4500 ԱՆՁ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՀԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանական նախկին կուսակցությունից՝ ՀՀԿ-ից սկսվել է մեծ արտահոսք: Թե այս ընթացքում որքան մարդ է դուրս եկել ՀՀԿ-ից, ինչ խնդիրներ դա կարող է հարուցել, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ։

-Պարո՛ն Թադեւոսյան, հեղափոխությունից հետո մինչեւ այժմ քանի՞ կուսակցական է դուրս եկել ՀՀԿ-ից։
-Ապրիլի վերջից մինչեւ օգոստոսի 1-ը մոտ 4500 անձ է դուրս եկել կուսակցությունից։
-Այս հանգամանքն ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածքային կառույցների համար։
-Ո՛չ, ոչ մի բան։ Սովորական երեւույթ է։ Ցանկացած իրեն հարգող կուսակցություն միշտ էլ վերահաշվառում անում է։ Նախորդ տարի էլ մենք դա արել ենք. բավական թվով մարդիկ ե՛ւ դուրս են եկել, ե՛ւ անդամագրվել են։ Դա սովորական, բնական գործընթաց է կուսակցությունների համար։ Արտառոց որեւէ բան չկա։
-Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, կուսակցությունից այսչափ դուրս եկողներ եղե՞լ են, թե՞ ավելի քիչ։
-Նախորդ տարի 15.000-ից ավելի մարդ է հեռացվել կուսակցությունից։ Դա վերահաշվարկի ժամանակ արձանագրեցինք։
-Ի՞նչ պատճառով են հեռացվել։
-Տարբեր պատճառներով. կուսակցության հետ կապը կտրելու, տեղափոխվելու եւ այլն։ Մեր տարածքային կառույցները դա արել են։ Այնպես որ յուրաքանչյուր տարի կուսակցության շարքերում նմանատիպ գործողություններ արվում են։ Ես կարծում եմ՝ բոլոր կուսակցություններում է դա արվում։ Այստեղ որեւէ խնդիր չկա։
-Իսկ կա՞ն անձինք, ովքեր անդամակցում են կուսակցությանը։
-Այո՛, անշուշտ։
-Ի՞նչ թիվ են կազմում, օրինակ, տարեսկզբից մինչեւ հիմա։
-Տարեսկզբից մինչեւ հիմա 1500-ից ավելի անդամագրվել են ։
-Իսկ դուրս եկողները դիմում են անձա՞մբ անդամատոմսը հանձնելու համար, թե՞ այլ կերպ են դա անում։
-Դիմումով ներկայանում են տարածքային կառույց կամ հայտարարում են։
-Եթե տարեվերջին լինեն ընտրությունները, այս պատկերն ի՞նչ դժվարություններ կարող է բերել կուսակցության համար։
-Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է։
-Իսկ ներկայում հանրապետությունում որքա՞ն է ՀՀԿ-ականների թիվը։
-Մոտ 150.000։ Ճշտում ենք հիմա տվյալները։ Այդպես հստակ չասեմ, բայց մոտ 150.000-ի կարգի դեռեւս նշմարվում է։
-Կա՞ն մարզեր, որտեղից ավելի շատ են դուրս եկողները։
-Ո՛չ, հավասարաչափ։ Այդպիսի ընդգծում չկա։
-Իշխանափոխությունն ի՞նչ դժվարություններ բերեց կուսակցության համար։
-Ցանկացած կուսակցություն ճշգրտում է իր թվաքանակը, կադրային, վարչական ռեսուրսը։ Մեզ մոտ դա նորմալ հունի մեջ դրված է։ Մենք պարբերաբար՝ յուրաքանչյուր տարի դա անում ենք, արդեն 15 տարուց ավելի։ Տարեվերջին մենք, բնականաբար, նորից կանդրադառնանք այդ խնդիրներին։
-Իսկ կադրային խնդիրներն ինչպե՞ս են լուծվում դուրս եկածների համատեքստում։
-Եթե խոսքը կուսակցական աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, բնական է՝ դա արագ լրացվում, համալրվում է։ Որեւէ խնդիր չունենք մենք։ Ենթադրենք` որեւէ կառույցի ղեկավար կամ խորհրդի անդամ իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից կամ հեռացվել է, հաշվառումից դուրս է գալիս։ Հիմա արձակուրդային շրջան է, շուտով բոլոր տեղերում էլ նիստերով, կանոնադրության համաձայն կհամալրեն կառույցները։ Նորմալ, բնականոն գործընթաց է։ Եվ այդ փոփոխությունները տեղի են ունեցել նախկինում էլ։ Որոշակի ժամանակահատվածներում՝ համագումարներից առաջ կամ հետո, եւ այլ դեպքերում կուսակցականների 30-40 տոկոսի վերադասավորումներ լինում էին։
-Իսկ անդամագրվողների մեջ ավելի շատ ի՞նչ տարիքի անձինք են։
-Երիտասարդներ եւ միջին տարիքի մարդիկ` հիմնականում 30-40 տարեկան։

Զրուցեց` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՈՎՔԵՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին: Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները:

Ըստ այդմ` 46 պատգամավորներից 42-ը ՀՀԿ խմբակցության անդամներն են, 3-ը` ՀՅԴ-ից, 1-ն էլ` «Ծառուկյան» խմբակցությունից: Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` ՀՅԴ-ական պատգամավորներն են` Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։
Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պատրաստակամ ստորագրել են, սակայն համառորեն գաղտնի են պահում իրենց անունները: Այդ անունները չհրապարակեց անգամ Վիկտոր Սողոմոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթին այնուամենայնիվ հաջողվեց պարզել թե՛ ստորագրած, թե՛ չստորագրած պատգամավորների անուններ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով` Հայաստանում գտնվող բոլոր պատգամավորներին հրահանգված է եղել գալ, ստորագրել, այնուհետեւ միայն երկրից դուրս գալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Ընդ որում` նախնական նախատեսված է եղել, որ դատարան պետք է վճարվի 200 մլն գրավ, այսինքն 40 ստորագրություն եւ յուրաքանչյուրը 500 հազարական դրամ` որպես անձնական երաշխավորություն: Սակայն վերջնական արդյունքում հավաքվել է 46 ստորագրություն, եւ որպես գրավ կվճարվի 230 մլն դրամ:
Ինչպես եւ սպասելի էր, ստորագրահավաքին առաջին հերթին միացել են կարկառուն ՀՀԿ-ականները` Արա Բաբլոյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Արմեն Աշոտյան, Գագիկ Մինասյան, Վահան Հարությունյան, Միհրան Պողոսյան եւ այլք: Ստորագրահավաքին նաեւ անկուսակցականներ են միացել, օրինակ` Արտաշես Գեղամյանը, Կարեն Բեքարյանը: Մեզ հաջողվեց ճշտել նաեւ չմիացածների մի քանի անուններ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ չի միացել ստորագրահավաքին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ: Ստորագրահավաքին չի միացել եւ այս օրերին Դիլիջանում է գտնվում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը եւ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն էլ չի միացել ստորագրահավաքին: Հայտնի է, որ ստորագրահավաքին չեն միացել նաեւ Ալիկ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբ: Ստորագրահավաքին չեն միացել նաեւ ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորներից մի քանիսը եւս:
Իսկ մինչ այդ, նկատենք` Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորագրի տակ ստորագրած ՀՀԿ-ականները խուսափում են բարձրաձայնել իրենց մասնակցության մասին` հասարակության վատ արձագանքից վախենալով: Չնայած իրենց քայլով դրանից առաջ էլ՝ ոճրագործությանը հաջորդած տասը տարիներին, լինելով իշխանության ղեկին` ՀՀԿ-ականները շարունակում են մնալ որպես մարտի 1-ի հիմնական պատասխանատու: ՈՒ Քոչարյանին պաշտպանելով` նրանք իրականում պաշտպանում են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին, ով մարտի 1-ից հետո դարձավ նախագահ, եւ ուզած-չուզած ինքն էլ պետք է որեւէ կարգավիճակով անցնի մարտի 1-ի գործի շրջանակներում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների եւ պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե այնուամենայնիվ, փաստաղթեր են կեղծվել: Մեկ երեւույթ` կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանների դեմ` փաստաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը` Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել` ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն: Բանակում չի ծառայել, օրինակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդին` բնականաբար ուսման տարկետումի անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են: Հետաքրքիր է` նոր կառավարությունը կվերհանի նաեւ Բաղդասարյանի որդու փաստաթղթերը պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել:Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում եւ ինչու:

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑ ՉԿԱ
Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկտեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցելեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչներ` մոտ 5000 հոգի: Ընդ որում` սպասվում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի եւ Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, եւ շատերն են ցանկանում գալ, տեսնել Հայաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյուրանոցների հետ կապված: Եվ չի բացառվում, որ որոշում կայացվի պատվիրակություններին տեղավորել նաեւ Երեւանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժումն ապահովելը:

 

 

«ՎԱԶ 21»-Ի ՀՈՒՅՍԻՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը հույսը դրել է հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության օգտագործված ավտոմեքենաների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հունիսի 26-ին Աշտարակի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Գեւորգ Ոսկանյանի հետ: Պարզվեց, որ քաղաքապետարանը գնել է 2011 թվականի ռուսական արտադրության, արծաթագույն «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենա, որի համար քաղաքային միջոցներից ծախսել է 938 հազար դրամ:




Լրահոս