«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էության բնորոշ գծերը, անդրադարձել ենք գործնականին եւ անձնականին առնչվող թեմաների:
-Թամարա՛, երբ Դուք ծնվեցիք…
-Չէի շնչում: Մի քանի վայրկյան անց` բոլորին սրտաճաք անելուց հետո, նոր սկսել եմ շնչել:
-Ձեզ հաճախ նմանեցնում են…
-Սքարլեթ Յոհանսոնին, երբ շպարված եմ:
-Մանուկ ժամանակ երազում էիք դառնալ…
-Այն, ինչ դարձա այսօր:
-Բակային ընկերներից ամենաշատը կարոտում եք…
-Անխտիր բոլորին: Իրականում շատ կապված եմ եղել բակիս հետ: Մանկությանս մեծ մասը հենց այնտեղ է անցել: Մայրս ասում է, որ ես ոչնչով նեղություն չեմ պատճառել, բայց միաժամանակ աշխույժ եւ ակտիվ երեխա եմ եղել, «դինջ» չեմ եղել:
-Միշտ իմացել եք, որ կարող եք…
-Ավելին:
-Շարունակեք միտքը. «Լավ տղամարդը նա է, ով…»
-Իրոք լավ տղամարդ է (ծիծաղում է), ով ունի պատասխանատվության զգացում: Ոչ միայն նոր սերնդի, այլեւ իմ սերնդակիցների շրջանում նկատում եմ, որ այդ զգացումը շատերի մոտ թուլացել է: Այնպիսի ուղի են բռնել, որով անցնելիս ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ: Բազմաթիվ տղամարդիկ ծայրահեղ դեպքերում են պատասխանատվություն կրում, հարաբերությունները կառուցում են այնպես, որ դրանից փախչեն: Ու երբ տեսնում ես մեկին, ով օժտված է այդ հատկությամբ, շատ ես ուրախանում:
-Անձնական կյանքում սովորաբար հեռանում եք Դուք, թե Ձեզնից:
-Ինձնից:
-Ձեզ վիրավորում է այն մարդու խոսքը, որը…
-Ես ոչ ոքից չեմ վիրավորվում: Այդ ի՞նչ պետք է ինձ ասեն, որ վիրավորվեմ: Այդպիսի բան հազարամյակը մեկ կարող է լինել: Բայց ես եզրակացություններ եմ անում, բացահայտումներ եմ անում եւ հասկանում` այդ մարդը պետք է ինձ մոտ լինի, թե չէ: Փոխարենը կարող եմ վատ զգալ այն բանից, երբ զգամ, որ նստել են գլխիս: Պայքարում եմ դրա դեմ:
-Ներում եք, բայց չե՞ք մոռանում, թե՞ մոռանում եք, բայց չեք ներում:
-Ներում եմ, բայց զգուշանում եմ:
-Ումի՞ց եք վախենում:
-Ինձնից, իմ ծուլությունից: Ծայրահեղ ծույլ մարդ եմ եւ եթե չլինեի նաեւ ծայրահեղ պատասխանատու, վիճակս լավ չէր լինի: Եթե մեկին մի բան եմ ասել, պետք է անեմ, բայց ինքս ինձ հետ չեմ կարողանում պայմանավորվել:
-Մեկը, ով Ձեզ վրա մեծ ազդեցություն ունի:
-Մայրս: Հենց որեւէ հարցի շուրջ մեջս կասկած է ընկնում, անպայման մորս հետ եմ զրուցում: Հիմնականում 99.9 տոկոսով նույն կերպ ենք մտածում, կարծես երկրորդ եսիս հետ խոսեմ:
-Ափսոսում եք, որ չեք հասցրել…
-Կարծես թե ամեն ինչ հասցրել եմ: Երեւի կարող էի դպրոցում ավելի լավ սովորել: Իհարկե, վատ չէի սովորում, բայց կարող էի ավելին:
-Միշտ երազել եք ունենալ…
-Այն, ինչ ունեմ այսօր:
-Ձեր աշխատանքի հետ կապված ամենամեծ դժվարությունը…
-Երբ կուրորեն նվիրվում ես, հետո պարզվում է, որ քեզ կուրորեն նվիրված չեն: Դա երեւի կապված է երիտասարդական հովերի հետ: Մի բանի որ դիպչում ես, գնում ես մինչեւ վերջ: Եվ երբ պահը գալիս է, պետք է ստանաս քո հասանելիքը, տեսնում ես, որ այն կա՛մ թերի է, կա՛մ չկա:
-Փողը կարող է երջանկացնել մարդուն, եթե…
-Խելքով ծախսի այն:
-Ամենալավ բաները կատարվում են…
-Առավոտյան խոհանոցում: Այնտեղ են տեղի ունենում ամենագողտրիկ խոսակցությունները, այնտեղ է սիրտն անսպասելի բացվում: Վերջերս Ղարաբաղում էի, առավոտ շուտ զարթնեցի, իջա բակ, հայրս դեռ քնած էր, մայրս արթնացել էր, աքլորներն էլ ծուղրուղու էին կանչում. դա կատարյալ երջանկություն էր:
-Շարունակեք միտքը. «Եթե ինձ չեք սիրում…»
-Դա Ձեր իրավունքն է:
-Եթե ուզում եք կյանքը ժպտա Ձեզ…
-Պետք է կյանքին տաք ամեն ինչ` Ձեր լավ տրամադրությունը, աշխատասիրությունը, երջանկության զգացողությունը, երախտագիտությունը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՅԴ ԹԵՄԱՅՈՎ ԱՆԳԱՄ ՎԵՃԻ ԵՄ ԲՌՆՎՈՒՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ»
«Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ տեղի է ունենում, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որ նման զարգացումներ կլինեին: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը փորձում է դուրս մնալ էյֆորիկ տրամադրություններից եւ երեւույթներին սթափ հայացքով նայել: Աշոտին զայրացնում են այն մարդիկ, որոնք կառավարությունից պահանջում են երկարատեւ լուծումներ պահանջող խնդիրների վերացում. «Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30 տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-նկատեց նա:
Դերասանի համոզմամբ` կառավարությունում բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, եւ դա նորմալ է. «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի: Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտը:
Նրա կարծիքով` Հայաստանում բոլոր ոլորտներում պետք է հեղափոխություն լինի, այդ թվում` մշակույթի բնագավառում. «Համբերությամբ զինված սպասում եմ, որ խոշոր հարկատուները մտնեն հարկային դաշտ, բյուջեն լցվի եւ այդ թվում մեր ոլորտը սկսի ավելի ակտիվ սուբսիդավորվել: Օրինակ` մեր բնագավառում աշխատավարձերի բարձրացումը անհապաղ է: 80 հազար դրամ աշխատավարձով դերասանն ի՞նչ պետք է անի. ստիպված պետք է զբաղվի հանդիսավարությամբ, սերիալներում պետք է նկարահանվի, եւ արդյունքում տուժելու է թատրոնը, որն ամենակարեւորն է դերասանի համար: Բայց սա էլ ժամանակի հարց է: Հուսով եմ` մեր կառավարությունը արվեստին առնչվող խնդիրները չի անտեսի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿՓՈԽԻ՞ ԹԻՄԸ
Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին վստահ է, որ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի խաղացողներ Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչն այս ամռանը չեն հեռանա Արքայական ակումբից: «Մենք գոհ ենք նախապատրաստական փուլից եւ խաղացողների տրամադրվածությունից: Մենք շարունակում ենք աշխատանքը: Լուկա Մոդրիչի եւ Մատեո Կովաչիչի հեռանալու մասին ոչ մի խոսք չկա: Վստահ եմ, որ նա կմնա: Խոսակցությունները, թե Կովաչիչը գործադուլ է անում եւ չի մարզվում, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Գոհ եմ նրա աշխատանքից եւ ուրախ եմ, որ նա մեր թիմի խաղացող է»,-ասել է Լոպետեգին:
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Լուկա Մոդրիչը բանակցում է իտալական «Ինտեր»-ի հետ, իսկ Մատեո Կովաչիչը ցանկանում է փոխել թիմը, քանի որ «Ռեալ»-ում չի ստանում խաղաժամանակ:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է հասել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի եւ Բելգիայի հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի հետ: «Տոտենհեմ»-ը եւս կողմ է նրա տրանսֆերին, քանի որ Ալդերվեյրելդը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ եւ ցանկանում է արդեն այս ամռանը փոխել ակումբը: Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 60 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Ալդերվեյրելդը Բելգիայի հավաքականի կազմում դարձավ 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
ՄՐՑԱԿԻՑ Է ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻՆ
«Բարսելոնա»-ի նորեկ Արտուրո Վիդալը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: «Ես շատ ուրախ եմ «Բարսելոնա»-ում լինելու համար, ինձ համար աշխարհի լավագույն ակումբում եմ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի հաղթեմ ամեն ինչ: Ես առաջ քայլ եմ կատարել: Ցանկանում եմ օգնել թիմին տիտղոսներ նվաճելու համար: Կարծում եմ` առաջիկա 3 տարիներին մենք ամեն ինչ կնվաճենք: Ես «անտիմադրիդիստ» չեմ, մրցակից եմ բոլոր թիմերին, որոնք խաղալու են «Բարսելոնա»-ի դեմ: Իմ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, հուսով եմ` դա կանեմ «Բարսելոնա»-ի հետ»,- ասել է չիլիացի ֆուտբոլիստը: