ՇՐՋԱՆԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործի շրջանակներում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Խուզարկության արդյունքում այնտեղ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գեւորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրության, «ԱԱԾ-ն ՀՔԾ-ի հետ համատեղ իրականացնում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ ստուգելու հայտնաբերված զենքերը 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին գործադրված լինելու հանգամանքը»: Այսպիսով, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, եւ հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, եւ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եւ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է: Բայց նրան մեղադրանք դեռ չեն առաջադրել, համենայն դեպս, այդ մասին չկա պաշտոնական որեւէ տեղեկություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել նրան, բայց հեռախոսն անջատած էր:Դատելով իրադարձությունների այսօրինակ զարգացումներից` հնարավոր է շատ արագ մեղադրյալների շարքը համալրի նաեւ Աբրահամյանը: Մինչ այդ տարակուսելի է, որ մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ: Ու մեկ փաստ էլ. հետաքրքիր է՝ զինանոցում ինչ գործ ունեն գնդացիրները, դիպուկահար զենքերը. եթե այդ ամենը բանդաներ զինելու, ՀՀ-ում եւ մասնավորապես Արտաշատում ՀՀԿ իշխանություն պահելու համար չէր, ի՞նչու էին հավաքել, պահել այդքան զինամթերք: Ի դեպ, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը Արցախյան պատերազմին չեն մասնակցել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա: Մինչ այդ մեկ փաստ էլ. հետաքրքիր է` ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում առնվազն որպես վկա հարցաքննության կկանչի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ. ի վերջո, այդ օրերին նա ՀՀ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում եւ ինքն էր իշխանության թեկնածուն, հանուն որի իրականացվեց այդ սպանդը:

 

 

ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե եւ կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երեւանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասը օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին:

 

 

Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են բավական թանկ գներով: Խոսքը ե՛ւ մրգերի, ե՛ւ բանջարեղենի մասին է: Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում: Նույնը նաեւ պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան: «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ է ներկրվում»,-նշեց նա:

 

 

 

ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Հիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները (որոնք 2016թ. գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը` սպանելով երեք ոստիկանի), Հայաստանում քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց բացի, այժմ էլ որոշել են գործունեություն ծավալել Արցախում: Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրանք հայտարարություն էին տարածել` հայտնելով, թե ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ՀՀ-ում կուսակցություն կստեղծեն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով:
Այժմ էլ նույն ուժերը որոշել են ընդլայնել գործունեության շրջանակը` հասնելով Արցախ: Մասնավորապես, երեկ նրանք նոր հայտարարություն են տարածել, որտեղ Արցախում իշխանափոխության կոչ են հնչեցնում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը որակելով հակապետական, քրեամետ: Արցախի իշխանությունների դեմ հայտարարության հիմք է հանդիսացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը: «Վաղուց ժամանակն է, որ Արցախում եւս իրականացվի տեղային իշխանափոխություն եւ վերջ տրվի այս երկարատեւ անհեթեթությանը: Օգոստոսի 17-ի համահայկական հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը մերժի Ստեփանակերտում նստած թյուրիմացություններին»,- ասված է հայտարարության մեջ: Ու նրանք կոչ են արել նույն օրը Երեւանի հանրահավաքին զուգընթաց Ստեփանակերտում հանդես գալ հանրահավաքով:
Իհարկե, հայտարարության հեղինակները կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենքը փրկելու ազնիվ մղումով, ինչպես այսօր մեկնաբանում են երկու տարի առաջ իրենց արած «քաջագործությունը»՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երեք ոստիկանի սպանությունը: Այլ բան նրանցից դժվար է սպասել: Միայն թե նրանց այս քայլերը չափազանց վտանգավոր են: Ի վերջո, նրանք կոչ են անում Երեւանում կայանալիք հանրահավաքին զուգընթաց Արցախում իշխանափոխության պահանջով հանրահավաք անցկացնել այն դեպքում, երբ Երեւանում հրավիրված միջոցառման ո՛չ նախաձեռնողը, ո՛չ կազմակերպիչն իրենք չեն: Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Երեւանում, որի ժամանակ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Եւ հիմա «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբավորման քայլն այլկերպ, քան սադրանք ՀՀ իշխանության դեմ, դժվար է որակել, երբ օգտագործելով Փաշինյանի հանրահավաքը` փորձում են խժդժություններ իրականացնել նաեւ Արցախում: Մեկ հիշեցում. այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հերթով ազատ են արձակվում ԲՀԿ-ական պատգամավորների երաշխավորագրերով:




Լրահոս