկատեցին, որ հանրահավաքի օրը կայացած համերգի ժամանակ հերթական անգամ հնչեց ցածրորակ երաժշտություն, կատարվեցին «հեղափոխությանը ոչ հարիր» երգեր: Դա էլ բավական չէր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց այդ երգերը, եւ ոմանց կարծիքով` այդպիսով կատարեց անորակ երաժշտության քարոզ: Օրինակ` տեղադրելով Թաթայի՝ «Հայաստան բարեւ» երգի կատարումը` վարչապետը գրել էր. «Զարմանում եմ, թե ինչպես եմ հրապարակում դիմացել ու չեմ պարել»: Նա զետեղել էր նաեւ Հրագի «100 օրա» երգը՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Հրագի նոր երգը երեկվա հանրահավաքում: Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին»:

«Մեծարգո եւ սիրելի պարոն վաչապետ: Խնդրում եմ Ձեզ, որքան ուշադիր եւ զգոն եք քաղաքականության հարցում, նույնքան զգոն եւ ուշադիր եղեք մշակույթի եւ արվեստի հարցում: Որպես թավշյա հեղափոխությանը ակտիվ մասնակցած քաղաքացի, ամբողջովին հասկանալով Ձեզ` վստահ եմ, որ այս երգի բառերն են դիպել Ձեր հոգուն (խոսքը Հրագի «100 օրա» երգի մասին է-հեղ.), բայց, որպես Նոր Հայաստանի երիտասարդ արվեստագետ, թույլ տվեք չլռել: Էսպիսի ցածրակարգ եւ անորակ երաժշտությունը Ձեր կողմից տարածելը կդիտարկվի որպես խրախուսանք եւ Հայաստանի Հանրապետությանը մշակութային աղետի կբերի… Մենք Ձեր մեջ տեսանք մեր երկրի փրկությունը, իսկ երկիրը կփրկվի նաեւ իր մշակույթով:

Տարիներ շարունակ, մեծ հաշվով, ապրեցինք անորակության եւ ցածրաճաշակության մեջ, խնդրում եմ` օգնեք մեզ ճաշակ ձեւավորելու հարցում եւս»,-հայտարարեց դերասան Սոս Ջանիբեկյանը:

Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ, ով, ի դեպ, եւս թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, մտահոգություն հայտնեց. «Հարգելի՛ վարչապետ, ընդհանուր համերգային ծրագիրը բացարձակ չէր համապատասխանում մեր մշակութային արժեքներին, ու ողջունելի չէ Ձեր կողմից նման ցածրորակության տարածումը»:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց կոմպոզիտոր Վահան Արծրունու եւ երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ: Վահան Արծրունին նշեց, որ չէր ուզենա հանրահավաքի վերաբերյալ քննարկումը շեղվեր բուն թեմայից. «Պարզ է, որ որոշակի դրական տրամադրություն ստեղծելու միտում կար, այդ երգերն իրենց բնույթով եւ նշանակությամբ զվարճանքի միջոցներ էին, ես չեմ կարող դրանց ավելի լուրջ վերաբերվել: Իրենց էությամբ դրանք ենթամշակութային երեւույթներ են: Նախորդ ռեժիմի ժամանակ «բարձրաճաշակ» երաժշտություն մատուցողներն արժանանում էին վաստակավորի կոչումների, եւ շատերի ձայնն ու ծպտունը դուրս չէր գալիս. թող այդ խնդիրներով մտահոգվեն: Հանրահավաքը քաղաքական դիրքորոշում ցույց տալու համար էր, ոչ թե երաժշտություն լսելու. դա համերգ չէր, որ մենք էլ ասենք՝ բարձրաճաշակ էր, թե ցածրաճաշակ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Լիլիթ Պիպոյանն էլ, թեեւ չի լսել այդ երգերը, բայց այն համոզման է, որ հանրահավաքի շրջանակում չէր կարող Բեթհովեն կամ Մոցարտ հնչել. «Սա ժողովրդական շարժում է, որի ընթացքում կարող է հնչել տարբեր տեսակի երաժշտություն: Ի դեպ, ասեմ, որ այն երգերը, որոնք գրվել են հատուկ հեղափոխության համար, ես շատ հավանում եմ. դրանք նոր շունչ ունեն իրենց մեջ եւ ոչ մի բանի նման չեն: Բայց հանրահավաքի օրը հնչած երգերը չեմ լսել: Կարծում եմ՝ նորմալ է, որ հանրության տարբեր հատվածների համար հասկանալի երաժշտություն է հնչում: Փաշինյանը շատ դեմոկրատ է, սնոբ չէ, չնայած որ գրագետ է եւ հանդուրժում է երաժշտության տարբեր տեսակներ: Սկզբունքորեն դա է իր մոտեցումը, սարսափելի բան չկա, ամեն ինչ կամաց-կամաց կընկնի իր տեղը»,-ասաց նա:

Հ.Գ. Ի դեպ, իրենց մտահոգությունը հայտնած արվեստագետներն ամենեւին էլ այն համոզման չեն, որ հանրահավաքի ժամանակ պետք է Բեթհովեն հնչեր: Անի Խաչիկյանն, օրինակ, որպես այլընտրանք, առաջարկել էր ունկնդրել Մհեր Մանուկյանի «Մենք ժպտում ենք» երգը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս