ՀՀԿ ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանությունը պահելու փորձերի մեջ: Սա այն բանից հետո, երբ Փաշինյանն օրերս խոսեց սահմանադրական փոփոխությունների անրաժեշտության մասին, որպեսզի արվի այնպես, որ ԱԺ-ն գնա լուծարման եւ վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ-ականների մեղադրանքների շուրջ մեկնաբանության համար դիմեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանին:
Նրա խոսքերով` այդ որոշումը բոլորովին պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության երկարաձգման ցանկությամբ: «Սա արվելու է մեկ նպատակով. որպեսզի մենք առանց հեղափոխությանը սպառնացող անգամ չնչին վտանգների կազմակերպենք մեր խոստացած արդար ընտրությունները եւ տրամաբանական ավարտին հասցնենք հեղափոխության այդ փուլը», – նշեց նա: Ըստ Նազարյանի. «Այս սցենարում կա մտավախություն, որ ինչպես Սերժ Սարգսյանը դրժեց իր որոշումը, այնպես էլ ՀՀԿ-ն կարող է անտեսել, որ իր ձեռքով կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որի կարեւորագույն դրույթն արտահերթ ընտրություններն են մեկ տարվա ընթացքում, եւ Փաշինյանի հրաժարականից հետո առաջադրել եւ ընտրել իր թեկնածուին», – հավելեց Նազարյանը:
Նա նշեց, որ իրենք նախագիծ կներկայացնեն, որի հիմքում ԱԺ-ի լուծարումն է` առանց վարչապետի հրաժարականի, որի անցկացման համար անհրաժեշտ է 69 կողմ: «Իսկ եթե այդ նախագիծը մերժվի, ապա կառավարությունն ԱԺ կներկայացնի այդպիսի փոփոխություն անելու հանրաքվեի նախագիծ, որի հաստատման համար արդեն անհրաժեշտ է 63 կողմ: Հանրաքվեի նախագծի հաստատումից հետո հնարավորինս շուտ կկազմակերպվի հանրաքվե: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց 59 կողմ ձայնով, կարծում եմ` կգտնվեն եւս 4 հոգի, ովքեր կողմ կքվեարկեն հանրաքվեի նախագծին», – հավելեց Նազարյանը: