Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաեւ օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է: Ըստ մեր աղբյուրների` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ֊գնդապետ Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն եւ հայտարարել հետախուզում։ Պատահական չէ, որ երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բացի բանկային հաշիվներն արգելափակելուց ՀՀ-ում արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սեւ ցուցակներում»: Նպատակը մեկն է՝ մերժել նրանց իրենց երկրներ մուտքի վիզա տալը` այդկերպ խափանելով հայկական արդարադատությունից խուսափելու հնարավոր պլանները: Այնպես որ, այս գործը դեռ շատ ջուր է քաշելու:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք: Սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի՝ նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Մտավախություն կա, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված` հնարավոր է՝ հրապարակը ուզածի պես մարդաշատ չլինի: Բացի այդ, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի, մարտի 1-ի գործի շրջանակներում շատերի «ոտքն են տրորել», ու հիմա այդ անձինք առնվազն կփորձեն իրենց շրջապատի մարդկանց ետ պահել հանրահավաքի մասնակցելու, Փաշինյանին աջակցելու մտքից: Դրա համար էլ ՔՊ-ում բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի, երթով գալով հրապարակ: ՔՊ կառույցները հիմա մրցավազքի մեջ են: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանը սափրված չի ներկայանա նաեւ այդ օրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց եւ նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես, քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործությունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են եւ արդյոք քննիչները կկարողանա՞ն մինչեւ վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը եւ ինքն է պատասխանատու այդ քննության ե՛ւ արդյունավետության, ե՛ւ օրինականության համար: Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որեւէ գործողություն չի անի»:
Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ: Արդյունքում, համայնքային կառավարումը երկու ամսից ավելի է՝ պարալիզացված վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում. ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Այս տարվա ողջ ընթացքում ընդամենը երեք նիստ է գումարվել, որից երկուսը՝ արտահերթ: Հիմա ավագանու անդամները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ եւ առաջնորդվում է նրանց հրահանգներով: Կարեն Բենիամինյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե ինքը հրաժարական չի ներկայացնի: «Շատ հստակ մենք մեր քայլերն ենք անում, մենք մեր աշխատանքին ենք: Ավագանու նիստի ժամանակը կգա, նորից հերթական նիստ կհրավիրենք, այդ ժամանակ կերեւա»,- ասել է նա:
ԱՆԽՆԱ ԹԱԼԱՆ
Երեկ հայտնի դարձավ՝ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ պաշտպանության նախարարության մատակարարումների ոլորտում առանձնապես խոշոր չափերով յուրացման փաստերով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «ՀՀ-ում գործող շուրջ 10 առեւտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ եւ սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների` մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ»:
Հայաստանում ՀՀԿ իշխանության տարիներին աներեւակայելի չափերի հասնող կոռուպցիոն մեխանիզմների մասին բացահայտումները վաղուց արդեն որեւէ մեկի համար զարմանալի չեն: Թավշյա հեղափոխությանը հաջորդած ամսիներին պարզվեց, որ ՀՀԿ իշխանության տարիներին Հայաստանում կոռուպցիան եղել է բոլոր ոլորտներում անխտիր: Եւ ԱԱԾ այս բացահայտումը պետք է որ նորություն չլիներ: Բայց այստեղ կա մեկ ուշագրավ պահ. Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք պարբերաբար խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ընդ որում, նա մի քանի անգամ առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրել ՊՆ գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների անթույլատրելիության վրա: Եթե հիշում եք, 2012թ. Սերժ Սարգսյանը հերթով խորհրդակցություններ էր անցկացնում պետական գերատեսչություններում գնումների ոլորտում չարաշահումների վերաբերյալ: ՊՆ-ում նա շեշտել էր, թե անթույլատրելի է գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները, խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: «Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ»,- ասել էր նա` ընդգծելով, որ այդ կառույցում պետք է հասնել նման հարցերի կատարելիության:
Հիմա ԱԱԾ այս բացահայտումները վկայում են՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականներից հետո ՊՆ-ում ու, ընդհանրապես, պետական կառավարման մյուս բոլոր օղակներում կոռուպցիոն երեւույթները ոչ միայն չեն նվազել, այլ, ընդհակառակը, թալանը եւ չարաշահումներն ավելի «կատաղի բնույթ» են ստացել: Ասել է թե` խորհրդակցությունները եղել են պարզապես ձեւական: Նախկին իշխանությունները մի կողմից հրապարակային խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մյուս կողմից շարունակել են անխնա թալանը: