Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանի նախկին ամուսինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կալանավոր Հովիկ Բաբայանը հայտնեց, որ ամեն օր ինքնավնասում է իրեն, իսկ պատճառը իր դեմ հարուցված ապօրինի քրեական գործն է:
Եվ այսպես, 2013 թվականից կալանքի տակ գտնվող Հովիկ Բաբայանը պատմեց, թե ինչի համար է հայտնվել կալանավայրում եւ ինչու է ինքնասպանության փորձ կատարել. «Ուրեմն մի անձ` Գարիկ Ալեքսանյանը, մի քանի տարի առաջ որոշում է երկրից գնալ, սակայն նա գտնվում է իրավապահների կողմից քրեական հետապնդման մեջ, եւ նրան սահմանը հատելիս բռնում են եւ կալանավորում: Երբ նրան ՀՔԾ-ն կալանավորել է տալիս, նախաքննության ընթացքում իրավապահներին հայտնում է, որ կարեւոր հայտարարություն ունի անելու»:
Ըստ կալանավոր Հովիկ Բաբայանի` Գարիկ Ալեքսանյանը այս քայլին գնացել է իրեն բաց թողնելու համար. «Արդյունքում, նա քննիչներին ասում է, որ ես` Հովիկ Բաբայանս, եւ փաստաբան Եղիկ Եփրեմյանը, ինչպես նաեւ Մասիվի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Կոլյա Գաբրիելյանը` Գազի Կոլյան, որն օրերս ինքնասպան եղավ, եւ Գարիկ Գաբրիելյանը` Գելը, կաշառքի համար բանտում հայտնված իրենց հորաքրոջ տղային` Մասիվ-Ավանի զինկոմ Ռաֆայել Զախարյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու, առավել մեղմ պատիժ սահմանելու համար իրեն կաշառք են տվել: Ըստ Գարիկ Ալեքսանյանի այդ հայտարարության` Ուզունյան Սամվելը այդ գումարը տալիս է Եղիկ Եփրեմյանին, որ նա իբր այդ գումարը տա գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին, որպեսզի այդ հարցը լուծվի: Մի խոսքով, փաստաբանը իբր գումարը տալիս է Գարիկ Ալեքսանյանին, նա էլ տանում, գումարը տալիս է իմ ասած մարդուն: Այս հայտարարությունը իրավապահներին հետաքրքրում է, թե ահա լավ պատմություն է, Եվրոպային ցույց կտան, թե ինչ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, ու սկսում են գործել: Մի խոսքով, ինձ կալանավորեցին, փաստաբանին կալանավորեցին, նախաքննության ընթացքում հարցաքննվում են Սամվել Ուզունյանը, Գազի Կոլյան, Գելը` Գարիկ Գաբրիելյանը, որից հետո որոշում է կայացվում այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով: Արդյունքում, այս հայտարարությունից հետո Գարիկ Ալեքսանյանին բաց են թողնում, փաստաբանին գրավի դիմաց ազատ են արձակում»:
Հովիկ Բաբայանի խոսքով` հիմա խնդիրը հետեւյալն է. «Երբ Սամվել Ուզունյանենց ու մնացածի մասով գործը կարճում են, ինձ մեղադրանք են առաջադրում խարդախության համար: Ստացվում է, որ բոլորը ասացին նման բան չկա, բայց ինձ կալանավորեցին, ես հարցնում եմ` ով է իմ գործով տուժողը, եթե կա մեղադրանք, ուրեմն պետք է լինի տուժող, չկա անուն, չկա, նման մարդ չկա: Ամեն ինչ այսպես սարքեցին ու գործը տարան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, եւ մակագրվեց գործը դատավոր Ռոբերտ Սաֆարյանին: Շուրջ 1,5 տարի նիստ չենք կարողանում գումարել. դատախազ Գեւորգ Գեւորգյանը չէր գալիս:
Ինչեւէ, շուրջ 3 շաբաթ է՝ անընդմեջ ես կատարում եմ ինքնավնասումներ եւ գնալով ինքնավնասումները շատացնում եմ, այսօր կատարել եմ երեք հատ, վաղը կատարելու եմ 4 հատ, հայտարարություն եմ անում, որ ինքնասպանության կգնամ, անգամ մեկ անգամ ինքնասպանության փորձ եմ արել, կանխել են: Իմ դեմ հարուցված քրեական գործով տուժող չկա, ապօրինի մեղադրանք են առաջադրել: Նման վերաբերմունքը իմ նկատմամբ նշանակում է` ինձ անասունի տեղ են դնում, նույն քննիչը նայում է աչքերիս մեջ, ասում է, որ Ձեզ չեն կարող քրեական հետապնդման ենթարկել, բայց դատախազությունը այսպես է ասել, այսպես պետք է անենք: Գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է վճռաբեկ դատարանի որոշումներ իմանալ եւ ի կատար ածել: Սա իրենց կողմից ակնհայտ ապօրինի գործ է, բայց այդ ամենը իմանալով` գործել են: Ինչի՞ եմ ես գտնվում կալանքի տակ, ես կալանքից չեմ վախենում, գտնվել եմ, էլի կգտնվեմ, բայց լինելով իրավաբան` ինձ անասունի տեղ են դնում, ինձ էլ արտահայտվում են` ասելով` սենց են ասել, սենց էլ պետք է լինի» :
Մեր այն հարցին` ինչու են իրեն պատժում, ում ինչ է արել, որ իրեն կալանքի տակ պահելով են փորձում վրեժխնդիր լինել, Հովիկ Բաբայանը պատասխանեց. «Վրեժխնդրությունը կայանում է նրանում, որ իմ ազգանունը, Բաբայան լինելով, շոշափվել է դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հետ, ես իր հետ բացարձակապես կապ չունեմ, հրապարակավ հայտարարում եմ` իմ դեմ ապօրինի որոշում է կայացված, եւ անօրինական պահում են կալանքի տակ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՆՆԻՉՆԵՐԸ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ուսումնասիրել տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված եւ չբացահայտված գործերը, եւ դրանց ապացույցները կրկին դարձնել հետազոտման առարկա: «Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից առերեւույթ կոռուպցիոն դրսեւորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ եւ պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության իրականացումը»,- ասել է ՔԿ նախագահը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսեւորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին: Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տեւել տարիներ:
Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը ողջամիտ ժամկետներում: Եվ ահա ՔԿ նախագահի այս հայտարարությունը ե՛ւ ոգեւորություն է առաջացրել քննիչների մոտ, ե՛ւ միեւնույն ժամանակ քննիչները կանգնել են խնդրի առաջ: Բանն այն է, որ ՔԿ նախագահի հայտարարությունը` առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված եւ չբացահայտված գործերը եւ դրանց ապացույցները կրկին դարձնել հետազոտման առարկա, ոգեւորել է քննիչներին, որ նրանք իրավիճակի փոփոխության արդյունքում կարող են կրկին օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարական տալ նախկինում չբացահայտված սպանությունների դեպքերով: Սակայն այս պատկերին զուգահեռ իրավապահներին են դիմում մի շարք քաղաքացիներ նախկինում իրենց հետ տեղի ունեցած դեպքերի մասով եւ պահանջում նոր քննություն իրականացնել: Քննիչները քաղաքացիների բողոքներին ընթացք են տալիս, սակայն կանգնում են խնդրի առաջ քանի որ տեղի ունեցած միջադեպից հետո գործով անցնող անձինք մահացել են կամ երկրից հեռացել են, ուստի քննիչներն էլ չեն կարողանում այդ ամենին պատշաճ իրավական ընթացք տալ: Գործերն էլ նրանց համար դառնում է պատուհաս: Ասել է թե` մի կողմից ոլորտի պատասխանատուները քննիչներին հորդորում են ջանասիրություն ցուցաբերել եւ համապատասխան ընթացք տալ նրանց դիմումներին, մյուս կողմից էլ մոռանալով, որ քննիչները բախվում են իրավիճակի հետ, երբ քաղաքացիների դիմումներին օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում համապատասխան ընթացք տալ ու լուծել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխվել է, եւ նա նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Եղիազարյանին: Նշենք, որ ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Հակոբ Նազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ են մուծել դատարանին:
ԶԵՆՔՈՎ` ՊՊԾ ԳՆԴՈՒՄ
«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ: «Այո՛, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասել է նա: Պ. Մանուկյանը չի հիշել, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա պատասխանել է. «Սրընթաց գործողությունների ընթացքով»:
12 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12 մլն դրամով: Քաղաքապետարանի եւ «Սանիթեք»-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից հուլիսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր: Դրանց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» եւ սահմանվել ողջամիտ ժամկետներ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել, որի հիման վրա թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում, եւ սահմանված կարգով հուլիսի կատարողականից պահվել է տուգանք` 12 մլն դրամի չափով: «Սանիթեք» ընկերությանը նաեւ զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան եւ պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:
ՇԱՆԹԻ ԳՈՐԾՈՎ
Մի խումբ իրավապաշտպաններ նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» 5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի ու, առհասարակ, քաղբանտարկյալների արդարացման գործը: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ, նամակի հեղինակների ձեւակերպմամբ՝ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը միայն արդարացման վճիռ է ակնկալում եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել: Նամակագիրները հավելում են՝ Հարությունյանի եւ ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն, կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի եւ Հայաստանի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում: Բարձրլեռնային պայմաններում օգոստոսի 6-15-ը անցկացվող զորավարժություններում ներգրավված են 3 հազար զինծառայողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա` այդ թվում ՄիԳ-29 կործանիչներ, ուղղաթիռներ, զենիթահրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: