ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՁԵՌՔՆ Է, ՄԻ՛ ԹՈՂԵՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, դատախազությունը մերժեց Ձեր ու եւս 44 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն։
-ՀՀԿ-ն դեռ չի քննարկել՝ ինչ է պատրաստվում անել, քանի դեռ դատարանի որոշումը չկա։ Երբ որոշումը լինի, կտեսնենք։ Համենայնդեպս, մենք քաղաքական կուսակցություն ենք, եւ քաղաքական կուսակցությունը պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ անի քայլեր, որոնք նպաստում են Հայաստանում ազգային արժեքային համակարգի զարգացմանը, ոչ թե կրկնակի ստանդարտների ապահովմանը։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ գլխավոր դատախազության հայտարարության, ՀՔԾ պետի հայտարարության հետ կապված Խաչատուրովի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք գործ ունենք անհիմն ձեւակերպումների հետ։ Եվ եթե այսպես շարունակվի, միգուցե հիմնավորվեն այն մտահոգությունները, որ, այո, Հայաստանում կոնկրետ անձանց նկատմամբ գործում է կա՛մ քաղաքական պատվեր, կա՛մ անձնական սուբյեկտիվ մոտեցում։
-Փաստ է, որ 2008 թվականին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։
-Մի վայրկյան, ես Մարտի 1-ի վերաբերյալ 2008-ին իմ կարծիքը հայտնել եմ։ Երկրորդ` Մարտի 1-ի հետ կապված Հանրապետական կուսակցությունից ավելի շահագրգիռ ուժ չկա, որն ամբողջությամբ արտահայտեր այն մանրամասները, որ տասը զոհի հետ են կապված։ Հիմա չեմ ուզում Մարտի 1-ի վերաբերյալ մոտեցումների մեջ մտնել` ով է մեղավոր, ով չէ մեղավոր։ Խոսքն այսօր երկրորդ նախագահին հանիրավի կալանքի տակ պահելու մասին է։ 45 պատգամավոր ստորագրում են, հետո ՀՔԾ պետը սկզբում, այնուհետեւ Գլխավոր դատախազությունը հայտարարում են, որ ինքը պետք է մնա կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանն ունի փաստաբաններ, որոնք իրավական ճանապարհով թող իրականացնեն իրենց գործողությունները։ Ես՝ որպես քաղաքական գործիչ, իմ մտահոգությունն եմ հայտնում կալանքի վերաբերյալ։
-Եվ որպես քաղաքական գործիչ՝ չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի մասով, քանի որ այդ ժամանակ երկրի նախագահն էր։
-Բոլոր ժամանակներում էլ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Բայց քաղաքական պատասխանատուն ու մեղավորը տարբեր հասկացություններ են։ Քաղաքական պատասխանատվությունը, մեղավորը, հանցագործը շատ տարբեր եզրույթներ են։ Քոչարյանն ունի շատ լուրջ փաստաբաններ, որոնք կներկայացնեն փաստեր։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանն իմ պաշտպանության կարիքն ունի։ Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, շահագրգռված եմ, որպեսզի իմ երկրում չլինեն ընտրովի արդարադատություն, կրկնակի ստանդարտներ։ Ես առնվազն տարակուսելի, զավեշտալի եւ մտահոգիչ եմ համարում այն, որ երկու կամ երեք պատգամավորների միջնորդություն՝ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներին կալանքից ազատելու վերաբերյալ, բավարարվում է, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ՊՊԾ գնդի վրա հարձակվել են, որի արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ, իսկ 45 պատգամավորի ստորագրության վերաբերյալ ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազությունն ասում են, որ Քոչարյանը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Ծիծաղելի մեկնաբանություններ են։ Այդ ի՞նչ պիտի անի Քոչարյանը. իշխանությունը ձեր ձեռքն է. մի՛ թողեք` Հայաստանից գնա։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե դուք չեք կարողանում Հայաստանի սահմանները փակ պահել, որ Քոչարյանը չփախչի, կամ Քոչարյանը եթե փախչող լիներ, չէր գա։ Քոչարյանը հայտարարել է, որ արտասահմանից գալու է։ Արտասահմանից չէր գա, կմնար դրսում։ Մարդը եկել է, չէ՞։ Մարդը Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, Արցախի հերոս է եղել, Արցախի առաջին նախագահն է եղել։ Այստեղ պետության խնդիր կա։ Չի կարելի արդարադատությունը եւ սեփական կարծիքը նույնականացնել։
-Ասում եք՝ ՀՀԿ-ն ամենից շատ է շահագրգռված, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն։ Այդ դեպքում նախորդ 10 տարիներին ինչո՞ւ հստակ քայլեր չարվեցին։
-Իսկ ո՞վ է ասել, որ հստակ քայլեր չեն արվել։ Իսկ այսօր ինչ-որ նոր բան ի հայտ եկե՞լ է, կոնկրետ փաստեր կա՞ն, թե ով է կրակել։ Մենք խոսում ենք տասը զոհերի մասին. որեւէ մեկը գիտի՞, թե նրանց ով է սպանել։ ՀՀԿ-ն ոչ մի բան չի կոծկել։ ՀՀԿ-ն առաջինն է շահագրգռված, որ տասը զոհերի սպանության հանգամանքները պարզվեն։
-Բայց տասը տարվա ընթացքում չպարզվեց։
-Ուրեմն հիմա շատ վտանգավոր բան է տեղի ունենում. հիմա տեղի է ունենում անձնական, սուբյեկտիվ հիմքերի վրա քաղաքական գործընթաց, ոչ թե իրավական։
-Իսկ ստորագրահավաքին մասնակցողների ցուցակն ինչո՞ւ չէիք հրապարակում, քննադատության ենթարկվելու մտավախությո՞ւն կար։
-Ի՞նչ մտավախություն կամ ի՞նչ թաքուն. դատախազությունը թող հրապարակեր ցանկը։ Այդ թաքունության կամ գաղտնիության մասին լուրերը մի բաժակ ջրում փոթորկի փորձեր էին։
-Իսկ ո՞վ նախաձեռնեց ստորագրահավաքը, Սերժ Սարգսյա՞նն էր առաջարկել, եւ մյուսները համաձայնե՞լ էին։
-Մենք բոլորս միահամուռ եկել ենք այդ եզրակացության։ Գործադիր մարմինը քննարկել, հայտարարություն է արել։ Եթե ԳՄ-ն հայտարարություն է տարածում, դա չի կարող առանց Սերժ Սարգսյանի համաձայնության լինել։ Ով է առաջարկել, ով չի առաջարկել` դա, կարծում եմ, այնքան էլ էական չէ։
-Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշում էր, որ 2008-ին` արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, խորհրդակցել է նաեւ վարչապետի հետ, այսինքն՝ Սերժ Սարգսյանի։ Ստացվում է՝ սլաքները նաեւ Սարգսյանի կողմ է ուղղում։
-Իսկ արտակարգ դրություն հայտարարելու մեջ ի՞նչն է եղել անօրինական։ Եթե ամեն ինչ օրենքով է եւ օրինական է, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ որեւէ պատգամավոր մտահոգվելու բան չունի։
-Եթե Սերժ Սարգսյանին էլ կանչեն հարցաքննության, խնդիր տեսնո՞ւմ եք։
-Կկանչեն, կգնա Սերժ Սարգսյանը. ի՞նչ խնդիր կա։ Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի ակունքներում կանգնած մարդ է, նա շատ մեծ գործեր է արել հանուն պետության անվտանգության։ Եթե ՀՔԾ-ն հարմար կգտնի կանչել նաեւ Էդուարդ Շարմազանովին, մեռնեմ օրենքին.. Ես դեմ եմ, որ մենք պայքարում ենք անձերի դեմ, մենք պետք է պայքարենք երեւույթների դեմ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս օրերին հանդիպումներ է ունենում կուսակցության ակտիվի հետ, ծանոթանում նրանց հետ: Մյուս կողմից Մարությանն առայժմ չի շտապում լրագրողների հետ խոսել առաջիկա ընտրությունների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե որոշել է մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկը լռել եւ չպատասխանել ոչ մի հարցի:

Այս օրերին ակտիվ աշխատանքների մեջ են նաեւ մյուս կուսակցությունները` գրասենյակներ են բացում, ակտիվների հետ հանդիպումներ ունենում: Ակտիվների թվում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ով օրեր առաջ գրասենյակ բացեց Դավիթաշեն համայնքում, մոտ օրերս էլ կբացի Նոր Նորք վարչական շրջանում: Ընդ որում` ԼՀԿ ներկայացուցիչները չեն մոռանում իրենց գրասենյակների ցուցանակի կողքին փակցնել նաեւ «Ելք» դաշինքի ցուցանակը: Երեկ լուրեր էին շրջանառվում, որ չի բացառվում, այնուամենայնիվ, «Ելք» դաշինքը պահպանվի ավագանու ընտրություններում, որ ԼՀԿ-ն ու Հանրապետություն կուսակցություններն այնուամենայնիվ համաձայնեն ՔՊ թեկնածուին պաշտպանելու շուրջ` նորից «Ելք» անունով դաշինք կազմելով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եւս ակտիվ վիճակ է` հանդիպումներ, քննարկումներ: Սակայն հետաքրքիր է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ ԲՀԿ-ում որոշում է կայացվել նվազեցնել գրասենյակների թիվը, բավարարվել քչով եւ հույս դնելով միայն խոսքի վրա` համոզել ընտրողներին: Այս որոշման պատճառները, թերեւս հայտնի են. այս կուսակցությունը խուսափում է ավելորդ գումարներ ծախսելուց: Բացի այդ, նրանց շռայլությունները կարող են այլ կերպ ընկալվել նոր իշխանությունների կողմից, երբ ստիպեն ծախսերը հայտարարագրել, ստուգել այդ ծախսերում նշված տվյալների ճշմարտացիությունը: Ու եթե բացահայտվեն կեղծիքներ, ապա նոր իշխանությունները հիմք կունենան նրանց ընտրապայքարից դուրս թողնելու:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
ՀՀ ԱԻՆ-ը երեկ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետեւյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը:
«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2
«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2
«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.
«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք
«Կելլի եւ Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43
«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5
«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140
«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2
«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ
«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5
«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48
«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87
Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ:«Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է:

 

 

ՊՆԴԵԼՈՒ ԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ պատգամավորները Քոչարյանին ազատ արձակելու համար պատրաստ են յուրաքանչյուրը 500 հազար դրամ գրավ վճարել. «Պատգամավորները երաշխիք էին տվել, դա նախատեսում է, եթե դատախազությունը բավարարի պատգամավորների երաշխավորությունը, ապա նրանք 500 հազար դրամ պետք է վճարեին որպես երաշխիքի գումար: Հիմա դա մերժվեց: Եթե դատախազությունը պատգամավորների երաշխավորությամբ բաց թողներ, իհարկե մենք այսօր անելիք չէինք ունենա, անգամ մեր բողոքից կհրաժարվեինք, բայց քանի որ բաց չեն թողել, մենք այսօր պնդելու ենք մեր բողոքը»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը:




Լրահոս