Լուսանկարը` համացանցից
Փաստորեն Ազգային անվտանգության ծառայության շներն այնքան կարգուկանոնով են, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին դիմավորում են «հոտնկայս»:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ուսանողն ինչպե՞ս կարող է բուհից բուհ տեղափոխվել: Ի՞նչ կարգով է տեղի ունենում տեղափոխության գործընթացը:
Սաթենիկ Հայրապետյան (29 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսանողի` բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ուսանողի` բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը, իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:
ՀԱՐՑ. Մայրս ՀՀ քաղաքացի է, ունի 31 տարվա մանկավարժական ստաժ, ՌԴ-ի ժամանակավոր կացության կարգավիճակ: Ցանկանում է իմանալ` կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ:
Ռազմիկ Հարությունյան
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ՌԴ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաեւ ՌԴ-ում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին տեղեկանք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: