ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԵՏՔ Է ՄԱՐԴԱՇԱՏ ԼԻՆԻ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել:

Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի` նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, եւ շատերը հիմա էլ են շարունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությունը եւ այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ցանկանում է ստուգել հասարակության տրամադրությունները եւ հասկանալ` հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է:
Եվ այդ առումով կուսակցության առջեւ հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսսիջը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ եւ արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված. նրանք ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թիմից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել. բոլորը լծվել են այս գործին:
Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Արցախի բնակչությանը եւս ներգրավել հանրահավաքում, եւ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում: Մասնավորապես, Արցախից մեծ ներկայացվածություն է սպասվում` պաստառներով, գրություններով: Պատահական չէ, որ երեկ «Հանուն Արցախի» երիտասարդական հիմնադրամն արդեն հայտարարություն է տարածել` ասելով, որ մասնակցելու են այդ հանրահավաքին: Ընդ որում` կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաեւ, որ միջոցներ է հայթայթում Երեւան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արդեն սկսել է աշխատել իր ելույթի վրա: Այն բավական ընդգրկուն է լինելու, եւ ըստ գերատեսչությունների ներկայացվելու է կատարված աշխատանքը, եւ դրա համար այժմ նա համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ է պահանջում, որպեսզի իր հաշվետվությունը փաստերով ներկայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կուսակցությունից պարզել` ինչպես են պատրաստվում հանրահավաքին, եւ արդյոք կներկայացվի նաեւ կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվությունը: Մենք զրուցեցինք կուսակցության վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
«Բնականաբար հանրահավաքն իրականացնելու նախաձեռնությունը կուսակցական է, ՔՊ-ն` որպես քաղաքական ուժ, ով ստանձնել է իշխանությունը, որպես դոմինանտ քաղաքական ուժ ինքն է նախաձեռնել: Կուսակցության վարչության որոշմամբ էլ հանրահավաքն այս փուլում նվիրված է նոր կազմավորված կառավարության գործունեության 100 օրերին: Հանրահավաքն իր բնույթով լինելու է մեր հասարակության, մեր հանրությանը հաշվետու հանրահավաք, ուր ներկայացվելու է կատարված աշխատանքը, ծավալները, առաջիկա անելիքները, այն խորքային բարեփոխումների ընթացքը եւ մեր տեսլականը հետագա զարգացումների առումով», – նշեց նա:
Հարցին` բացի կառավարության գործունեության հաշվետվությունից, հնարավո՞ր է ներկայացվի հենց կուսակցության գործունեության հաշվետվություն, վարչության անդամը նշեց. «Հանրահավաքը նվիրված է կառավարության գործունեության 100 օրվան, ոչ թե կուսակցության գործունեության: Բայց դե կառավարությունը ձեւավորվել է կուսակցության կողմից, ուստի եւ հանրահավաքը կուսակցությունն է հրավիրել»:
Իսկ քաղաքական իմաստով հանրահավաքը բնականաբար ուժի ցուցադրություն է լինելու վարչապետի կողմից: Նա ե՛ւ դրսին, ե՛ւ ներսին պետք է ցույց տա, որ ունի հասարակության աջակցությունը: Դիտարկմանը` արդյոք նպատակ է առկա ստուգելու նաեւ հասարակության տրամադրությունները, Ռոմանոս Պետրոսյանը ընդգծեց. «Իմ անձնական տեսակետն եմ հայտնում. ինձ համար որպես ընթացիկ, մեր հանրության կողմից մեզ աջակցության չափաբաժնի ստուգումն է նաեւ: Ես ինքս կզգամ, թե մեր կառավարությունը հասարակության կողմից որքանով է վայելում աջակցություն, ինչը մենք ունեինք մայիսի 8-ին, մայիսի 15-ին կամ սկզբնական շրջանում: 100 օրը շատ կարճ ժամկետ է իհարկե, բայց մյուս կողմից էլ բավական ժամկետ է, որ հանրությունն ինքն էլ որոշակի առումով հասկանա, թե ապագայի առումով այն նախնական քայլերը, որ արվել են, որքանով են վայելում մեր հասարակության աջակցությունը»:
Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության աշխատանքի 100-րդ օրը սափրված չի ներկայանա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵՐԲ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի այդ, իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց Ռոբերտ Քոչարյանը` նաեւ հենց նրան մեղադրելով բանակի ներգրավման մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին մեկնաբանություն ստանալու համար, թե ինչու է առաջին նախագահը դեռեւս լռում, եւ երբ կարող ենք սպասել նրա կողմից որեւէ հայտարարության: «Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ինքն ասելիք ունի: Երբեք ինքը չի լռել: Հենց ինքն ունենում է ասելիք, ինքն անպայման դրա մասին խոսում է: Մենք` Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաեւ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, եւ դա նաեւ արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»,- մեկնաբանեց նա:

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները եւ վերջնաժամկետ է սահմանել մինչեւ օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում, սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը: Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաեւ ՀՀԿ իշխանության տարիներին: Այս ամենի արդյունքում մարզպետի եւ փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ:

 

 

ԱՍՈՒՄ Է՝ ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Ես այդ զենքի եւ տարածքի հետ որեւէ առնչություն չունեմ եւ տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ»,- Hayeli.am-ի հարցին ի պատասխան` նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին: Նա նաեւ հաստատեց հրապարակված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության. «Այո՛, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
Ի դեպ, 2014թ. հոկտեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանն արդեն վարչապետ էր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմելով` ասել էր. «Խոսքս ուղղում եմ Քառյակին: Ձեր ուզածն ի՞նչ է: Իշխանափոխությո՞ւն, հեղափոխությո՞ւն եք ուզում: Չի՛ լինելու դա, ի՞նչ է, նոր մարտի 1 եք ուզո՞ւմ»:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ «Հետք»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաեւ հետախուզում է հայտարարվել։ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրեց, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերեւույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ: Ֆարմանյանին կալանավորելու մասին լուրեր Գյումրիում շրջանառվում էին դեռ նախօրեին. «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր այդ մասին: Սակայն Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Ֆարմանյանը մեկնել է արձակուրդ, գտնվում է ՌԴ-ում:

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ընդունել է 2015 եւ 2016 թվականներին զոհված կամ վիրավորված զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հատուցման գումարների վճարման վերաբերյալ որոշումը: Նախագիծը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Հաշվի առնելով, որ հիմնադրամի շահառուները պետությունից ֆինանսական աջակցություն են ստանում, առաջարկում ենք, որ վճարումներ կատարվեն ամսական վճարումներով, 20 տարի ժամկետով, վճարվի նաեւ տարբերությունը: Ժամկետները սահմանվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը, որ ՊՆ ներկայացվի դեպքերի հետ կապված փաստաթղթերը, գործընթացի ավարտի համար թիրախային ժամկետ սահմանվի հոկտեմբերի 15-ը»,-ասել է Վարուժան Ավետիքյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուները` անկախ նրանից` քաղաքում են բնակվում, թե գյուղական վայրում, պատշաճ կարգով կստանան իրենց հասանելիք աջակցությունը:




Լրահոս