Ենթադրյալ հանցագործները արշավ են սկսել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի անդամներին պատկանող սեփականությունների դեմ: Այս անգամ գողություն են կատարել Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունից:
Այն, որ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող բիզնեսը կամ գույքը իրար հետեւից հայտնվում է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում, մի շարք հարցեր է առաջ քաշում:
Սկսենք ամենասկզբից: Թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց հրաժարական տվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Վերջինիս հրաժարականից երկու շաբաթ անց ենթադրյալ հանցագործները գողություն էին իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող ամառանոցից: Մասնավորապես, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից կատարել գողություն: Ըստ մամուլի հրապարակումների` գողը կամ գողերը այնտեղից տարել են սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր: Ըստ նախնական վարկածի` գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով: Վերոնշյալ տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու` Նարեկ Հովսեփյանի անվամբ:
Արդյունքում, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ:
Ու մինչ իրավապահները քննում են այս գործը , պարզվում է` սա միակ հարձակումը չի եղել Հովսեփյանների ընտանիքի վրա: Տեղեկացանք, որ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին եւս եղել է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Բալասանյանը, ըստ էության, իրեն ծանոթ Բորիկ Հայրապետյանի, Ալեն Ավագյանի եւ Արա Ազարյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի վերջիններս համատեղ մտնեն «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ եւ այնտեղից գողություն իրականացնեն: Արդյունքում վերջիններիս համաձայնությունը հաջողությամբ է պսակվում, եւ տղաները գործի են անցնում: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին համաձայնության խումբ ստեղծած Էդգար Բալասանյանը, Բորիկ Հայրապետյանը, Ալեն Ավագյանը եւ Արա Ազարյանը 3 տարբեր օրերի ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ մտնում են «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տարածք եւ գաղտնի հափշտակում են ընկերությանը պատկանող զգալի չափերի` 142 հազար 500 ՀՀ դրամ արժողության ընդհանուր 50 պարկ ցեմենտ:
Արդյունքում, վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Ի դեպ, տղաների ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան: Գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Նշենք, որ դեռեւս 2016 թվականին «Հետք» լրատվականը հրապարակել էր, որ «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանն: Նա նաեւ եղել է ընկերության տնօրեն:
Ըստ հրապարակման` 2015 թվականին Միսակ Հովսեփյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Հակոբ Գրիգորի Թադեւոսյանն է: Նա Միսակ Հովսեփյանի տարեկիցն է: Բացի բաժնետիրոջ փոփոխությունից ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընկերության ե՛ւ իրավաբանական, ե՛ւ գործունեության հասցեն նույնն է մնացել, ինչը նշանակում է, որ մասնակցի փոփոխությունը ձեւական բնույթ է կրում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Այս տարվա հուլիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ի թիվ 6 դատական բաժանմունքի լոգարանում ինքնասպան էր եղել 31-ամյա Արմեն Աղաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս մայրը` Գայանե Աղաջանյանը, ուշագրավ հայտարարություն արեց:
Ըստ մոր` որդին ամիսներ առաջ գտնվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ քրեական գործի շրջանակներում. «Ավելի ուշ որդուս հետ ՔԿՀ-ում միջադեպ էր եղել, որից հետո ընտանիքս գրավ մուծեց, եւ տղայիս գրավի դիմաց ազատ արձակեցին: Սակայն որոշ ժամանակ անց որդուս կրկին խարդախության համար ձերբակալեցին, որից հետո տանում են Նուբարաշենի հոգեբուժարան եւ այնտեղ ստուգում են մեղսունակության կամ անմեղսունակության հարցը, ինչից հետո որդիս իբր հոգեբուժարանում ինքնասպան է լինում: Իմ որդին այն երեխան չէր, որ ինքնասպան լիներ, մենք որդուս հետ կատարվածը կապում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ»:
Բանն այն է, որ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի շենքում դատապարտյալ Արման Աղաջանյանին մի խումբ անձանց միջոցով որպես պատիժ խոշտանգելու համար՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Իսկ հետո խոշտանգման դեպքը թաքցնելու համար նա, ըստ նախաքննական մարմնի, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այս արարքի համար Արման Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավարումը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Ասել է թե` ՔԿՀ-ի պաշտոնատար անձին կալանավորելուց հետո Արման Աղաջանյանի ծնողները որդուն փրկելու համար գրավ են մուծում եւ ազատ արձակում, սակայն կարճ ժամանակ անց խարդախության համար որդուն կրկին ձերբակալում են, ավելի ուշ հոգեբուժարանում գտնում ինքնասպան եղած:
Արման Աղաջանյանի ծնողները որդու առեղվածային մահվան դեպքը կապում են հենց այս պատմության հետ եւ հայտարարում, որ ամեն ինչ անելու են դեպքը բացահայտելու համար. «Մենք որոշակի ապացույցներ ունենք. մարմինը խոշտանգված է եղել, բայց մեր գերխնդիրը այս պահին այն է, թե ինչու ենք մենք մամուլից իմանում, որ որդիս ինքնասպան է եղել, մեզ անգամ տեղակ չեն էլ պահել, եւ երկրորդ խնդիրը` ով է կանգնած որդուս մահվան հետեւում»: Կատարվածը իրոք զարմանալի է ու առեղծվածային, իսկ թե ինչ կբացահայտեն իրավապահները, սպասենք զարգացումներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպանության հատկանիշններով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանում 19-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ քննչական կոմիտեի` նախօրեին Երեւանի Բագրատունյաց պողոտայի հարեւանությամբ` լճի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դի: Պարզվել է հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի բնակչուհի` ծնված 1999թ.: Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է տետր` ռուսերեն գրառումներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող: Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը` վաղ առավոտյան, զանգահարել է իր նախկին ծանոթին եւ հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեկ մահացել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի 36-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաշիդի Հովակիմյանը, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դժբախտ պատահարի հետեւանքով, նախնական տվյալներով` լճում լողանալիս: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՄԵՂԱՎՈՐ Է
Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու համար ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման: «Կողքիս մահճակալ եմ պատրաստելու, տղա ջան, կգաս…»,-այս խոսքերով նա դիմել է դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրապարակել է դատավճիռը: Ապա մինչեւ ոստիկանների ուղեկցությամբ կալանավայր հեռանալը Բարսեղյանը հայտարարություն է արել. «Այնտեղ, որտեղ ես եմ պահվում, հերոսներ կան, իսկ այսօրվա «հերոսին» խոստանում եմ` որքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու նրա կերպարը: Այսպե՞ս եք արդարադատություն իրականացնում»: Իշխան Բարսեղյանը շարունակել է. «Ողբամ քեզ, հայոց աշխարհ, այսպե՞ս եք երկիր կառուցում, նրա (նկատի ունի դատավոր Վաչե Մարգարյանին) նմաններն են արդարադատություն իրականացնո՞ւմ… համոզված եմ, որ ի վերջո արդարությունը հաղթելու է, չեմ կասկածում»: Իշխան Բարսեղյանը պնդել է, որ դատարանի վճիռն ապօրինի է. «Վերջում կհամոզվեք»:
ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Բացահայտվել է Այնթապ գյուղում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանությունը: Երեկ Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա: Պարզվել է, որ Այնթապի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է: Նախնական տվյալներով` Սահակյանի եւ մոտակայքում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի միջեւ հենց ակումբի դիմաց վեճ է տեղի ունեցել: Այդ ընթացքում Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն` 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է: Տնօրենը եւս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են: