ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է: Բանն այն է, որ մինչեւ Մոնթե Մելքոնյանի անվան նոր վարժարան ընկած ճանապարհը բավականին լավ վերանորոգված է, իսկ ահա վարժարանից անմիջապես հետո մինչեւ Պարզ լիճ հանգստի գոտի գտնվում է սարսափելի, բավականին խայտառակ ու ամոթալի վիճակում: Պարզվում է` Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ընդրգկված է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ճանապարհաշինարարական ծրագրերում: Բայց այս գերատեսչությունը այդպես էլ մատը մատին չի խփում խնդիրը լուծելու ուղղությամբ:

Պարզ լիճ տանող ճանապարհը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրը, եւ մեծ անհարմարություններ են առաջանում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, ովքեր փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում: «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Օպելլա» ընկերության եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ դեռեւս 2006 թվականին կնքվել է պայմանագիր, ըստ որի` 25 տարի ժամկետով ընկերությունը վարձակալել է ՊՈԱԿ-ի Պարզ լիճը եւ հարակից տարածքները: Պարզվում է` դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնում է նաեւ «Օպելլա» ընկերությունը:
«Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտարարեց, որ ընկերության կողմից տարիների ընթացքում խոշոր չափերի ֆինանսական ներդրումներ են կատարվել հանգստի գոտի, զբոսաշրջության կենտրոն ստեղծելու համար:
«Ընկերության նախատեսած առաջիկա ծրագրերի իրագործմամբ կստեղծվեն աշխատատեղեր: Այդ տարածաշրջանում պայմաններ կան, որպեսզի այն դառնա Հանրապետության զբոսաշրջության առաջնային կենտրոններից մեկը, բայց նախատեսված ծրագրերի, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման վրա խիստ բացասաբար է անդրադառնում Դիլիջան-Երեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակը: Մեր կողմից վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նշված ճանապարհը նվազագույն պայմաններով երթեւեկելի դարձնելու, զբոսաշրջիկների եւ այլոց անվտանգությունը ապահովելու ուղղությամբ. մաքրվել են ջրահեռացման գծերը, վերականգնվել են փլվածքները: Բայց չնայած սրան` ճանապարհի վիճակը մնում է անմխիթար եւ վտանգավոր, իսկ ավտոբուսների երթեւեկությունը ընդհանրապես հնարավոր չէ: Նման վիճակը մեծ եւ միակ լուրջ խոչընդոտն է տուրիզմի զարգացման տեսանկյունից»,- խոստովանեց «Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը:
Ի դեպ, ընկերության տնօրեն Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից իրենք պատասխան են ստացել, ըստ որի` Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները հնարավորության սահմաններում կընդգրկվեն ճանապարհաշինարարական ծրագրում: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել, իսկ նշված ճանապարհը մնացել է նույն անմխիթար վիճակում:
«Արտասահմանյան եւ տեղական մի շարք տուրիստական ընկերություններ, հաշվի առնելով զբոսաշրջիկների ցանկությունը ստեղծված տուրիստական հետիոտն երթուղով Պարզ լիճ-Գոշավանք այցելելու մասին, եղել են տեղում, կատարել են ուսումնասիրություններ: Սակայն նկատի ունենալով, որ մեծ ավտոբուսների երթեւեկությունը այդ ճանապարհով դեպի Պարզ լիճ անհնար է` հրաժարվել են այդ ծրագրերից: Փաստորեն, միայն այդ պատճառով բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ չեն այցելում ՀՀ»,- մեծ ափսոսանքով նկատեց Իգիթյանը:
«Օպելլա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում նշված ճանապարհի հիմնանորոգումից հետո շահագործման ծախսերը իր վրա վերցնելու եւ այն բարեկարգ վիճակում պահելու համար: Բայց չնայած սրան` նախարարությունը ուղտի ականջում քնած է:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցը` ինչն է պատճառը, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դեռեւս չի հիմնանորոգել դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը, այդպես էլ ողջ օրվա ընթացքում պատասխան չստացավ: Հուսանք, որ այս հրապարակումից հետո գերատեսչությունը ուշքի կգա եւ կիրագործի ժամանակին տված խոստումները:
Մինչ այդ Վաչիկ Իգիթյանը պնդում է՝ տարածքում հսկայական աշխատանքներ են իրականացվել, եւ տասնամյակների ընթացքում լճում կուտակված աղբը մաքրվել է: «Զբոսաշրջիկների կենցաղը եւ հանգիստը միջազգային ստանդարտներին համապատասխան կազմակերպելու համար ստեղծվել են ավտոկանգառներ, խաղահրապարակներ, կառուցվել են քոտեջներ: Իրականացվել են նաեւ մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես ստեղծվել է Պարզ լիճ-Գոշավանք տուրիստական հետիոտն երթուղին` հաշվի առնելով, որ Պարզ լիճը եւ շրջակա տարածքները գտնվում են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի պաշտպանության տակ»,- ներկայացրեց ընկերության տնօրենը: Բացի այս, «Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը փոխանցեց, որ իրենց կողմից ներկայումս շարունակվում են ֆինանսական ներդրումները:
Զրույցի ընթացքում ընկերության տնօրենը բարձրաձայնեց նաեւ այլ խնդիրների մասին: Այսպես, պարզվում է հանգստի գոտի է, բայց ապահովված չէ էլեկտրաէներգիայով եւ գազով: Համաձայնեք, որ սրանք այն կարեւոր նվազագույն պայմաններն են, որ պետք է ունենալ տուրիստներին գրավելու եւ, ընդհանրապես, տուրիզմը զարգացնելու համար: Այնինչ, Պարզ լճում ծառայություն մատուցող ընկերությունները էլեկտրաէներգիա ստանում են «դվիժոկով»: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մտադիր չէ անհրաժեշտ վճարումներն անել ե՛ւ «Հայաստան էլեկտրական ցանցեր», ե՛ւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Բացի այս, «Օպելլա»-ի եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` Պարզ լճի եւ նրան հարող տարածքներում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ տուրիզմի զարգացման, քաղաքացիների հանգստի կազմակերպման ուղղությամբ: Սակայն այդ աշխատանքների վրա բացասաբար է անդրադառնում այն հանգամանքը, որ լճի ափամերձ հատվածներում կան ծառեր, որոնք տարբեր պատճառներով գտնվում են թեքված վիճակում եւ ամեն պահի կարող են տապալվել: Ընկերությունը բազմաթիվ անգամ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պահանջել է առանձին հատվածներում իրականացնել այդ ծառերի սանիտարական հատումներ: «Չէ՞ որ նման վիճակը վտանգավոր է զբոսաշրջիկների եւ լճի շրջակայքում հանգստացող մարդկանց համար: Այս պատճառով, անհրաժեշտ է` հատվեն այն ծառերը, որոնք ամեն պահի կարող են տապալվել, իրականացվեն սանիտարական հատումներ»,- լրացրեց տնօրենը: Ի դեպ, այս խնդրի պատասխանատուն եւս «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է, բայց դարձյալ ոչինչ չի ձեռնարկվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՎ ԱՆՏԱՌԻՑ ՕԳՏՎԻ, ՈՎ ՔՆՆԱԴԱՏԻ

Ներկայումս ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Իջեւանի անտառտնտեսության մի քանի աշխատակիցների վերաբերյալ: Իրավապահներից ստացված տեղեկություններով` առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի պաշտոնական դիրքի չարաշահումների, պաշտոնական կեղծիքի հոդվածներով: Այս գործում ներգրավված են Իջեւանի անտառտնտեսության անտառապետ, անտառապահ:

Գործը վերաբերում է որպես թափուկ, բնակչությանն առանց վճարի, ինքնապատրաստմամբ տրվող վառելափայտին: Այս դեպքում նույն ընտանիքի տարբեր անդամների անուններով 8-ական խորանարդ մետր թափուկ է տրվել, այն դեպքում, երբ անվճար թափուկը տրվում է ընտանիքի հաշվով: Բերդի տարածաշրջանից հայտնում են, որ այդ տարածաշրջանի Իծաքար գյուղի տարածքում գտնվող անտառներում ապօրինի հատումները շարունակվում են: Իծաքարը հարակից է Իջեւանի տարածաշրջանին, Իծաքարով է ձգվում Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհը: Այդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապօրինի հատումների արդյունքում առաջացած փայտանյութը տեղափոխել Իջեւան, այնտեղից էլ հանրապետության տարբեր վայրեր: Իջեւանի անտառները նախկին տարիներին կատարված մեծածավալ ապօրինի հատումների հետեւանքով խիստ տուժել են, այդ պատճառով փայտի բիզնեսով զբաղվողներն իրենց ուշադրությունը սեւեռել են Բերդի տարածաշրջանի անտառների վրա: Իծաքարի անտառների ապօրինի հատումները չեն կարող կատարվել առանց անտառապահների եւ անտառապետերի իմացության: Բերդի տարածաշրջանի բոլոր անտառներն ընդգրկված են Արծվաբերդի անտառտնտեսության մեջ:
2018թ. հունիսի 18-ին այդ անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդգես Աթոյանը: Նա ՀՅԴ անդամ է: Անտառտնտեսությունը գործում է անտառային պետական կոմիտեի ենթակայությամբ, կոմիտեի նախագահը ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է: Անտառային պետական կոմիտեն ՀՀ բնապահպանության նախարարության կազմում է: Նույն նախարարությանն է պատկանում նաեւ Բերդ քաղաքում 62 հա տարածք զբաղեցնող «Սորանի այգի» դենդրոպարկը, որը գործում է խորհրդային ժամանակաշրջանից: 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դենդրոպարկի տնօրեն նշանակվեց երկար տարիներ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող Վարդգես Աթոյանը: 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վ. Աթոյանը մեկնեց Մոսկվա` իր փոխարեն տնօրեն նշանակելով հարազատ որդուն` Դավիթ Աթոյանին, որը հիմա ղեկավարում է դենդրոպարկը: Մինչ ՀՅԴ ղեկավարները քննադատում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը, ՀՅԴ անդամ պաշտոնյաները շարունակում են օգտվել իշխանության բարիքներից` ղեկավարելով անտառային պետական կոմիտեն եւ անտառտնտեսություններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս