«ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ԽԵԼԱՑԻ ԿԱՆԱՆՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը, ով հայտնի է նաեւ մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից: Նա անդրադարձել է իր սիրելի ժապավենին, կին-տղամարդ հարաբերություններին, պատասխանել է, թե կնոջ հետ ծանոթանալիս ինչն է առաջնային իր աչքը ծակում, պատմել է, թե ինչպիսին է սիրո հարցում: Դերասանը նաեւ նշել է, թե մինչեւ հիմա ինչի համար ինքն իրեն չի ներում եւ թե ինչպես է վերաբերվում անտարբեր մարդկանց:

-Գագիկ, Ձեր անունը դրել են ինչ-որ մեկի պատվի՞ն:
-Ո՛չ, ուղղակի ծնողներիս որոշումն է եղել անվանակոչել ինձ այդպես:
-Ձեր կյանքի ներկայիս կարգախոսը:
-«Պայքարել եւ աշխատելով առաջ շարժվել»:
-Մարդ, որին առանձնակի ակնածանքով եք վերաբերվում:
-Սոս Սարգսյանը:
-Երեք բան, որ փողով չեք գնի:
-Գիտելիք, իսկական սեր եւ ընկերություն:
-Երբ հանդիպում եք անտարբեր մարդկանց…
-Նրանք ինձ չեն հետաքրքրում, ուստի սովորական եմ վերաբերվում:
-Շարունակեք միտքը. «Նա, ով իսկապես քոնն է…»
-Միշտ կլինի քո կողքին:
-Մինչեւ հիմա ինքներդ Ձեզ չեք ներում, որ…
-Այդպիսի պատճառ չկա, չնայած իմ ներելն այնքան էլ կարեւոր չէ, որքան Աստծունը: Բնականաբար, ունեմ մեղքեր:
-Ձեզ սովորաբար դավաճանում են նրանք, ովքեր…
-Ես առիթ չեմ տալիս, որ ինձ դավաճանեն, ոչ էլ ես եմ դավաճանում. դա համարում եմ ամենածանր մեղքը:
-Ըստ Ձեզ` Ձեր դեմքին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում…
-Իմ ժպիտը:
-Շարունակեք միտքը. «Եթե ուզում եք, որ Ձեզ գժի նման սիրեն…»:
-Դուք էլ պետք է նույն կերպ սիրեք:
-Եթե ունենայիք բացառիկ շանս, ո՞րը կընտրեիք` կախարդական փայտի՞կ, թե՞ անտեսանելի լինելու հնարավորություն:
-Կցանկանայի լինել անտեսանելի, չերեւալ շատ տեղերում, հանգիստ ապրել, հետաքրքրության համար հայտնվել ինչ-ինչ տեղերում:
-Ձեզ ոչինչ չի կարող ետ պահել Ձեր նպատակից, բացի..
-Մահից: Իհարկե համաձայն չեմ, որ նպատակը արդարացնում է միջոցները, ազնիվ նպատակի մասին է խոսքս:
-Ձեր սիրելի ֆիլմը: Ժապավեն, որ ամենաշատն է տպավորել:
-Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը եւ միստեր Հայդը» (1932). դա հոլիվուդյան պատմության մեջ էպոխային ֆիլմ է, շատ լավ, հանճարեղ գործ է:
-Երբ մեկն ազդում է Ձեր նյարդերի վրա…
-Ժպտում եմ: Իմաստ չունի ինչ-որ բան փորձել փոխել կամ ապացուցել: Պետք է հանգիստ տանել ամեն ինչ:
-Դուք մարդկանցից մեկ բան եք ուզում..
-Որ իրար լսեն ու հասկանան: Ուզում եմ` մարդկանց մոտ հումորի զգացումը չկորչի: Աշխարհի բոլոր պատերազմները, տեռորիստական գործողություններն ու ողջ թշնամանքը հումորի բացակայության պատճառով են լինում:
-Սիրո հարցում Դուք միշտ եղել եք…
-Նվիրված, ռոմանտիկ եւ համառ, բայց որոշ դեպքերում եղել եմ զիջող` հասկանալով, որ անիմաստ է անլուծելի բաների դեմ պայքարել:
-Երբ հանդիպում եք կնոջ, առաջինը Ձեր աչքը ծակում է…
-Բնականաբար, արտաքինը: Ինձ համար գեղեցկությունը ճշմարտության պես բան է: Հետո արդեն ուշադրություն եմ դարձնում նրա ինտելեկտին: Պաշտում եմ խելացի կանանց: Նրանք կարող են արտաքնապես գեղեցիկ չլինել, բայց գիտելիքն ու ինտելեկտը նրանց գրավիչ դարձնի:
-Շարունակեք միտքը. «Եթե մարդուն դադարում ես կարոտել, ուրեմն…»
-Նա քեզ համար սովորական երեւույթ է:
-Երգ, որն, ըստ Ձեզ, անմահ է:
-Ես կառանձնացնեի ոչ թե մի երգ, այլ ամբողջ օպերային արվեստը, որը բեմական արվեստի գլուխգործոցն է:
-Մարդն ապրում է, քանի դեռ…
-Զգում է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՄՏԱՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ

«Նոր կառավարությունը մեծ եւ բարդ խնդիրներ ունի լուծելու: Այն աշխատելաոճն ու չափանիշները, որոնք սահմանվել են, եւ օրենքները, որոնք առաջ են քաշվել տարիների ընթացքում նախորդ կառավարությունների կողմից, պետք է փոփոխվեն, սակայն ոչ միանգամից, ոչ մեկ օրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար Արտյոմ Հակոբյանը:

Նրա խոսքով` կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր արդեն ձեւավորում է նոր աշխատելաոճ, որը բավական թափանցիկ է եւ հետաքրքիր: Մեր զրուցակցի համոզմամբ` շատերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում. «Բնական է, որ երեք ամսվա ընթացքում հանրությունը չէր կարող ամբողջովին գիտակցել այս նոր իրողությունը: Ոմանք դեռ այն կարծիքին են, որ ոչինչ չի փոխվել, եւ կառավարությունը ոչինչ չի անում, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ միայն կառավարությունը կամ միայն վարչապետը ոչինչ փոխել չեն կարող: Յուրաքանչյուրը պետք է իր պարտքը համարի ինքն իր մեջ փոփոխություններ գրանցելը: Այդպես կառավարության համար էլ հեշտ կլինի»,-ասաց ռեժիսորը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը` Արտյոմը խոստովանեց, որ դժվար էր նման զարգացում պատկերացնելը. «Սա իրավական հարթակի հարց է, եւ ես վերլուծություն անել չեմ կարող, բայց ասեմ, որ մարդիկ սպասում էին դրան, ակնկալում էին, որ, ի վերջո, արդարությունը պետք է վերականգնվի: Ուրախալի է, որ այսօր մենք այդ ուղով ենք գնում»,-նկատեց նա:
Դեռեւս 2016-ին Արտյոմը հայտարարել էր, որ մի րոպե անգամ չէր ուզում մնալ Հայաստանում: Այսօր արդեն նա մեկնաբանեց. «Եթե այն ժամանակ ես չմտափոխվեի եւ չպայքարեի Հայաստանի ապագայի համար, այսօր Հայաստանում չէի լինի: Բայց ես չգնացի, մնացի պայքարելու: Ինքս էլ պետք է աշխատանք տանեմ, որպեսզի իսկապես վրա հասնի այն պահը, երբ անկեղծորեն կկարողանամ ասել` Հայաստանն այն երկիրն է, որտեղ բոլորս կարող ենք ապրել եւ արարել, ու նույնիսկ բոլոր հայերը կարող են վերադառնալ Հայաստան»:
Հարցին, թե իր երեխաների ապագան տեսնում է արդյոք Հայաստանում, Արտյոմը պատասխանեց. «Նրանք սովորում են արտերկրում: Երբ Հայաստանում կտրվի բարձրակարգ կրթություն, նրանք անպայման կվերադառնան, կշարունակեն իրենց ուսումն ու կաշխատեն հայրենիքում»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Մադրիդի «Ռեալ»-ը կարող է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին: 26-ամյա դանիացի ֆուտբոլիստը կդառնա մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռանա «Ռեալ»-ից: «Ռեալ»-ը նաեւ հետաքրքրված է «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի եւ «Բավարիա»-ի կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ծառայություններով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը հայտարարել է մադրիդյան թիմից հեռանալու եւ մեկ այլ ակումբ տեղափոխվելու ցանկության մասին: Խորվաթ կիսապաշտպանը կարող է դառնալ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Նախորդ մրցաշրջանում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական պրեմիեր լիգայի 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ԳՆԵԼ Է ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻՆ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն «Մելբուրն Սիթի»-ից գնել է Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան Դենիել Արզանիին: 19-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Մանչեսթեր եւ կկնքի պայմանագիր: Սպասվում է, որ նա նոր մրցաշրջանում վարձակալությամբ կխաղա այլ ակումբում: Անցած մրցաշրջանում Արզանին «Մելբուրն Սիթի»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Նշենք, որ Արզանին 2018թ. աշխարհի առաջնության ամենաերիտասարդ խաղացողն էր:




Լրահոս