Երևանի ընտրողների թիվն ավելացել է. ցուցակները մաքրեու հավերժական խնդիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները:

«Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,- ասել է նա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երեւանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390:

Մինչդեռ մեկ տարի առաջ` Երեւանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է 11 հազար 417-ով: Ոստիկանությունը մինչեւ հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, եւ չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս