Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան:

Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և հնարավոր է արդյո՞ք հնչեցնի «ցեղասպանություն» բառը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին, Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից հետո երկկողմ հարաբերությունները: Կանցլերը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագը (Դաշնային ժողովը) 2016թ. հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր սրման վերաբերյալ թուրքական պնդումներից հետո Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը` ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու:

Հիշեցնենք, որ Մերկելի այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։




Լրահոս