Լուսանկարը` համացանցից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը մարդիկ օգտագործում են ամեն քայլափոխի իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով: Հիմա հերթը հասել է մոմերի վրա վարչապետի նկարը պատկերելուն, ինչը, մեղմ ասած, սիրուն չէ: Ու իշխանությունները ճիշտ կանեին, եթե հետեւեին այս ամենին` փորձելով արգելել ամեն իրի վրա Փաշինյանի նկարը փակցնելը:
ՀԱՐՑ. Եթե անձը ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել եւ մերժում է ստացել, ապա ինչպես կարող է ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել:
Միլենա Խաչատրյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի իր ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ վերջինիս ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:
ՀԱՐՑ. Կինս մահացել է: Իր կենսաթոշակի չափն ավելի բարձր էր, քան իմ կենսաթոշակի գումարի չափը: Տեղյակ եմ, որ կա նման օրենք, երբ ամուսիններից մեկի կենսաթոշակի տոկոսները փոխանցվում են մյուսին: Խնդրում եմ ասեք` հնարավոր է վերահաշվարկ կատարվի եւ կնոջս կենսաթոշակի գումարի չափից որոշ գումար փոխանցվի իմ գումարին:
Սամվել Քառյան (Վանաձոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում: Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:
Քանի որ Սամվել Քառյանը չի նշել իր եւ իր կնոջ աշխատանքային ստաժների չափերը, ապա հարցին հստակ պատասխանել հնարավոր չէ: Հետեւաբար կենսաթոշակի տեսակը փոխելու եւ իրեն նշանակված կենսաթոշակի փոխարեն կերակրողին կորցնելու դեպքում (կնոջ գծով) կենսաթոշակ նշանակելու հարցը պարզաբանելու համար նա կարող է դիմել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: