«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության եւ, հատկապես, վարած տնտեսական քաղաքականության շուրջ զրուցեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:
-Պարո՛ն Ասատրյան, Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը շատ է քննադատվում հատկապես այն առումով, որ կարծես թե կենտրոնացած են միայն օլիգարխների գումարները բյուջե բերելով եւ հարց են բարձրաձայնում` այդպես որքա՞ն, հետո ի՞նչ է արվելու: Դուք ի՞նչ եք կարծում:
-Խնդիրն այն է, որ, այո, դա տնտեսական քաղաքականության կարեւոր հատվածներից մեկն է` կոռուպցիայի վերացումը, իշխանության սերտաճումը: Բայց դա ընդամենը նախադրյալ է: Այսինքն` խնդիրների մի հատվածն է, եւ ակնհայտ է, որ դրանով հարցերը չեն լուծվելու: Այնպես որ, պետք է նստեն, լուրջ աշխատեն. արտաբյուջետային, հարկային համակարգի բարեփոխումների խնդիրն է: Սոցիալական բեւեռացման ամենաբարձր մակարդակը Հայաստանում է: Ինչի արդյունք է. դա պետության կողմից իրականացվող նաեւ հարկային քաղաքականության արդյունքն է: Ամբողջովին հիմնական փոփոխություններ պետք է լինեն: Անցնենք մյուս հատվածին` անիմաստ ծախսեր: Մենք այնքան հարուստ չենք, որ նման շռայլություն թույլ տանք, այնքան անխելք չենք, որ այդպիսի ավելորդություններ մեզ թույլ տանք: Պետք է ամեն ինչ համակարգվի: Փոփոխությունների պետք է ենթարկվի նաեւ դրամավարկային քաղաքականությունը` դրամահավաքը: Այստեղ ինչ-որ մոդել է ձեւավորվել, որը այն պայմաններում աշխատեց արդյունավետ, բայց այսօր, այս պայմաններում ժամանակները փոխվել են, եւ էստեղ էլ պետք է փոփոխություններ լինեն: Այսօրվա կառավարության թիվ մեկ գրավականն այն է, որ ունի ժողովրդի վստահությունը: Դա ամենաթանկ բանն է:
-Իսկ թիմի առումո՞վ: Շատ խոսվեց, որ տնտեսական բլոկի առումով կառավարությունը կաղում է եւ չունի համապատասխան կադրեր:
-Չեմ ուզում անհատների մասին խոսել: Իրականում պետք է հասկանալ, որ այս կառավարությունը ձեւավորվել է` ելնեով այս իրավիճակից, այս ապականված քաղաքական դաշտի արդունքն էր, որտեղ կար մի պայծառ կետ` հեղափոխություն, իսկ մնացածը հինն է մնացել: Պառլամենտը, որտեղ հաստատվում էր այս կառավարությունը, հին անորակ, անիմաստ բան էր, եւ ակնհայտ էր, որ ինչ-որ կոմպրոմիս պետք է լիներ, եւ ամեն դեպքում ես ընդունում եմ, որ առաջնային խնդիրներից մեկը ընտրությունն է:
-Խորհրդարանական ընտրությունների՞ մասին եք խոսում:
-Այո՛, անպայման: Ես հուսով եմ, որ օրինական, արդյունավետ ընտրություններ կանցկացվեն առաջիկայում:
-Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական գործունեությունը բավարա՞ր եք համարում:
-Ես չեմ կարող ասել, որ ճիշտ կամ սխալ, էական վճիռներ են կայացրել, բայց մթնոլորտի առողջացումը, հասարակական ընկալումների վերափոխումները, այո, բերել են այսպիսի, եթե անկեղծ լինենք, սա մեծ արդյունք է:
-Այսինքն` նախորդ կառավարության քաղաքականությո՞ւնն է դեռ շարունակվում:
-Միանշանակ, այո՛: Հենքն է փոխվել:
-Կատարողնե՞րն են փոխվել:
-Կատարողներն էլ շատ չեն փոխվել, եթե տնտեսական բլոկի մասին եք խոսում, ապա ասեմ, որ այստեղ էական փոփոխություններ չկան: Ի դեպ, անկեղծ ասեմ, ես ապրիլի վերջին, որ իշխանափոխություն եղավ, եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ես ասում էի, որ տնտեսական բլոկի հարցում ավելի պահպանողական պետք է լինել: Ըստ էության, այդ մոտեցումն է աշխատում, որովհետեւ հիմնականում այն մարդիկ են, որոնք պահուստներ են ղեկավարել, այդտեղ պատմություն ունեն. շատ ժամանակ մարդիկ չեն փոխվել: Կարծում եմ՝ իրական փոփոխությունները պետք է լինեն նաեւ քաղաքական միջավայրն ամբողջացնելուց հետո: Այդ ժամանակ հնարավոր է մեկ ամբողջական թիմ ձեւավորել` նոր ստեղծված քաղաքական իրավիճակին համարժեք:
-Մշտապես խոսվում է ներդրումների մասին: Որքանո՞վ է այժմ Հայաստանի ներդրումային միջավայրը նպաստավոր:
-Տեսանելի է այդ վստահությունը: Իհարկե, հուզական մակարդակով: Ինստիտուցիոնալ տրամադրությունների փոփոխությունն առաջիկայում է: Էմոցիոնալ առումով, փոքր բիզնեսի առումով տեսանելի տեղաշարժ կա: Մեզ պետք են նաեւ ինստիտուցիոնալ, համակարգային լուծումներ, այն, որ ասում են` պայքար կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան հո՞ չի վերացել… Այսօր լավ է, որ անձեռնմխելիներ չկան, ամենաայլանդակ երեւույթներից մեկն արմատախիլ է արվում: Բոլորն էլ գիտեն, որ Սերժի կողքին մեկը կա՝ եղբայրը, հետո Վաչոն, որն ամեն տեղ իր քյարը պիտի ունենար: Այս երեւույթն արդեն չկա, բոլորը վախեցել են: Մենաշնորհները՝ բանան եւ այլն, արդեն չկան, մարդիկ հոգնել էին, չի կարելի այդպես: Ամբողջ հասարակությունը քսան տարի շարունակ բարձրաձայնում էր, որ շատ թանկ ենք վճարում: Այս ամենը փոխվել է, սա առողջացման առաջին քայլն է: Հետագան կտեսնենք… Մենք պետք է ունենանք ավելի թափանցիկ տնտեսական քաղաքականություն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՔՐՈՋԸ ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն
Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Տեղական լրատվամիջոցները եւս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը:
Պարզաբանում է տվել նաեւ Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը, վերջինս փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռեւս նման տեղեկության չի տիրապետում, համապատասխան ծանուցում եւս չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա:
Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը: Շոշափվում էր նաեւ նախկին պրոռեկտոր Ֆարմանյանի անունը: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ` Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցը բաժնի պետին զեկուցագիր է գրել այն մասին, որ օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել ՇՊՀ-ում կատարվող մի շարք չարաշահումների վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախապատրաստվել են նյութեր: Դրանց նախապատրաստման ընթացքում կոնկրետ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ինստիտուտի 2010-2012թթ. ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1 մլրդ 185.4 մլն ՀՀ դրամ գումար, որից 722.2 մլն դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.2 մլն դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել: Տարբերությունը կազմել է շուրջ 460 մլն դրամ: Ձեռք բերված տեղեկատվությունը ստուգելու եւ նշված գումարի ծախսման վայրը պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ:
Բացի այդ, նյութերով պարզվել է, որ կոնկրետ 4 տարի՝ 2012-16 թվականներին, ուսանողներից, ովքեր գտնվել են ավարտական կուրսում, դիպլոմների կազմեր, միջուկներ տպելու համար յուրաքանչյուրից հավաքել են 5000-5500 դրամ՝ ընդհանուր մոտ 20 մլն դրամ: Այնինչ, նշված գումարը արդեն իսկ դուրս է գրված եղել բուհ-ի բյուջեից:
ՇՄ դատախազի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված տվյալները վերաբերում են մինչեւ 2016թ.: Այդ տարիներին ՇՊՀ ռեկտորը եղել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման շուրջ աշխատանքները շարունակվում են: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների սեփականատերերը եւ նրանց ընտանիքի անդամները կներկայացնեն շահերի հայտարարագիր:
Բանն այն է, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 29-ին ընդունվել է «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշումը: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախաձեռնությունը եղավ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, բայց նա այդ քայլին գնաց միջազգային կառույցների ճնշման արդյունքում: Արդեն ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Հենց այդ խմբի անդամները պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին: Բայց այնպես չէ, որ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը անհայտ մարդիկ են: Նրանց Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ավելին` այդ իրական սեփականատերերը նախկին իշխանության ներկայացուցիչներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծով կսահմանվի իրական սեփականատերերի հասկացությունը` միաժամանակ սահմանելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ի դեպ, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նշենք, որ արդարադատության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների մշակած նախագծով կկարգավորվեն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:
Ավելին` ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձեւերի վրա, ինչը հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ