Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 23-ին անցկացվելու են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինական, թափանցիկ եւ արդար: Ավելին` կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարել էր. «Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անելիքի ժամանակը»:
Իր հերթին լրագրողների հետ զրույցում էլ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ նշել էր. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»:
Եւ ահա, ոստիկանությունը սկսել է ընտրացուցակների ճշգրտման գործընթաց: Երեկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը եւ անդրադարձավ նաեւ ավագանու արտահերթ ընտրություններին:
Մասնավորապես Օսիպյանը հայտնել է, որ արդեն իսկ ստուգվել է Երեւան քաղաքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող 400 հազար անձի հետ կապված տվյալներ: Նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը: Եվ այժմ այն կազմում է 853 հազար 390, այսինքն` մոտ կեսն արդեն ստուգված է: Ընդգծենք, որ 2017 թվականին ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է, անգամ ոստիկանական ճշտումներից հետո:
Ասուլիսի ժամանակ Օսիպյանը բացեց փակագծեր եւ առանց թվեր հայտնելու նշեց, թե ընտրացուցակներում հայտնաբերվել են լուրջ անճշտություններ, այդ թվում մահացած մարդիկ, որոնք գրանցված են տարբեր հասցեներում: Միեւնույն ժամանակ նա խոստացավ, որ ընտրություններին բոլոր ցուցակները ճշգրտված են լինելու:
«Հանձնարարական ունեմ վարչապետի կողմից եւ մեր պարտականություններից մեկն այն է, որ ապահովենք այդ ցուցակների ճշգրիտ լինելը։ Բացի անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթից, կա նաեւ իմ հանձնարարականը, որը սկսել ենք դեռեւս երկու շաբաթ առաջ: Փորձում ենք նվազեցնել, մինիմումի հասցնել մեր բացթողումները: Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ» – ասաց Օսիպյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը Օսիպյանից հետաքրքրվեց` ի վերջո, Երեւանի ավագանու հերթական ընտրություններից հետո ընդամենը մեկ տարի է անցել, եւ արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ այդպիսի խնդրահարույց ընտրացուցակներով են եղել նախկինում ընտրությունները: «Ես կասեի` կարճ ժամանակ չէ: Ցուցակների անճշտությունների համար սա կարճ ժամանանակ չէ, միլիոնանոց քաղաք է, շարժ է տեղի ունենում, եւ այդ ամենը ծախսատար, ժամանակատար գործընթաց է»,- նշեց նա։
Տեղեկացնենք, որ ընտրացուցակներում առկա անճշտությունների եւ հատկապես մահացած մարդկանց` գրանցումից չհանելու մասին խոսել են մշտապես, խոսել են ընդդիմության ներկայացուցիչները, սակայն ինչպես ասում են` «իրավիճակ է փոխվել» արտահայտությունն ակտուալ է նաեւ այս պարագայում: Էլ չենք խոսում ընտրակաշառքի մասին բազմաթիվ բարձրաձայնումների հետ կապված, երբ ոստիկանության ներկայացուցիչները ընթացք չէին տալիս, իսկ նախկին իշխանության, այսինքն` ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ փորձում էին ամեն կերպ հերքել դրանք: Բայց պարզվում է` թավշյա հեղափոխությունից հետո արդեն ընտրացուցակների ճշգրտման արդյունքում բավականին լուրջ բացթողումներ են հայտնաբերվում, ինչը նախկինում չէր հայտնաբերվում, կամ հայտնաբերվելու դեպքում թաքցվում էր` ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու համար: Ինչ խոսք, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները լուրջ փորձաքար կլինեն նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի համար:
Նաիրա Հովհաննիսյան