ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների օրը դեռեւս պաշտոնապես նշանակված չէ, սակայն թե՛ քաղաքական ուժերը, թե՛ պատկան մարմինները սկսել են նախապատրաստական ակտիվ աշխատանքները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն հստակ հրահանգ է եղել, որ պետք է ավագանու ընտրություններն անցնեն մաքուր, առանց կաշառքի կամ թաղային հեղինակությունների մասնակցության:

Օրինակ` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն արդեն իսկ խորհրդակցություն է անցկացրել եւ համապատասխան հանձնարարականներ տվել Երեւան քաղաքի վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին: Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես եւ այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան: «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը:
Բացի բուն ընտրություններին վերաբերող հանձնարարականների իրականացումից, հայտնի է, որ այժմ ուսումնասիրություններ են ընթանում` քաղաքացիների հաշվառման հետ կապված: Մասնավորապես, այս ընթացքում պարզվել է, որ որոշ քաղաքացիներ, փոխելով բնակության վայրի հասցեն, չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում, մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ եւ նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։
Ինչեւէ, մինչ ոստիկանությունը սկսել է համապատասխան աշխատանքները, դեռեւս որոշված չէ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը: Եվ այժմ դեռեւս երկու ժամկետ է նշվում` սեպտեմբերի 16 եւ սեպտեմբերի 23: Իսկ մինչ օրվա հստակեցումը անհրաժեշտ է, որ Երեւանի ավագանու լիազորությունները կրճատվեն, եւ դրան համապատասխան նշանակվեն արտահերթ ընտրությունները:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, թե ինչպես պետք է այդ ամենը տեղի ունենա: Մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածում ասվում է, որ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետ չի ընտրվում: Սա արդեն տեղի է ունեցել, եւ դրան հաջորդում է այն դրույթը, որ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ըստ այդմ` ավագանու լիազորությունները կրճատելու պարտականությունը վերապահված է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե եւ կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այսինքն` օրենքի համաձայն` այդ օրը կկրճատվեն ավագանու լիազորությունները, եւ միաժամանակ կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը:
Իսկ օրենքի հոդված 17-ը սահմանում է նաեւ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները: Մասնավորապես, ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Սակայն նկատենք, որ ընտրությունները պետք է անցնեն կիրակի օրը, եւ կրկին բոլոր հաշվարկները կանգնում են սեպտեմբերի 16-ի եւ 23-ի վրա: Սակայն նոր իշխանությունների հեռահար ցանկությունները հաշվի առնելով` ավելի հավանական ժամկետ շարունակում է մնալ սեպտեմբերի 26-ը: Բանն այն է, որ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին նշվելու է Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ նոր իշխանությունները ցանկանում են, որ այդ օրը քաղաքապետ ունենանք: Սակայն օրենքում նշվում է, որ արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Այսինքն` ընտրությունից միայն տասը օր անց ավագանին իր կազմից կընտրի քաղաքապետ: Դա էլ նշանակում է, որ եթե ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, ապա արդեն սեպտեմբերի 26-ին ավագանին իր կազմից կընտրի քաղաքապետ, եւ արդեն Երեւանի տոնին մայրաքաղաքը կունենա իր ղեկավարը:
Ընտրական օրենսգրքում սահմանված են թեկնածուների գրանցման եւ քարոզարշավի ժամկետները: Մասնավորապես, արտահերթ ընտրությունների դեպքում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Իսկ թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, եւ ոչ ուշ, քան 19 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Իսկ մեկ այլ դրույթով էլ սահմանվում է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկում է թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանն անվավեր ճանաչել 2018թ հունիսի 22-ի հրամանը եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 2018թ հունիսի 6-ի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կայացված թիվ 2 որոշումը: Միաժամանակ, Ափիյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ՀՀ գլխավոր դատախազությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը: Ի դեպ, այս գործը ՀՀ վարչական դատարանում քննելու է դատավոր Հրաչ Այվազյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռեւս 2016 թվականին դատախազ Ափիյանը կաշառքի գործով դատարանում հարցաքննվել է, եւ չի բացառվում, որ այս հանգամանքի համար են նրան ազատել աշխատանքից:

 

 

ԿԿՐՃԱՏԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեին սպասարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Այդ հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա` Nissan Altima, Hyundai Tucson եւ Toyota Corolla 1.3: Ընդ որում` դրանցից մեկը նախատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը քարտուղարի, իսկ երրորդն էլ կոմիտեի համար: Սակայն հիմա պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայողության նպատակով առաջարկվում է կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատել եւ 3-ի փոխարեն սահմանել 1-ը (մեկ), որը կսպասարկի միայն կոմիտեի նախագահին:

 

 

ԶՂՋԱՑԵԼ Է
ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի 22 տարվա գյուղապետ Արտաշես Մելիքյանը հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարությունը պատրաստվում է իր նիստում հաստատել գյուղապետի հրաժարականի դիմումը, սակայն պարզվում է` մինչ այդ նա զղջացել է ու որոշել է ետ վերցնի բողոքը: «Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ եւ պետք է Բորժոմիում բուժման կուրսեր անցնեի: Արդեն երեք օր է, ինչ վերադարձել եմ, բուժումները դրական են ազդել առողջությանս վրա, բայց ափսոսում եմ հրաժարականի դիմում ներկայացնելու համար: Բայց դե թող երիտասարդները գան, աշխատեն, ես 60 տարեկան եմ, ամեն ինչ կարգին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց արդեն նախկին գյուղապետը: Մելիքյանը նաեւ ասաց, որ գյուղացիները հանդիպում են իր հետ եւ «նախատում», որ հրաժարականի դիմում է ներկայացրել, հորդորում նորից առաջադրել թեկնածությունը: Նշենք, որ Կարմրաշենում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը: Ըստ դատախազության` նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը, եւ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռեւս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը: Այս որոշումը վրդովել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն: Դատախազության մերժումը համոզիչ չէ: Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից», ասել է ԱԺ փոխխոսնակը:
Հարցին` միայն պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշման վրա հիմնվելո՞վ է պնդում, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանել է. «Էստեղ խնդիրը պատգամավորներին վստահել-չվստահելը չէ, այլ ընտրովի արդարադատությունը: 2 պատգամավորի ստորագրությամբ «Սասնա ծռեր»-ին՝ ահաբեկչություն իրականացնողներին, ազատ եք արձակում, կալանքի միջոցը փոխում եք, եւ մարդը, որը ինքնակամ ներկայացել է, դնում ենք մի կողմ ու քաղաքական մերժողականություն ենք ցուցաբերո՞ւմ: Մենք պայքարելու ենք հանուն արդարադատության` օգտվելով Սահմանադրությամբ սահմանված միջոցներից: Մենք Մարտի 1-ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները»-շեշտել է նա:

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը պնդում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում բյուջետային մուտքերն ավելացել են, եւ դրանց հիմնական մասն արտացոլվում է վերջին երկու ամսվա հարկային վարչարարության եւ ստվերի կրճատման մեջ: «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում վարչապետի խորհրդականը հավաստիացրեց, որ ՀՀ-ում հարկ վճարելն այլեւս այլընտրանք չունի. «Այն պայմանավորվածությունները, եթե հարկ չվճարենք, ապրանքի արժեքը նվազի, այլեւս քննարկման առարկա դառնալ չեն կարող: Հնարավոր է` հարկային որոշակի փոփոխությունների արդյունքում տնտեսվարողների գործունեության մեջ փոփոխություններ նկատվեն, բայց ապրանքների գների երկարաժամկետ հատվածում հարկային արդարությունը բերելու է տնտեսական արդարության»:

 

 

ԿԼԻՆԻ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա վերջին այցելելու է Տավուշի մարզ: «Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջեւանում եւ Դիլիջանում»,-սոցցանցի իր էջում գրել է վարչապետը:

 

 

ԿՆՎԱԶԻ
Հանրապետության շրջանների զգալի մասում օգոստոսի 9-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-ին 2-3 աստիճանով կնվազի:




Լրահոս