Հայաստանում գյուղմթերքի շուկայում որոշ ապրանքատեսակներ այս շրջանում թանկ են վաճառվում: Պատճառը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, ինչի հետեւանքով թանկացել է ե՛ւ ձմերուկը, ե՛ւ լոլիկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պահանջարկը բավարարելու նպատակով վերջին օրերին ՀՀ-ն սկսել է ձմերուկ ներկրել Ռուսաստանի Դաշնությունից:
Նկատենք, որ այս սեզոնին ձմերուկի մեկ կիլոգրամը Հայաստանի մանրածախ շուկաներում վաճառվում է 210-220 դրամով: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն տատանվում էր 80-100 դրամի սահմաններում: Բացի այս, թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թուզի մեկ կգ` 1800-2000 դրամ: Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ լոլիկը, որի գինը 300 դրամը գերազանցում է: Այն դեպքում, երբ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքերով` կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների բարձրացումը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Փոխնախարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ վարունգի դեպքում պատկերը հակառակն է. գինը ցածր է, եւ այն շարունակաբար կսկսի նվազել:
«Իրականում կա լոլիկի եւ ձմերուկի գների բարձրացում, հատկապես ձմերուկի: Վերջին 5-10 տարիների ընթացքում մենք չէինք ունեցել նման իրավիճակ, երբ ձմերուկի մեկ կիլոգրամի գինը ավելի քան 180-200 դրամ լինի: Սովորաբար այս ժամանակահատվածում ձմերուկի գինը 80-100 դրամի միջակայքում էր տատանվում: Բայց հիմա բավականին բարձր է ձմերուկի գինը: Նաեւ այս շրջանում թանկ է վաճառվում լոլիկը, եւ այս իրողությունը ոչ ոք չի կարող հերքել: Դա պայմանավորված է հունիսի վերջերից հուլիս ամսվա ընթացքում ստվերում գրանցված բարձր ջերմաստիճանով, իսկ արեւի տակ, բնականաբար, շատ ու շատ ավելի բարձր ջերմաստիճանային ռեժիմ գրանցվեց»,- նկատեց Գառնիկ Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից հետաքրքրվեց` ինչն է պատճառը, որ անցած տարվա շոգերին նման երեւույթներ տեղի չունեցան: Հարցին ի պատասխան` Պետրոսյանը բացատրեց. «Այս առիթով մենք վերլուծություններ ենք կատարել եւ պարզել, որ ջերմաստիճանի բարձրացումը կտրուկ տեղի ունեցավ, ինչի ընթացքում բույսը չհասցրեց ադապտացվել: Իսկ երբ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենում, այդ պայմաններում արդեն լուրջ սթրեսի են ենթարկվում: Եւ, բնականաբար, սա պետք է իր արդյունքը ունենար ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածությունների վրա: Բոստանային մշակաբույսերը շատ զգայուն են ջերմաստիճանների նկատմամբ»: Մասնագետի խոսքերով` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքները բավականին տուժել են, ինչն էլ իր բացասական ազդեցությունը արդեն թողել է այս երկու մշակաբույսերի բերքատվության վրա: «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ է ներկրվում»,- տեղեկացրեց փոխնախարարը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ձմերուկ է ներկրվում: Սրա հետեւանքով առաջիկայում մանրածախ շուկայում ձմերուկի գինը փոքր-ինչ կնվազի:
Բացի ձմերուկի եւ լոլիկի գների բարձրացումից, «Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարին փոխանցեց նաեւ խաղողի այգիներում առկա հիվանդությունների մասին գյուղացիների մտահոգությունները: Խոսքը միլդյուն եւ օիդիում հիվանդությունների մասին է:
Բանն այն է, որ բոլոր այն այգիներում, որտեղ ժամանակին կատարել են հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները, նման խնդիր չկա: Իսկ այն խաղողագործները, որոնք ժամանակին չեն կատարել բուժման աշխատանքերը, այս տարի խաղող չեն կարող հավաքել: Ըստ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի` այդ գյուղացիները մեծ թիվ չեն կազմում:
«Դա առանձին տեղերում օջախային բնույթ է կրում, նույն համայնքի երկու-երեք այգեգործի մոտ կարող է նման խնդիր լինել: Դա մասսայական բնույթ չի կրում, եթե ժամանակին է կազմակերպվել պայքարի միջոցները: Այստեղ ամենակարեւորը կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ոչ թե սպասեն` հիվանդությունները զարգանան այգում, հետո պայքարեն: Իսկ շատերը խնայողություն են անում, լրացուցիչ ծախսեր չեն կատարում կամ ուշացնում են եւ ժամկետում չեն կատարում այդ բուժումները, դրա համար խնդիրներ են առաջանում»,- հայտարարեց գյուղփոխնախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա հունիս ամսվա ընթացքում միլդյուն հիվանդության զարգացումներ նկատվել են Արմավիրի տարածաշրջանում, հետո դա դադարել է եւ սկսվել օիդիում հիվանդության զարգացման վտանգավոր ժամանակահատվածը: Պատճառն այն է եղել, որ գյուղացիները բուժումները ուշացրել են: Ջերմաստիճանի բարձրացումը կապ չունի այս ամենի հետ, պետք է պարտադիր կատարեն բուժումները: Այս ամենի արդյունքում տասնյակից ավել գյուղացիներ այս տարի չեն կարող խաղող հավաքել, որովհետեւ չունեն: Բայց չնայած սրան` փոխնախարարը վստահեցրեց, որ այս տարի խաղողի բավականին լավ բերք է սպասվում:
Նկատենք, որ այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ գյուղմթերքի առեւտրի կետերում խաղողի մեկ կիլոգրամը վաճառվում է 800-1200 դրամով: Սակայն, ըստ փոխնախարարի, բնական է, երբ այս շրջանում խաղողը թանկ գնով է վաճառվում: «Դեռ շատ վաղ է խոսել խաղողի գնի մասին: Հիմա ներքին շուկայում գերվաղահաս սորտերն են վաճառվում, ուղղակի դրանք վաղ են գունավորում ձեռք բերել եւ նոր են շուկա դուրս եկել»,- փոխանցեց մեր զրուցակիցը, ապա վստահեցրեց, որ ներքին շուկայում խաղողի դեֆիցիտ եւս չի սպասվի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԵՐԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանի` Վերին Լարսի անցակետում մեքենաների հերթը կիսով չափ կրճատվել է: «Դրական փոփոխություն կա, ռուսական հատվածից կիսով չափ կրճատվել է հերթը, վրացական մասից նույնպես»,-ասել է փոխնախարարը: Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին, թե դա պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ` նա վստահեցրել է, որ այն քաղաքական ենթատեքստ չունի: Հերթը պայմանավորված է զբոսաշրջիկների հոսքով. «Հերթում գտնվող մեքենաների մոտ 20 տոկոսն է հայկական համարանիշներով, մնացածը ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ եւ այլ համարանիշներ են, դա ռուս-վրացական սահմանն է: Նախորդ ժամանակաշրջանի համեմատ այս տարի տուրիստների հոսքը այդ ճանապարհով 40 տոկոսով աճել է: Գոյություն ունի անցակետի որոշակի ստանդարտ, թե օրվա կտրվածքով քանի մեքենա են բաց թողնում: 170 բեռնատար մեքենա, 3 հազար մարդատար մեքենա են բաց թողնում, բայց օգոստոսի 5-ի դրությամբ իրենք 500 բեռնատար եւ 15 հազար մարդատար մեքենա են բաց թողել»,- նշել է փոխնախարարը:
ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը երեկ անդրադարձել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին` ընդգծելով, որ այն արդյունավետ է, բայց ոչ ինստիտուցիոնալիզացված: «Պետք է ձեւավորվի կառույց, եւ այդ կառույցը պետք է լինի առաջատարը, ոչ թե ուժային համակարգը, հատկապես ԱԱԾ-ն: Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ձեւավորում՝ որոշակի գրաֆիկով, ժամանակահատվածում»,- նշել է Ա. Մարգարյանը: Ինչ վերաբերում է տնտեսվարողների այն հայտարարություններին, որ հարկային մուտքերն առաջին կիսամյակում եղել են «հարկային տերորի» հաշվին, Ատոմ Մարգարյանն ասաց. «Կառավարությունը հայտարարում է, որ հիմնական առաջնահերթությունը հակակոռուպցիոն եւ ստվերի դեմ պայքարն է, բնական է՝ բողոքներ պետք է լինեն տնտեսվարողների կողմից, հատկապես խոշորների: Այն, որ վերջին ամիսներին խոշոր բիզնեսը, ըստ էության, ավելի շատ է վճարել, քան ընդհանուր հարկային գանձումներն են, սա, բնականաբար, այդպիսի ռեակցիա պետք է առաջացներ»:
Միաժամանակ նա տեսակետ է հայտնել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարձր են գրեթե բոլոր ոլորտներում, բայց կան ֆունդամենտալ պրոբլեմներ: «Գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ մոտ երեք անգամ ավելի բարձր մակարդակի վրա, քան գործազրկության բնական մակարդակն է: Ներդրումային ակտիվությունը եւս պասիվ է, բայց լուրջ ներդրումային ծրագրեր այս ընթացքում չէին էլ կարող լինել, որովհետեւ ներդրողները սպասում էին, որ այս հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացվի խորհրդարանական ընտրություններով»,- ասել է նա:
ՇՈՒԿԱ ՉԿԱ
2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը որոշել է «Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 3 հասցեում գտնվող շենքի օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.35 հեկտար հողամասից 5 միլիոն 300 հազար դրամ գնահատված արժեքով, 0.21850 հեկտար մակերեսով հողամասը ետ վերցնել եւ նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին նվիրաբերված հողամասում համայնքային շուկա կառուցելու պայմանով: Շուկայի կառուցման նպատակով պետք է իրականացվի 35 միլիոն դրամ ներդրում հետեւյալ համամասնությամբ. 2018թ.` 15 միլիոն դրամ, 2019թ.՝ 10 միլիոն դրամ, 2020թ.` 10 միլիոն դրամ: Նշված աշխատանքները չկատարելու դեպքում նվիրաբերությունը համարվում է վերացած: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ իրենք քաղաքային շուկայի կառուցման ծրագիրը 3 ամիս առաջ կառավարություն են ներկայացրել որպես տնտեսական բնույթի սուբվենցիոն ծրագիր, համաձայն որի` Նոյեմբերյան համայնքը պատրաստակամ է կատարելու իր բաժինը՝ ծրագրի արժեքի 40 տոկոս հանդիսացող 15 միլիոն դրամ ներդրումը, որպեսզի պետբյուջեից հատկացվի ծրագրի արժեքի 60 տոկոսը` 22.5 միլիոն դրամ: Նոյեմբերյանի համայնքապետարանում սպասում են կառավարության որոշմանը: Նոյեմբերյանի քաղաքային շուկայի կառուցումը չի սկսվել, բանջարեղեն, մրգեր վաճառողները շարունակում են առեւտուր կատարել քաղաքի փողոցներում, միջպետական ավտոճանապարհին հակասանիտարական պայմաններում: Նրանց կողմից կատարվող փողոցային առեւտուրը հաճախ վտանգ է ներկայացնում անվտանգ երթեւեկության համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ
Օգոստոսի 8-ին` ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետեւել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետեւ մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 եւ ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Դեպքի հետ կապված որեւէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռեւս չի տվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը եւ հետեւում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերին: