Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը երեք նիստ, որից երկուսը` արտահերթ: Ավագանու անդամ Հերիքնազ Նազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 21-ին հրավիրված է եղել ավագանու նիստ, սակայն անդամներից 9-ը բոյկոտել են չմասնակցելով: Ավագանու անդամները միաբերան հայտարարում են` «Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը չի աշխատում»:
«Մենք հիմնավորում ենք մեր բոյկոտը: Նախ գտնում ենք, որ ինքը քաղաքապետ չի ընտրվել լեգիտիմ պայմաններում, միակն է եղել, ոչ թե նրա համար, որ այլ թեկնածու չի եղել, այլ մյուսներին արգելել են առաջադրել իրենց թեկնածությունները: Ես 25 տարի ընտրական գործընթացների մեջ եմ եղել, բայց քաղաքապետի վերջին ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն է եղել, ընդամենը 22 տոկոս: Այսպիսի մասնակցություն չի եղել երբեւէ, Արտաշատը ակտիվ համայնք է: Վերահսկողություն չկար, դեռ հայտնի էլ չէ, թե այդ 22 տոկոսի քանիսն է իրական եղել»,- նկատեց ավագանու անդամ Հ. Նազարյանը:
Նա մեզ հետ զրույցում բողոքեց նաեւ լճից տարածվող անտանելի հոտից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին դիմել են նաեւ Արտաշատի բնակիչները: Նրանց խոսքերով` մաքրման աշխատանքների ուշացման պատճառը ավագանու բոյկոտվող նիստներն են: Իսկ քաղաքապետը առանց ավագանու անդամների չի կարող որոշում ընդունել:
«Մենք չենք տեսնում նրա կատարած աշխատանքը, Արտաշատում ոչինչ չենք տեսնում փոխված: Արտաշատը աղբի մեջ կորած է, քաղաքի լճի մոտ 5 րոպե կանգնել չի լինում: Բայց նման խնդիր երբեւէ չի եղել: Արտաշատում ամառներ եղել են, լիճը դրանք տեսել է, մաքրվել է, բայց այդպես աղտոտված չի մնացել, ինչպես այս օրերին»,- լրացրեց ավագանու անդամը:
Ավագանու մեկ այլ անդամի` Գաբրիել Պողոսյանի պատմելով` ինքը մյուս անդամների հետ միասին մի քանի օր առաջ շրջայց է կատարել քաղաքի մանկապարտեզներով եւ արձանագրել բազմաթիվ թերություններ, աշխատանքի բացթողում: «Մի բնագավառ չկա, որտեղ ինքը առաջընթաց գրանցած լինի: Ինքը վատ մարդ չէ, վատ ընկեր չէ, անձնական որեւէ խնդիր չունենք իր հետ: Ինքը որպես մարդ-ընկեր տեսակ շատ լավն է, բայց չի կարողանում աշխատել: Ինքը մշտապես խոստանում է, որ կաշխատի, բայց երբ հարցեր, խնդիրներ եմ դնում իր առջեւ, բայց հաջորդ օրը չի կարողանում անել, որովհետեւ ինքը չի որոշումներ կայացնում»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Հերիքնազ Նազարյանը:
Նշենք, որ ներկայիս քաղաքապետը Արարատի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցի երիտասարդական թեւի առաջնորդն է: Արտաշատի բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ. «Ցանկացած արտաշատցու կանգնեցնեք, հարցնեք, կպատասխանեն, թե ով է քաղաքապետի որոշումները իրականում ընդունում»,- ասում են բնակիչները: Արտաշատի ավագանու անդամ Գոռ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ քաղաքապետին եւ նիստերը բոյկոտելու հարցով հանդիպել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մարզպետը որեւէ բան չի խոստացել, քանի որ չի կարող միջամտել այս հարցին: Ավագանու նիստերը բոյկոտող անդամները քաղաքապետի նախընտրած թեկնածու չունեն: Բայց չնայած այս ամենին` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ո՛չ, հրաժարական չեմ տալու, ես ընտրված եմ ժողովրդի կողմից, իմ ժողովրդի կողքին եմ, ծառայելու եմ ժողովրդին»:
Իսկ անդամների` ավագանու նիստերը բոյկոտելու հետ կապված հայտարարեց, որ քաղաքապետարանը շարունակում է իր ամենօրյա աշխատանքը: «Շատ հստակ մենք մեր քայլերն ենք անում, մենք մեր աշխատանքին ենք: Ավագանու նիստի ժամանակը կգա, նորից հերթական նիստ կհրավիրենք, այդ ժամանակ կերեւա: Քաղաքը աղբի մեջ կորած չէ, ամենօրյա աշխատանքներ ենք անում: Ըստ օրենքի կետի` կշարժվենք առաջ, ժամանակը կգա, կհայտարարենք»,- հայտարարեց քաղաքապետը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ քննարկում ոլորտով հետաքրքված ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը եւ մի շարք այլ տեխնիկական հարցերի: Տ. Ռեւազյանը նշել է, որ հարցի շուրջ հետաքրքրվածություն կա ինչպես կոմիտեի, այնպես էլ կառավարության կողմից, քայլեր են ձեռնարկվել ոլորտում արդյունքներ ապահովելու համար:
ԱՐԳԵԼՔ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Լրագրողները կառավարության նիստերի դահլիճ այլեւս չեն կարող մուտք գործել: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նիստից առաջ մանրամասնել է, որ վերադառնում են շենքի անվտանգության նախկին ռեժիմին: «Շենքի անվտանգության ծառայությունն է որոշել, շենքի պահպանության ռեժիմը օրենքով չի որոշվում, որոշում է անվտանգության ծառայությունը: Նախորդ շաբաթ բարձրանում էիք` շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»,-լրագրողներին ասել է վարչապետի մամուլի խոսնակը:
Լրագրողերի դիտարկմանը, թե մի քանի ամիս է, ինչ հնարավորություն են ունեցել մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ, հիմա ինչպե՞ս է խախտվել անվտանգությունը, Արման Եղոյանն ասել է, որ խնդիրները լրացուցիչ պիտի քննարկի անվտանգության ծառայողների հետ: Նա շեշտել է, որ հարցազրույցներ կարող են անել այլ վայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ` 2018թ. հունվար-հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2 հազար 472 դեպք: Հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ: Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցել է 2016-ին հաստատված դեպքերին: Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով:
ՀՀ ԱՆ-ն հորդորում է. «Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը` այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք խնդրին եւ հորդորում` ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ եւ չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ»:
ՈՏՔԵՐԸ ՄԵԽԵԼ Է
Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա է անցկացրել. նա, ի նշան բողոքի, երկու ոտքերը մեխել է նստարանին: Ա. Երանոսյանը պատմել է, որ ինքն աշխատել է Սոթքի հանքավայրում, սակայն 2 տարի առաջ իրեն աշխատանքից ազատել են: Արմեն Երանոսյանը նշել է, որ մոտ 3 միլիոն դրամի վարկեր ունի, չի կարողանում վճարել, ինչի պատճառով տունը բռնագանձել են: Տարբեր կառույցների է դիմել, սակայն ապարդյուն: Քաղաքացին մանրամասնել է, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ աշխատանքից գնացել էր հոր մահվան տարելիցին գերեզմանատանը շիրմաքարի շինարարական աշխատանքներն անելու համար: Վերադառնալուց հետո վերադասը խմիչքի հոտի պատճառով նրան անհիմն ազատել է աշխատանքից: Ավելի ուշ քաղաքացուն մոտեցել եւ առաջին օգնություն են ցուցաբերել «Շտապօգնության» աշխատակիցները, ապա ԱԻՆ աշխատակիցները հատուկ գործիքով հեռացրել են մեխերը քաղաքացու ոտքերից:
ՁԳՁԳՈՒՄՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԷ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում շինարարություն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ:
Անդրադառնալով ներկա իրավիճակին` նախարարը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, եւ առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից: Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձեւակերպման գործընթացները: Ա. Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, եւ հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձեւակերպումներ, այլ իրականացվող շինարարություն:
Նախարարը հանձնարարել է արագացնել ձեւակերպումների գործընթացը: Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Աշոտ Հակոբյանը կմեկնի շինտեղամաս տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին: