«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքի, աննախադեպ զարգացումների, դրանց հնարավոր հետեւանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ: Վերջինս, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, կարծիք է հայտնել, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մուլտիպլիկատորն անդրադարձել է նաեւ հանրության շրջանում իշխող տրամադրություններին: Նա տեսակետ է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մեծ մասամբ ագրեսիվ են եւ անհանդուրժող այլ կարծիքի նկատմամբ: Մեր զրուցակցի համոզմամբ` դա կարող է դառը պտուղներ տալ:

-Պարո՛ն Սահակյանց, ի՞նչ տպավորություն ունեք նոր կառավարության գործունեությունից: Ի՞նչն է Ձեզ ոգեւորում եւ ի՞նչը մտահոգելու առիթ տալիս:
-Երեւի վաղ է խոսել այդ մասին, քանի որ իմ տպավորությամբ խոսքը փորձնական, դեռ չկայացած կառավարության մասին է: Ուստի դժվար է որեւէ կարծիք կազմել: Որոշ դեպքերում կառավարությունը ճիշտ քայլեր է անում, որոշ դեպքերում` ոչ. ժամանակ է պետք:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ի՞նչ կասեք: Սպասու՞մ էիք նման զարգացման:
-Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում, բայց բոլոր այդ գործողություններն արդարացված կլինեն, եթե միայն մեկ ուղղությամբ չիրականացվեն, եթե անձնավորման միտումներ չլինեն: Մարտի 1-ի դեպքերի հաշվով կան այլ խաղացողներ եւս, որոնք իրենց բաժին մեղքն ունեն, եւ անհասկանալի է, թե ինչու են միայն Քոչարյանի ուղղությամբ գնում: Էլի մեղավորներ կան: Կարծում եմ` Մարտի 1-ի դեպքերի հետ կապված իր մեղքի բաժինն ունի նաեւ այն ժամանակվա ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի:
-Փաստորեն, Դուք համաձայն եք այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
-Այո՛, դա էլ եմ տեսնում: Ուղղակի ուզում եմ հասկանալ` այս ամենը մեզ ուր է տանելու, ինչի է հանգեցնելու: Դեռ կա անմեղության կանխավարկած, բայց շատ էքսպերիմենտալ ժամանակահատվածում ենք ապրում, առաջին հերթին դա է խնդրահարույց: Մտավախություն ունեմ, որ դա կարող է իր վատ հետեւանքներն ունենալ: Հույս ունեմ` այդպես չի լինի:
-Իսկ հանրության տրամադրությունների մասին ի՞նչ կասեք: Այն էյֆորիան, որն առաջ եկավ հեղափոխության ժամանակ, անցե՞լ է, թե՞ դեռ ոչ:
-Կասեմ, որ «սիրո եւ համերաշխության» լոզունգը չի կիրառվում: Մարդիկ` հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մեծ մասամբ շատ ագրեսիվ են եւ այլախոհներին հալածանքի են ենթարկում: Շատերը նույնիսկ վախենում են կարծիք արտահայտել: Այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի բերելու: Չէ՞ որ բոլորն էլ իրենց տեսակետն արտահայտելու իրավունք ունեն: Չի կարելի էմոցիոնալ պոռթկումների ֆոնին ասել` Նիկոլը միանշանակ ճիշտ է, մնացածը` սխալ: Այդպես չէ: Ամեն դեպքում, էյֆորիան աստիճանաբար անցնում է եւ իր տեղն է զիջում վերլուծական մտքին: Հուսով եմ` այդ միտումը շարունակական կլինի, մարդիկ ավելի շատ կմտածեն, ոչ թե էմոցիաների ետեւից կգնան: Կոնստրուկտիվ դիալոգ ունենալու միակ ճանապարհը նորմալ մթնոլորտ ստեղծելն է: Չի կարելի առաջնորդվել «մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես» սկզբունքով: Այնինչ, այդ տրամադրությունը բավական արտահայտիչ է:
-Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, ո՞րն է Ձեր ցանկությունը:
-Ուզում եմ, որ մարդիկ երեւույթների մասին դատողություններ անելուց առաջ մտածեն, ոչ թե միայն էմոցիաներին տրվեն: Ամեն դեպքում, ես լավատես եմ, հուսով եմ, որ իմ նշած խնդիրները կլուծվեն, եւ կստեղծվի առողջ մթնոլորտ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ «ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ»-ԻՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

«Ռեինկարնացիա» խումբը պատրաստվում է սեպտեմբերին իր երկրպագուներին ներկայանալ նոր տեսահոլովակով: Այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքներ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց խմբի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը: Բացի այդ, եւս մեկ անակնկալ է սպասվում խմբի երգերի սիրահարներին. օգոստոսի 11-ին «Ռեինկարնացիա»-ն կմասնակցի Սեւանի ափին կայանալիք բացօթյա համերգին, որի ժամանակ հանդես կգան նաեւ Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Դիջեյ Սերժոն:

Մենք հետաքրքրվեցինք` «Մի քանի հոգի» երաժշտական նախագիծն (Միշո, Սերժո, Ռոլանդ Գասպարյան, A.Chilla, Ֆելիքս Խաչատրյան) առաջիկայում նոր երգով արդյոք հանդես կգա. «Պետք է նոր գաղափար լինի, որ նոր գործ ծնվի: Բայց հիմա ժամանակի սղության խնդիր կա: Բանն այն է, որ Ռոլանդը զբաղված է նաեւ իր տեսահոլովակի ռեժիսուրայով, եւ հաճախ ժամանակ չի մնում մյուս համագործակցությունների համար: Ամեն դեպքում, նա տղաների հետ կապի մեջ է, վերջիններս հաճախ այցելում են Ռոլանդին»,-պատասխանեց Աշոտը:
Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ «Ռեինկարնացիա»-ն սեպտեմբերին կմեկնի Լիբանան երգելու կորպորատիվում` հարսանյաց խնջույքում: Աշոտը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում եւ արտերկրում հայերը հարսանյաց արարողություններ կազմակերպելիս 6/8 երաժշտական չափից բացի սկսել են նախապատվություն տալ նաեւ այլ տիպի երաժշտության, օրինակ` ռեգգիի.
«Պատվիրատուները հաճախ նախապատվությունը տալիս են կենդանի երաժշտություն ներկայացնող խմբերին: Մեր խումբը բաղկացած է ինը երաժիշտից»,-ասաց նա: Իսկ հարցին, թե ինչ արժե այդ հաճույքը, արդյոք խոսքը աստղաբաշխական թվերի մասին է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք չենք կարող համեմատվել, ասենք, Ռազմիկ Ամյանի հետ, այսինքն` անհատ կատարողի, մերը թիմ է, մենք կարող ենք խմբերի հետ համեմատվել: Կարող եմ ասել, որ Հայաստանում շատերը կան, որոնք մեզնից ավել են վաստակում»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԲԱՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ նոր մրցաշրջանում իրեն ավելի ուժեղ կազմ է պետք. «Մեր գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը վաղուց տեղյակ է, թե ես ինչ եմ ցանկանում: Նա փորձում է անել հնարավոր ամեն բան: Մենք դեռ մի քանի օր ժամանակ ունենք նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը: Մեր մրցակիցներն իսկապես ուժեղ են եւ ֆանտաստիկ կազմ ունեն` «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն… Մյուս ակումբները ակտիվ փոփոխություններ են կատարում իրենց կազմերում, ինչպես օրինակ «Լիվերպուլ»-ը, որը գնում է բոլորին: Եթե մենք չուժեղացնենք կազմը, շատ բարդ մրցաշրջան կունենանք»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Հիշեցնենք, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվելու է նախքան Պրեմիեր լիգայի մեկնարկը` օգոստոսի 9-ին:

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան շարունակելու է Հոլանդիայի առաջնությունում: Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշ»-ին, վարձավճարով տեղափոխվելու է Հոլանդիայի Բարձրագույն խմբում` Էրեդիվիզիայում, հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ: Հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հաստատել է, որ շուտով պաշտոնապես կվարձակալի 28-ամյա ֆուտբոլիստին, իսկ այժմ լուծվում են փաստաթղթային հարցերը: Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Օզբիլիսի վարձակալությունը նախատեսված է լինելու 2018-19թթ. մրցաշրջանի համար: Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսն «Այաքս»-ի մարզադպրոցի սան է: «Այաքս»-ի գլխավոր թիմում Օզբիլիսը խաղացել է 2010-2012 թվականներին:




Լրահոս