Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին իր հարցազրույցում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: «Ես շատ ուրախ եմ Փաշինյանի համար, կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է անի, փոխի համակարգը: Այսինքն` նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պատերազմ են պատրաստելու իր դեմ: Ես վստահ եմ, որ Պուտինը ցանկանում է զրկել նրան իշխանությունից… Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին ու հավելել, որ Փաշինյանը պետք է արագ բարեփոխումներ իրականացնի: «Նա չունի մեկ տարի, 1,5 տարի, 2 տարի: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել: Թող սովորի մեր սխալների վրա: Թող իր սխալները չգործի, քանի որ նրա հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ասել է նա: Այս թեմայի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։
-Պարո՛ն Վասաձե, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կրկնի իր սխալները։ Ի՞նչ է սա նշանակում։
-Գիտեք՝ բանն ինչ է` բավական տարբեր վիճակներ են այն վիճակը, որում գտնվում էր Վրաստանը, եւ որում հիմա Հայաստանն է։ Գլխավորն, ինչ ասել է Սահակաշվիլին, պետք է արագ բարեփոխումներ անել։ Շատ կարճ ժամանակ կա։ Այս ժամանակահատվածը չպետք է բաց թողնվի, չնայած ես կարծում եմ՝ արդեն բաց է թողնվել՝ ի տարբերություն Սահակաշվիլու։ Երբ հայտնի գրողին հարցրել են, թե որ ժամանակահատվածից պետք է սկսել երեխայի դաստիարակությունը, նա հարցրել է՝ երեխան երբ է ծնվել, երբ ասել են՝ 3 ամիս առաջ, նա նշել է՝ ուրեմն Դուք 3 ամսով ուշացել եք։ Արդեն հիմա ժամանակը կորսված է։ Շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը, շատ կարեւոր է, որ այժմ Հայաստանում տնտեսական դաշտի վերաձեւավորում է տեղի ունենում, բայց դրանք պետք է ուղեկցվեն կոնկրետ բարեփոխումներով։ Դրանք ներառում են մարդկանց բանտերում նստեցնելու հարցը, տնտեսական ոլորտի փոփոխությունները։ Փաշինյանն այսօր մարդկանց նստեցնելու գործն է ստանձնել, իսկ ով է բարեփոխումներ իրականացնում։ Ուր են համակարգային կոնկրետ բարեփոխումները։
-Կարծո՞ւմ եք՝ Փաշինյանն արդեն երեք ամսով ուշացել է՝ բարեփոխումների հարցում։
-Ես կարծում եմ՝ Փաշինյանն ուշացել է այն պահից, երբ իրեն ընտրեցին վարչապետի պաշտոնում։
-Իսկ այն, ինչ մինչեւ այսօր նա իրականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական դաշտին ազատություն տալու հարցում, սա էլ կարեւոր գործոններից չէ՞։
-Դա կարեւոր է, շատ կարեւոր է։ Բայց դա քիչ է։
-Իսկ ավելին անելու պոտենցիալ Փաշինյանի մեջ Դուք տեսնո՞ւմ եք։
-Իհարկե, տեսնում եմ։ Նա հասարակության կողմից անսահման վստահություն է վայելում։ Ես այդպիսի վառվող աչքեր եւ այդպիսի հավատ Հայաստանում չէի տեսել երբեք։ Հիմա Փաշինյանին հավատում է ամբողջ ժողովուրդը՝ լրագրողներից, գրողներից, քաղաքագետներից սկսած մինչեւ հասարակ, աշխատավոր ժողովուրդ։ Եվ այդ ռեսուրսը խիստ սահմանափակ է ժամանակի մեջ։ Փաշինյանի թիմը դա պետք է հասկանա։ Եվ ժամանակը կորցնելու դեպքում կարելի է կորցնել ամեն ինչ։ Եվ Սահակաշվիլին երբ խոսել է այս մասին, նա հենց դա նկատի ուներ։ Նա էլ շատ ժամանակ կորցրեց։ Նա էլ կարող էր շատ ավելին անել, քան արեց։ Բայց տա Աստված, որ արվի այն, ինչ ծրագրված է։
-Այսինքն, եթե բարեփոխումներ չարվեն, ի՞նչ կլինի:
-Այդ դեպքում իշխանությունը կորցնելն անխուսափելի է։ Սոկրատին երբ հարցրին՝ ամուսնանալ, թե ոչ, նա ասաց` անպայման ամուսնացեք, եթե պատահի լավ կին, դու երջանիկ կլինես, եթե վատ կին, իմաստուն կդառնաս։ Այնպես որ, անպայման կկորցնի իշխանությունը։ Բայց հարցն այն է, թե ինչպես նրանք հետո կմտնեն պատմության մեջ։ Շատ կարեւոր է, որպեսզի Փաշինյանի թիմի քաղաքական ամբիցիաներն ավելի բարձր լինեն, քան նրանց ֆինանսական ամբիցիաները։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում՝ նախկին պաշտոնյաներից ովքեր են վերադարձրել իրենց դիվանագիտական անձնագրերը: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 1-ին գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ լրատվական ծառայություն` խնդրելով տրամադրել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ԱԳՆ-ի կոչից հետո վերադարձրել են իրենց անձնագրերը: Սակայն ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում հղում էր արվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենք»-ին` նշելով, թե չեն կարող այդպիսի տեղեկություն տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում ուղարկեց նախարարություն` այս անգամ խնդրելով ներկայացնել, թե քանիսն են վերադարձրել իրենց դիվանագիտական անձնագրերը:
Երեկ ստացել ենք պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ս.թ. օգոստոսի 8-ի դրությամբ ԱԳՆ է հանձնվել 59 դիվանագիտական անձնագրեր, եւ այդ թիվն այս պահի դրությամբ շարունակում է աճել։ Հավելենք, որ վերադարձման ենթակա դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ ԱԳՆ-ի կողմից ուղարկվել են համապատասխան ծանուցումներ։ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթների համաձայն չհանձված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը ԱԳՆ հայտարարում է անվավեր»,- նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:
Դիվանագիտական անձնագրերը վերադարձնելու կոչով օրեր առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ հանդես էր եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ անուններ չհրապարակելով` նշել էր, թե իրենց կոչին արդեն կան հետեւողներ, որոնց թվում առկա են բավական բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, նախկին նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, որոնք արդեն վերադարձրել են իրենց անձնագրերը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից եկեղեցու սպասավորներին եւս հրահանգ է եղել վերադարձնել դիանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ մեզ հետ զրույցում զարմացել էր, որ արտոնյալ են եղել եւ չեն իմացել: Արդեն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք կունենա միայն Ամենայն հայոց կաթողիկոսը:
Նշենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունի հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ նրանց ընտանիքների անդամները, հանրապետության պաշտոնաթող նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Սահմանադրական դատարանի դատավորները, Կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները, Անվտանգության խորհրդի անդամները, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարները, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահները, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը, մարզպետները, Երեւանի քաղաքապետը, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարությունում եւ դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձինք ծառայողական գործուղումների նպատակով:
Ընդ որում` դիվանագիտական անձնագրեր տալու եւ վերցնելու կարգի համաձայն՝ պաշտոնավարման ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն` ի պահ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵ՞Տ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ապօրինի զենք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ բանտախցում մենակ չէ: Փոխարենը նույն ՔԿՀ-ում միայնակ է պահվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն էլ կալանավորվել է մարտի 1-ի գործի շրջանակներում: Ընդ որում` Քոչարյանին միայնակ են պահում հենց իր խնդրանքով: «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Գրիգորյանին էլ առանձին չեն պահում, ինչո՞ւ պատգամավորը նման ցանկություն չի հնչեցրել: «Ինքն այն մարդը չէ, որ պիտի մենակ պահվի։ Մանվել Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերությունն էլ հենց նրանում է, որ Մանվել Գրիգորյանը ժողովրդի հետ է, պետության համար է, մարդկության համար է։ Եվ ինքը միշտ էլ ասել է, որ ինքը որեւէ խնդիր ո՛չ պետության, ո՛չ արդարադատության, ո՛չ ժողովրդի, ո՛չ մարդկության հետ չունի»,- ասաց նա:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԶԵՆՔԸ
Շուտով Հայաստանում զենք կրելու իրավունք կվերապահվի նաեւ դատավորներին: ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանից պարզել՝ արդյոք նրանց անհրաժե՞շտ է զենք ունենալը: «Ես անձամբ երբեւիցե դատական համակարգում աշխատելուց ո՛չ անհրաժեշտություն, ո՛չ ցանկություն չեմ ունեցել եւ չեմ ունենում: Զենքը դատավորի զենքը չէ, դատավորի զենքը դա իր օրինական կազմված դատական ակտն է»: Մեր այն հարցին, եթե նախագիծը հաստատվի եւ մտնի ուժի մեջ, ապա նա կկրի՞ զենք, դատավոր Սուքոյանը հայտնեց. «Որեւէ խնդիր եւ որեւէ ցանկություն չունեմ, ո՛չ»:
ՔՆՆԻՉՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2018թ. հունիսին Արուսյակ Ալեքսանյանը նշանավել էր ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ, իսկ նշանակումից երկու ամիս անց նա դիմել է վարչական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը օգոստոսի 7-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել 2018թ. հուլիսի 10-ին վարչական տույժ կիրառելու մասին որոշումը: Բանն այն է, որ Ալեքսանյանն օրենքով սահմանված կարգով հայտարարագիր չի ներկայացրել եւ էթիկայի հանձնաժողովը նրան վարչական տույժի է ենթարկել, որի հետ էլ նա համամիտ չլինելով` դիմել է դատարան: