Չնայած դեռ վերջնականապես չի հայտարարվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին առանձին է գնալու, սակայն գործընթացները հենց դրան են տանում, եւ արդեն ակնհայտ է, որ գոնե ավագանու ընտրությունների մասով «Ելք» դաշինքն ի վերջո փլուզվեց, եւ ի չիք դարձավ նաեւ մեկ կուսակցություն դառնալու ծրագիրը:
Իհարկե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդպիսի պահվածքը գալիս է առաջին հերթին դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, մասնավորապես նրանց նախագահներ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի` դեռ թավշյա հեղափոխությունից առաջ որդեգրած պահվածքից:
Ակնհայտ է, որ այս օրերին Էդմոն Մարուքյանն ամեն կերպ փորձում է վերականգնել «Ելք» դաշինքը, իհարկե պայքարում է միայնակ, քանի որ նա արդեն այնքան էլ միանշանակ չի ընդունվում ՔՊ-ականների կողմից: Իսկ դրա համար մի քանի պատճառներ կան:
Նախ ՔՊ-ի պայքարի մեկնարկից ի վեր Էդմոն Մարուքյանն ու իր թիմի անդամներն այնքան էլ լավ չեն վարվել գործընկերների հանդեպ, ավելին` ամեն ինչ արել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձախողվի: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն արդարացիորեն չի վստահում Էդմոն Մարուքյանին: Եվ չնայած դրան` այս օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակտիվացել է, գրասենյակներ է բացում, համակիրներ ձեռք բերում: Օրեր առաջ այդպիսի մի գրասենյակ բացվեց Դավիթաշենում, առաջիկայում էլ սպասվում են նման գործողություններ մյուս վարչական շրջաններում: Այն, որ Էդմոն Մարուքյանը չի հաշտվում դաշինքի փլուզման հետ, ակնհայտ է դառնում նաեւ իր եւ իր կուսակցության անդամների պահվածքից եւ հանդիպումների ժամանակ տրվելիք խոստումներից:
Նախ նշենք, որ Դավիթաշեն վարչական շրջանում գրասենյակի բացման ժամանակ նկատեցինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառից բացի առկա է նաեւ «Ելք» դաշինքի պաստառը: Այս կերպ հենց նրանք փորձում են տպավորություն ստեղծել, թե միասին են, ոչինչ չի պատահել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր համակիրներին եւ նոր միացողներին թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ վարչության անդամները ներկայացնում են, թե դաշինքի հետ ամեն ինչ նորմալ է, իրենք դիտմամբ են առանձին գնում ընտրությունների, որպեսզի հետո ավագանու նիստում միավորվեն եւ ձայն տան Հայկ Մարությանին: Ակնհայտ է, որ այս կերպ նրանք փորձում են համակիրներ ձեռք բերել, սակայն վերը նշված պատճառներից ելնելով` պարզ է, որ Էդմոն Մարուքյանին ՔՊ-ի ներսում եւ անձամբ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի վստահում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներից ճշտել` ինչու են նման քայլեր անում, սակայն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, թե նիստի է, եւ չի կարող հարցազրույց տալ, իսկ հետագայում էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Չնայած «Հանրապետություն» կուսակցության անդամները, ի դեմս` վարչության նախագահ Արամ Սարգսյանի, ավելի զուսպ են եղել եւ նույնանման պահվածք չեն ցուցաբերել, սակայն ՔՊ-ի ներսում արդեն չի ընդունվում նաեւ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել հենց Արտակ Զեյնալյանին: Ինչպես հայտնի է, ՔՊ-ի առանձին մասնակցելու դեպքում ԼՀ-ի եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական թեկնածուն լինելու է նա: Ի վերջո, ՀՀԿ-ականներն ու նրանց կողմնակիցները եթե չսատարեն իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, ապա կմնա միայն Արտակ Զեյնալյանը, ում հանդեպ նրանք ավելի չեզոք վերաբերմունք ունեն, եւ չի բացառվում, որ նման որոշում կայացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հանրապետություն» կուսակցության անդամներից պարզել, թե ինչպիսի ուժեր կան, որոնց կողմից աջակցություն են զգացել: «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս օրերին իրենք Արտակ Զեյնալյանի թեկնածության շուրջ միայն դրական կարծիքներ են ստացել: Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից Զեյնալյանին սատարելու հարցին` նա նշեց. «Քանի որ Հանրապետական կուսակցությունը որպես կառույց փլուզվել է, կուսակցության եւ խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են: Չի բացառվում, որ պարոն Զեյնալյանի մեջ տեսնեն քաղաքապետի լուրջ թեկնածու: Չի բացառվում»: Դիտարկմանը` այդպիսի մեսիջներ արդեն ստացե՞լ եք, նա նշեց. «Մեսիջներ տարբեր տեղերից ստանում ենք, տարբեր մակարդակներով եւ ոչ միայն Հանրապետական կուսակցությունից»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՑՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ
ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,-մանրամասնեց պաշտպանը։ Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորներն են զբաղվում. ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։ Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել, իսկ առաջիկայի համար հստակ ժամկետ չկա՝ նոր հարցաքննություն սպասվում է, թե ոչ։
ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ՏԱՐԵԼ ԵՆ
Նախորդ տարվա ընթացքում խոհանոցային դանակով մաս-մաս կտրելու եղանակով գողացել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազային պատկանող պահեստային հեռախոսակապի մալուխները՝ 31.5 մետրի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Մկրտիչ Էյրամջյանին մեղադրանք է առաջադրվել այդ արարքի համար: Նա ՌԴ թիվ 102 -րդ ռազմաբազային պատկանող պահեստային հեռախոսակապի մալուխները գաղտնի հափշտակել է ընկերոջ` Կարեն Ալբերտի Ներսիսյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Սեւ ամրոց» համալիրին հարակից դաշտից: Այդպես պատճառվել է 72 հազար դրամի վնաս:
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ վերադարձել է 37 հազար 253 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնել է 696 հազար 903 ուղեւոր, իսկ ժամանել` 734 հազար 648-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա յոթ ամիսներին հանրապետությունից մեկնել Է 47 հազար 239 ուղեւոր, իսկ վերադարձել` 46 հազար 747: Ուշագրավ Է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոց»-ի ուղեւորաշրջանառությունն այս տարվա յոթ ամիսների կտրվածքով աճել Է ավելի քան 101 հազար ուղեւորով: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում ուղեւորաշրջանառությունը աճել է 49 հազար 715-ով: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու վերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 37 հազար մարդ է, դեռ վաղ է կարծել, որ հայրենիք են վերադարձել արտագաղթածները, քանի որ սովորաբար ամռան ամիսներին Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս:
ՄԻԱՆԳԱՄԻՑ
ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել: Նրան քաջալերել են նաեւ իր քաղաքական թիմի անդամները: «Երբ տեսա թեկնածուներին, տեսա` ովքեր կարող են առաջադրվել, կարծում եմ, դա ինքնին բերեց եզրահանգման, որ պետք է առաջադրվել»,-նշել է Արարատ Զուրաբյանը: Երեւանի կառավարմամբ պետք է զբաղվեն քաղաքից քաջատեղյակ մարդիկ: Արարատ Զուրաբյանն իրեն քաջատեղյակ համարում է. «Դա շատ բարդ մեխանիզմ է, կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես այդ օրգանիզմում շատ երկար ժամանակ եղել եմ` 6 տարի Կենտրոն համայնքի ղեկավար եմ եղել, եւ կարծում եմ, որ դա բավարար է սրա համար: Ես կարծում եմ, որ ինքս քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ: Քանի որ եթե մարդը իր պրոֆեսիոնալ պարտականությունները չիրականացնի այդ ոլորտում, դա առաջացնելու է հասարակական դժգոհություն, որը տարածվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասել է Զուրաբյանը:
ՎԱՉՈՅԻ ԿՆՈՋԸ` ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է: Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
ԱՄՍԻ 9-ԻՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` ժամը 12:00-ին։ Այս մասին Aravot am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։ Բողոքը լսելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԱՄՍԻ 16-ԻՆ
Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը Կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին: NEWS.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ այժմ սպասում են ոստիկանությունից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ֆինանսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության: «Դրանից հետո հարցը կքննարկվի նախարարական կոմիտեում, իսկ արդեն օգոստոսի 16-ին՝ Կառավարության նիստում կներկայացվի»,- ասաց Արմինե Մուրադյանը: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:
ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԵՋ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատեւ չվճարվող արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: