ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում հնարավոր է որոշում կայացնի «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու մասին: Իսկ ընկերությանը տուգանելու պատճառ է դարձել «Օրբելիապարտ Հոթել» ընկերության` ՀԾԿՀ-ին մայիսի 14-ին ուղղված դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ապրիլի 19-ին դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին եւ տեղեկացրել, որ ավարտել է վերջինիս կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Երեւանի Բաղրամյան 65/2 հասցեում ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքները` կցելով հիմնավորող փաստաթղթերը: Բայց ըստ «Օրբելիապարտ Հոթել»-ի`«Վելոիա ջրի» կողմից պատասխան չի ստացել:
Բացի այս` քաղաքացի Սուսաննա Ղարիբյանը եւս դիմել է ՀԾԿՀ. նա հայտնել է, որ անցած տարվա նոյեմբերի 23-ին դիմել է «Վեոլիա ջուր»-ին` տեղեկացնելով, որ ավարտել է տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Արարատի մարզի Նոր Խարբերդի 3-րդ փողոցի 12 տան ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքները: Բայց ընկերությունից դեկտեմբերի 22-ի պատասխան գրությամբ մերժել են` փաստաթղթերը թերի ներկայացնելու հիմքով:
Եւ հուլիսի 9-ից Հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի 6-ին գրությամբ դիմել է ՀԾԿՀ եւ պարզաբանում ներկայացրել: Ըստ որի` ընկերության կողմից 2017 թվականի 4-րդ եւ 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում վերը նշված կանոններով սահմանված ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել կապալառու կազմակերպությունների հետ աշխատանքում թերացումները եւ դիմող անձի տարածքում հայտնաբերված ապօրինի ջրամիացումների առկայությունը:
Իսկ Արարատի մարզի Նոր Խարբերդի 12 փողոցի 19 տան եւ Երեւանի Բաղրամյան 65/2 հասցեներում ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների ավարտին առնչվող փաստաթղթերը ներկայացվել են թերի, որի վերաբերյալ դիմող անձինք տեղեկացվել են համապատասխանաբար 2017 թվականի դեկտեմբերի 22-ի եւ 2018 թվականի մայիսի 18-ի գրություններով: Բայց ըստ հանձնաժողովի` ընկերությունը 2017 թվականի 4-րդ եւ 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում 112 դեպքում խախտել է Կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերը: Ապա ՀԾԿՀ-ն որոշել է ընկերությանը տուգանել 10 մլն դրամ գումարի չափով։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով ասաց. «Մենք տեղյակ ենք, պետք է լինի հանձնաժողովի նիստ, պետք է տեղի ունենան համատեղ քննարկումներ: Ըստ այդմ էլ կորոշենք, թե ինչում ենք թերացել, որ գործը հասել է վարչական վարույթի: Մենք այս տարվա ընթացքում շատ գործ ենք արել: Մենք շարունակաբար կատարելագործում ենք սպառողների հետ մեր աշխատանքը նման բան չլինելու համար»:
Ըստ ընկերության ներկայացուցչի` մատուցող ծառայությունների այդ մասը` ջրագծերի, կոյուղագծերի հետ կապված, շատ բարդ հարց է, հատկապես Երեւանից դուրս: «Թե նախագիծը վերջնական ինչ տեսք կունենա, ինչպիսի որոշում կընդունվի, «Վեոլիա ջուրը», բնականաբար, տեղյակ չէ, բայց մենք մասնակցելու ենք քննարկմանը: Հույս ունենք` համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնենք, թե ինչ չափով ենք առաջխաղացում ապրել այս շատ բարդ բոլորիս համար կարեւոր հարցի լուծման գործում, որտեղ ունենք թերացումներ, եւ որտեղ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք դեռեւս քննարկման կարիք ունեն»,- լրացրեց Մուրադ Սարգսյանը:
Սյունէ Համբարձումյան